Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի եւ Իրանի նախագահի համատեղ հայտարարությունից

Դեկտեմբեր 23,2011 15:04


Հայաստանի Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով 2011թ. դեկտեմբերի 23-ին մեկօրյա այցով Հայաստանում էր գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն Մահմուդ Ահմադինեժադը` բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ:

Այցի ընթացքում ստորագրվեցին.

–            «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին» Փոխըմբռնման հուշագիր:

– «2007 թվականի մարտի 19-ին Մեղրի քաղաքում Հայաստանի Հանրապետության  կառավարության  և  Իրանի   Իսլամական Հանրապետության կառավարության միջև ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու վերաբերյալ» Արձանագրություն,

– «ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագիր,

– «ՀՀ բնապահպանության նախարարության և ԻԻՀ բնապահպանության կազմակերպության միջև բնապահպանական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման 2012-2013թթ.» Գործողությունների ծրագիր,

– «ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի և ԻԻՀ ստանդարտների և արտադրական հետազոտությունների ինստիտուտի միջև» Փոխըմբռնման հուշագիր,

– «Կառուցում-Տնօրինում-Շահագործում-Փոխանցում (ԿՏՇՓ) հիմունքներով Մեղրի հիդրոէլեկտրակայանի կառուցման համար թույլտվության պայմանագրի» վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր

Երկու պետությունների նախագահները գոհունակություն հայտնեցին էներգետիկայի բնագավառում ընդլայնվող համագործակցության կապակցությամբ: Ողջունելով էլեկտրահաղորդման 3-րդ գծի ծրագրի իրագործման սկիզբը՝ նրանք ընդգծեցին այն հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը:

Նախագահները կարևորեցին Արաքս գետի վրա ՀԷԿ-երի, ինչպես նաև երկու պետությունների երկաթուղային ցանցերը միացնող երկաթգծի  և Իրան-Հայաստան նավթատարի կառուցման ռազմավարական ծրագրերի իրագործումը: Համապատասխան նախարարություններին հանձնարարություն տրվեց առաջիկա 6 ամիսների ընթացքում գործադրել բոլոր ջանքերը նշված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու համար:

Նախագահներն ընդգծեցին Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում գործարար շրջանակների տնտեսական և ներդումային գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությունը:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներն անհրաժեշտ համարեցին տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն ու ամրապնդումը` կարևորելով տարածաշրջանային բազմակողմ համագործակցության խորացումն ու առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը` երկու պետությունների նախագահներն ընդգծեցին խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա հիմնվելով այն հանգուցալուծելու անհրաժեշտությունը:

Երկու պետությունների նախագահները, շեշտելով տարածաշրջանային և միջազգային կարևոր խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, կարևորեցին համաշխարհային խաղաղության և անվտանգության ամրապնդումը:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներն անդրադառնալով մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան վերջին իրադարձություններին` ընդգծեցին տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության, ինչպես նաև ազգային համերաշխության ներքո ժողովուրդների օրինական իրավունքների հաստատման անհրաժեշտությունը:

Նախագահները կարևորեցին զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը` իրենց հավատարմությունն արտահայտելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Նրանք նշեցին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի և Իրանի իրավունքը: Երկու պետությունների նախագահներն ընդգծեցին բանակցությունների միջոցով և դիվանագիտական ուղիներով Իրանի միջուկային խնդրի կարգավորման կարևորությունը:

Նախագահները, անդրադառնալով միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության խնդիրներին, պատրաստակամություն հայտնեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում համագործակցել նման սպառնալիքների դեմ պայքարում:

Սույն հայտարարությունը հրապարակվեց 2011թ. դեկտեմբերի 23-ին, Երևան քաղաքում, պարսկերեն և հայերեն լեզուներով:

Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031