Այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ամփոփեց տարին եւ ասաց, որ այն եղել է «ընդհանուր առմամբ ակտիվ աշխատանքային, հին խնդիրների ու նոր ձեռքբերումների տարի»՝ կրթության եւ գիտության ոլորտի համար: «Եթե կրեդիտային համակարգի լեզվով խոսենք՝ մենք հավաքել ենք բավարար կրեդիտներ՝ հաջորդ տարի տեղափոխվելու համար»,-ասաց նա:
Քանի որ ԿԳ նախարարը թվարկեց համակարգի բոլոր ձեռքբերումները, Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իսկապե՞ս իրենց աշխատանքի ՕԳԳ-ն 100% տոկոս է գնահատում, մի՞թե չկան բացթողումներ: Արմեն Աշոտյանն ի պատասխան ասաց. «2011 թվականին մեզ ամբողջությամբ չի հաջողվել լուծել կրթության որակի համակարգային բարձրացման խնդիրը: Դեռեւս վերջնականապես լուծված չեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մեր նպատակները: Որոշ հաջողություններ իհարկե արձանագրվում են, բայց դրա տեմպը չի բավարարում եւ մեզ, եւ հասարակությանը: Օրինակ, խնդիրներ ունենք կրթության մատչելիության, ուսումնական հաստատությունների նյութագույքային, կենցաղային պայմանների ապահովման հետ կապված: Ամբողջությամբ լուծված չեն նաեւ օրինականության հետ կապված խնդիրները մեր ուսումնական հաստատություններում…Լինում են դեպքեր, երբ ուսուցիչը ոտնահարում է աշակերտի իրավունքը, աշակերտը՝ տնօրենի, տնօրենն էլ ոտնահարում է բոլորի իրավունքները: Պետք է շարունակենք մեծ պրեսսի, ճնշման տակ պահել ոլորտը»:
Արմեն Աշոտյանը նաեւ շեշտեց, որ գիտական կոչումներն ու աստիճանները, իր ձեւակերպմամբ, ինֆլյացիայի են ենթարկվել. «Ես դեմ եմ, որ պաշտպանվեն թեզեր, որոնք իրենց ներսում գիտական բովանդակություն չունեն եւ ընդամենը աշխատանքային մունդիրի վրա լրացուցիչ աստղ կրելու հնարավորություն են»:
Նախարարն իբրեւ դրական շեշտադրմամբ հետգրություն հավելեց, որ Հայաստանը հայտ է ներկայացրել, որպեսզի 2015թվականին հյուրընկալի Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովը եւ 2012-2015թթ.՝ քարտուղարությունը. «Հաջող քվեարկության դեպքում Երեւանը կարող է դառնալ 2012-2015թթ. բարձրագույն կրթության եվրոպական փաստացի մայրաքաղաք»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ