Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր կորավ մեր ազգային մտածողությունն ու արժանապատվությունը

Դեկտեմբեր 23,2011 15:14

    Երկրի   հեղինակությունը  բնակչության  ու  տարածքի  չափով  չի  որոշվում:  Երկիրը  փոքր է,  թե  մեծ ,  դա  նշանակություն  չունի:  Երկիրը  պետք  է  արդար  ու  ազնիվ  հիմքերի  վրա  կառուցվի,  բնակիչները  պետք  ազգային,  պետական  մտածողություն  ունենան:

Մենք  90-ական  թվականներին  դրսեւորեցինք  ազգային,  պետական  կեցվածք,  .  արթնացավ  հայոց  ազգային  ոգին.    հայի  պատիվը,  արժանապատվությունը   բարձր  պահելու  համար  ազգովի  ոտքի  կանգնեցինք:  Ոտքի  կանգնեց  ոչ  միայն  Հայաստանի,  Արցախի, Ջավախքի,  այլեւ  ողջ  աշխարհի  հայությունը:  Հայը  միասնական  կամք  դրսեւորեց,  որի  արդյունքը  բոլորիս  է  հայտնի:  Մենք  կարողացանք   մեր  կորցրած  հսկայական  հայրենիքի  մի  փոքրիկ  մասն  ազատագրել:  Հայի  հեղինակությունը  վերականգնվեց  ողջ  աշխարհում:  Այո.  ճիշտ  են  ասել.  «Ուժեղին  հարգում են,  օգնում, մեծարում,  իսկ  թույլին`  խղճում,  թողնում,  հեռանում»:

Այն  ժամանակ  բոլորս  մտածում  էինք  ու  երազում,  որ  կարճ  ժամանակում   Հայաստանը  կունենա  մոտ  հինգ  միլիոն  բնակիչ,  իսկ  Արցախը`  մեկ  միլիոն:  Դարեր  ու  դարեր  հայրենիքին  կարոտած  հայերը  կվերադառնան  իրենց  ազատագրված  հայրենիքը:

Եվ  ի՞նչ  ստացվեց…

Կորավ  ազգային  մտածողությունը:

Նրանք,  որոնք  նորմալ  կոշիկ  չունեին,  դարձան  միլիոնատեր,  մինչեւ  անգամ  միլիարդատեր`  թալանելով,  գռփելով  իրենց  իսկ  ժողովրդին, ազգին:  Առանց  ամաչելու  պալատներ կառուցեցին   հենց  իրենց  ժողովրդի  աչքի  առաջ:  Ով  եկել  էր  կռվելու  եւ  մի  քանի  անգամ  կրակել  թշնամու  վրա,  վերադարձավ  հայրենիք  ու  դարձավ  միլիոնատեր` ստանալով  բարձր  կոչումներ  ու  պաշտոններ:

Այսօր  դուք  կարո՞ղ  եք  մատնանշել,  ցույց  տալ  մի  պաշտոնյա,  որը չի  հարստացել  իր  իսկ  ազգի  հաշվին:  Այսօր  հայ  ազգն  ու  Հայաստանը  ամբողջովին  հեղինակազրկվել  են  ողջ   աշխարհում:  Հայի  մոտ  ազգային  մտածողությունն  այն  աստիճանի է  իջել,  որ  հարազատներն անգամ  մեղադրում  են  նրանց:

Պետական  այրերը,  ղեկավարները  պետք է  ոչ  թե  իրենց  մասին  մտածեն, թե  ինչպես  հարստություն  դիզեն, այլ`  ազգի,  ժողովրդի,  պետության  մասին:  Սա է անմահության  գաղտնիքը,  հավերժության  խորհուրդը:

Ո՞ւր  է  մեր  ազգային,  պետական  մտածողությունը:  Հայը  մոռացավ  իր  նպատակը,  երդումը,  թե  ինչի  համար  էր  ելել  պայքարի:  Ամեն  մի  անձ,  ով  պաշտոն  է  զբաղեցնում ,  այլեւս  չի  տեսնում  իր  ազգի  թշվառ  վիճակը :  Մի  չնչին  պաշտոնի  կամ  փողի  համար  մարդը,  հայը  վաճառում  է  իրեն:  Շարժման  ժամանակ  մեծ  հեղինակություն  վաստակած  շատ  մտավորականներ,  որ  վայելում  էին  ժողովրդի սերն  ու  հարգանքը, ունեին  հսկայական  հեղինակություն,  այսօր  հեղինակազրկվեցին,  դարձան  հարստահարիչներ`  վաճառվեցին:  Նրանցից  մեկին  հարցնում  են,  թե  ինչքա՞ն  է պետք,  որ  անցնի  իր  կողմը,   վաճառի  իր  «շկուռը» եւ նա  պատասխանում  է.  «երեք  միլիոն»:  Եթե   գրքերում  կարդայինք,  չէինք  հավատա:

Հայը  դարձավ  այսպիսին:  Ո՞վ  կմտածեր:  Շատ  շատերն  են  այսօր  հանուն  պաշտոնի   վաճառվում:

1999 -ից  հետո  Հայաստանը  աստիճանաբար  թուլացավ:  Նոր  իշխանությունների  օրով  զինվորականության  մեջքը  ջարդվեց:  Ստեղծվեց  օլիգարխիական  համակարգ:

Հայաստանն  այսօր  ոչ  թե  5 միլիոն  դարձավ,  այլ  դատարկվեց, մնացել է  մոտ  երկու  միլիոն,  որոնք  էլ  մտածում  են`  ինչպե՞ս  հեռանան  այս  երկրից,  որտեղ  տիրում  է  կատարյալ  թալանն  ու  անարդարությունը,  վախն  ու  սարսափը:  Արցախի  սահմանամերձ  գյուղերը լրիվ  դատարկվել  են:  Բնակչությունը  կամավոր  հեռանում  է:  Եթե  1995 թ. հայի  հեղինակությունը  80  տոկոս  էր  աշխարհում,  ապա  հիմա  արդեն  իջել  է  20-30  տոկոս:  Այսօր  հեղինակազրկվեցինք ողջ  աշխարհով  մեկ եւ  այն  էլ  մեր  իսկ  մեղքով: Հիմա  այլեւս  մեզ  ոչ  ոք  չի  օգնում:  Բոլորը  սարսափի  ու  վախի  մեջ  են:  Քաղաքական  հայացքների  պատճառով  մարդկանց  հալածում  են,  գործից  հանում:

Այն ժամանակ  շատերն  էին  օգնում  հայերին  ու  Հայաստանին,  իսկ  հիմա` գրեթե  բոլորը  հրաժարվում  են,  որովհետեւ  այդ  օգնությունները  ոչ  թե  ժողովրդին  է  հասնում,  այլ  գնում  է  օլիգարխների  գրպանը:

Ազգային  մտածողությունը  հավասարվել  է  զրոյի:  Նայե’ք  հրեաներին, թեկուզ  վրացիներին. ի՞նչ  տեսակ  են  մտածում  իրենց  ազգի ու  պետության  մասին:  Իսկ  Մե՞նք…

Միայն  վերջին  երկու-երեք  տարում  հայկական  բանակում  մոտ  երկու  տասնյակ  երիտասարդներ  զոհվեցին   խաղաղ  պայմաններում  եւ  այն էլ հայերի  ձեռքով:  Այդ  իր  նախադեպը  չունեցող  հրեշավոր  երեւույթի  նկատմամբ  անգամ  մեր  ժողովուրդը  անտարբեր  մնաց:  Ողբերգական  է  նաեւ  այն,  որ  իշխանությունները  դրանք  որակում  են  անզգուշություններ  կամ  ինքնասպանություններ:  Ինչո՞ւ  պիտի  հայ  զինվորը  ինքնասպանություն  գործի  եւ կամ  ինչո՞ւ  են  նրան  հասցնում  այդ  վիճակին:  Աթենքում  ոստիկանները  մի  երեխա  էին  սպանել  եւ  այն  էլ  հայ:  Ամբողջ  Աթենքը  բուռն  բողոք  բարձրացրեց:  Երբ  Ֆրանսիայում  ոստիկանները  անարդար  վարվեցին  մի  քանի  արաբ  ուսանողի  նկատմամբ,  ամբողջ  արաբ  երիտասարդությունը  ոտքի  կանգնեց:   Իսկ  մե՞նք…

Ինչո՞ւ  հայը  դարձավ  անտարբեր  իր  երկրի,  հայրենիքի,  ազգի,  մինչեւ  իսկ  հարազատների  նկատմամբ:  Այսօր  հայ  ընտանիքներում  սպանություններ  են  տեղի  ունենում,  որտեղ  հարազատը  սպանում  իր  հարազատին:  Սա  եւս  իր  նախադեպը  չունեցող  երեւույթ  է:

Այսօր  Հայաստանում,  Արցախում,  Ջավախքում  գենոցիդ  է,  որը  ոչ  թե  օտարներն  են  կազմակերպում,  այլ մենք`  ինքներս`  հայերը: Սա  սպիտակ  գենոցիդ է:

Ի՞նչ  է  կատարվում  այսօր  Հայաստանում:

Այս  ցեղասպանությունը  մեր  իսկ  մեղքով  է,  ուրիշին  մեղադրելու  իրավունք  չունենք:  Հայը  իր  ազատագրած  հայրենիքում  այլեւս  չի  կարող  ապրել,  չի  կարող  հանդուրժել  այն  անարդարությունը,  որ  տեսնում  է  իր  շրջապատում  եւ  թողնում  հեռանում  է:  Հեռանալը,  փախչելը  պայքարի  ձեւ  չէ:  Պետք  է  մնալ,  պայքարել,  հաղթել  ու  Հայաստանը  դարձնել  այն  Երկիրը,  որը  դարեր  շարունակ  երազել  էր  հայը…

Այսօր  Ռուսաստան  իրենց  կամքով  են  արտագաղթում  հայերը,  եւ  այն  էլ  այն  վայրերը, որտեղ  նախկինում հանցագործներին էին աքսորում:  Հայերի  այդ  արտագաղթին  ուշադրություն  չեն  դարձնում մեր  պետական  այրերը:  Չէ՞  որ  նրանցից  շատերը  ընտանիքներով  են  գնում,  գնում  են  մշտական  բնակության,  որոնց  Ռուսաստանը  տալիս է  եւ’ տներ,  եւ’ տարածքներ,  եւ’  աշխատանք:  Ինչո՞ւ  պետք  է ռուսական  ղեկավարները այդպես  մտածեն  իրենց  երկրի  մասին,  իսկ  մերոնք`  միայն  իրենց  մասին:

Ապրուստի  միջոց  որոնող  հայը  այսօր  չի  կարող  աշխատանք  գտնել  իր  իսկ  երկրում, թոշակառուն  չի  կարող  ստացած  չնչին  թոշակով  ապրել  եւ  թողնում  հեռանում  են, որովհետեւ  նրանց  հեռացնում  են  աշխատանքից`  հաշվի  չառնելով  ու  չօգտագործելով   նրանց  հսկայական  գիտելիքներն  ու  կենսափորձը:

Շարունակական  արտագաղթն  այսօր  ահագնացող է:  Եթե  2008թ.  Հայաստանից  արտագաղթել է մոտ  23  հազար  հայ,   2009թ.  25  հազար,  2010թ.`  40  հազար.  իսկ  այս  տարի`  սեպտեմբերի  վերջին,  արդեն  100 հազարից  շատ:

Այսօր  Հայաստանի  հայը  ավելի  շատ  վախենում  ոչ  թե  թուրքերից,  ադրբեջանցիներից,  կամ  վրացիներից,  այլ  հենց  մերոնցից,  մեր  ղեկավարներից:  Աչքը  տեսածից  է  վախենում:  Ինչպիսի՞  հայեր  սպանվեցին  մեր  իսկ`  հայերի  ձեռքով,  մեր  աչքի  առաջ,  օրը  ցերեկով:   Եվ  այդ  երեւույթը  շարունակվում է:  Զարմանալին  այն է,  որ  դեռ  ոչ  ոք  չի  պատժվել’  չնայած  ողջ  ազգը  գիտի,  թե  ովքեր  են՝  Վազգեն  Սարգսյանի,  Կարեն  Դեմիրճյանի  ու  մարտի  1-ի  մեղավորները:

Խղճի,  հայրենասիրության, ազգասիրության  զգացումը բացարձակապես  բացակայում  է մեր  երկրում:

Հայաստանի  քաղաքացին ազատ  քայլել  չի  կարող  իր  իսկ  քաղաքում:  Հանկարծ  փողոցում  երեւում  են  բազում ընտիր  մեքենաներով  զբոսնող  բարձրաստիճան  պաշտոնյաներ:  Ինչո՞ւ  է  հայ  պաշտոնյան  վախենում  իր  իսկ երկրում,  իր  իսկ  ժողովրդից,  որ  բազմաթիվ  թիկնապահներով  շրջապատված  են շարժվում:  Ինչո՞ւ…

Ումի՞ց  են  վախենում… Չէ  որ  այստեղ  ապրողները  հայերն են,  այն  հայերը,  որոնք  պայքարում  էին  հայրենիքի  ազատության  համար:

Ահ  ու  սարսափ  է  տիրում  Հայաստանում,  որը  հիշեցնում  է 1937 թիվը:

Մտավորականի  մեջքը  ջարդեցին:  Հայաստանը  մտավորականի  երկիր  էր,  կարդացող,  ստեղծագործող  մտավորականի  երկիր:  Իսկ  այսօ՞ր.  մտավորականը հալածվում է,  արհամարհվում,  անտերության  մատնվում:  Այսօր  տարեց  մտավորականին,  գիտելիքների  մեծ  պաշար  ունեցող  մանկավարժներին,  մասնագետներին  ազատում  են  գործից,  որ  գնա  տանը  նստի  ու  սպասի  մահվան:  Եվ  սա  21-րդ  դարում:

Մ.  Խորենացու  «Ողբը»  այսօրվա  համար  է  գրված, այն  այսօր եւս  արդիական  է:

Ուսուցիչները`  տխմար  ու  ինքնահավան,  փողով  ընտրված  եւ  ոչ  սուրբ  հոգով,  ոսկեսեր,  նախանձոտ:

Կրոնավորները`  կեղծավոր,  ցուցամոլ,  սնափառ,  պատվասեր,  քան  աստվածասեր:

Աշակերտները`  սովորելու  մեջ  ծույլ,  սովորեցնելու  մեջ  փութաջան.

Ժողովականները` ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող,  արբեցող:

Զինվորականները`  անարի,  պարծենկոտ,  զենք  ատող,  ծույլ,  ցանկասեր,  թուլամորթ,  կողոպտիչ,  գինեմոլ,  հելուզակ.

Իշխանները`  ապստամբ,  գողերին  գողակից,  կաշառակեր,  կծծի,  ժլատ,  ագահ,   հափշտակող,  աշխարհ  ավերող:

Դատավորները`  տմարդի,  սուտ,  խաբող,  կաշառակեր,  իրավունքը  չպահպանող.

Եվ  առհասարակ  սերն  ու  ամոթը՝  ամենքից  վերացած:

Անցել  է  հազար  վեց  հարյուր  տարի,  բայց  Մեծն  Խորենացու  խոսքերը  արդիական  են  եւ  դա  շատ  զարմանալի  է:  Եվ  դա է պատճառը, որ Հայը  փախչում  է  իր  ազատ ու  անկախ  երկրից:  Նա  զրկվեց  ու  կտրվեց  ազգային  մտածողությունից  ու  ազգային  արժեքներից:   Այսօր  մտավորականության  անկում  է  տեղի  ունենում,    արդյունքը  եղավ  կրթության  անկումը,  որը  ոչ  ոք  չի  կարող  ժխտել,  որովհետեւ  դա  բոլորն  են  տեսնում  ու  հասկանում: Լավագույն  կրթական  հաստատություններ  են  փակվում: Լավագույն  մանկավարժները  վախենում  են  իրենց  կարծիքները  հայտնել,  որովհետեւ  գործից  անմիջապես  հեռացնում  են:

Այսօր  ոչ  միայն  աշակերտը  չի  կարդում,  այլեւ`  ուսուցիչը մինչեւ  անգամ  «Կրթություն»  թերթը:  Եթե մինչեւ 1990թ.  «Կրթություն»  թերթը  լույս  էր  տեսնում  տասնվեց  հազար  տպաքանակով  եւ  բոլոր  ուսուցիչները  կարդում  էին  մեծ  սիրով  ու  հետաքրքրությամբ,  ապա  այսօր այն  լույս  է  տեսնում   չորս  հազար  տպաքանակով  եւ  գրեթե  ոչ  մեկը  չի  կարդում:  Այնտեղ  ուսուցչի  համար  կարդալու  ոչ  մի  թեմա,  նյութ  չկա… Ի՞նչ  կարդա  ուսուցիչը  այդ  թերթում:  Գրեթե  բոլոր  համարներում  պետության  ղեկավարների  ու  կաթողիկոսի  նկարներն  են: Կրթության  մասին  այլեւս  ոչինչ  չկա:

Դպրոցում  վերանում  է  ազգային  դաստիարակությունը; Հինգերորդ  դասարանից  դուրս  եկավ  գրականություն  առարկան:  Ծրագրից  հանեցին  «Հայկի  եւ  Բելի  պատերազմը»,  «Վահագնը»  եւ  նրանց  տեղը գրավեցին  «Մուրացկանն  ու  հագուստը»,  «Այգեպան  Մոսին»:  Էլ  ինչպե՞ս  կարող  է  հայրենասիրություն  դաստիարակվել  երեխայի  մեջ:

Ընկել  է  նաեւ  մայրենի  լեզվի  նկատմամբ  վերաբերմունքը;  Մաքուր  գրական  հայերենը  վերանում  է:  Փողոցում,  դպրոցներում,  մինչեւ  անգամ  հեռուստացույցով  աղավաղում  են  մեր  սրբությունը` հայոց լեզուն:  Բացարձակապես  վերացավ  հսկողությունը  նաեւ  այս  բնագավառում:  Մնացածը  դուք  շարունակեք…

Ո՞ւր  ենք  գնում  մենք  այսպես…եւ  մինչեւ  ե՞րբ:  Ո՞վ  պետք  է  մտածի  մեր  մասին:

Հարգում  եւ  օգնում  են  այն  ազգին,  որը  միասնական  է  եւ  ուժեղ: Ուժ,  միասնականություն եւ  ազգային  գաղափարախոսություն չի  կարող  լինել  այն  ազգի  մեջ,  որը  50 -ից  ավելի  կուսակցություն  ունի  եւ  նրանցից  ամեն  մեկը  նախ  իր կուսակցակության  շահն  է  պաշտպանում,  նոր`  ազգինը:

Ամեն  մի  հայ  պետք  է  մտածի,  որ  ինքն  էլ է  պատասխանատու  այս  վիճակի  համար  եւ  ինքն  էլ  մեղքի  իր  մասն  ունի:  Եթե  հայ  ես`  անկախ  տարիքից,  մասնագիտությունից  եւ  ապրելու  վայրից,  պետք  է օգնես  քո  ազգին,  հայրենիքին, պետությանը:

 

Համլետ  Նահատակյան
ՀՀ  վաստակավոր  ուսուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031