Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնում դեկտեմբերին կան ծաղկած ծառեր ու ծաղիկներ (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 23,2011 14:27

Լոնդոնցիներն իրավամբ հպարտանում են ոչ միայն իրենց քաղաքին հատուկ ճարտարապետությամբ, պատմամշակութային ժառանգությամբ, այլ բազմաթիվ այգիներով ու զբոսայգիներով, ու դրանց հրաշալի վիճակով:

Այգու ու զբոսայգու կարոտ մնացած երեւանցիներիս Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, թերեւս, ամենաշատը գրավում են հենց Լոնդոնի զբոսայգիները:

Դրանք բազմաթիվ են եւ գրեթե ամենուր, դրանք խնամված են, մեծ ու կանաչ են` անգամ ձմռանը: Իսկ տարբեր թռչունների եւ անթիվ-անհամար սկյուռիկների ներկայությունը էլ ավելի հմայիչ է դարձնում այգիները: Մարդիկ ժամեր են անցկացնում Սենթ-Ջեյմս պարկում, Հայդ պարկում, Ռեջենթ պարկում, Գրին պարկում` վայելելով բնությունը, կերակրելով սկյուռիկներին, բադերին, կարապներին, սագերին ու սեւ կեռնեխներին:

Սեւ կեռնեխներով զարդարված ծառն ինձ հիշեցրեց Ագաթա Քրիստիի վիպակներից մեկի հիման վրա նկարահանված սովետական ֆիլմը` «Սեւ կեռնեխների գաղտնիքը»:

Իսկ Թեմզայի վրա պտտվում եւ կռնչում են ճայերը: Դրանք եւ աղավնիներն այնքան շատ են Թեմզայի շրջակայքում, որ իրենց ուրույն տեղն են գրավել նաեւ Լոնդոնի մասին պատմող տարբեր ֆիլմերում: Դրանցից վերջինը` չորս րոպեանոց հիանալի կարճ ֆիլմը ցուցադրվում էր «Լոնդոնի աչք»` London Eye նստողների համար` 4D տարբերակով: Եվ որքան էլ այդ ֆիլմում տպավորիչ էր հենց քաղաքն ինքը, բոլորի ուշադրությունն անընդհատ գրավում ու շեղում էր ֆիլմում պարբերաբար հայտնվող ու կռնչացող ճայը:

Որքան էլ զարմանալի է` դեկտեմբերի վերջին Լոնդոնի Սենթ-Ջեյմս պարկում ոչ միայն բազմաթիվ ծաղկած ծաղիկներ կային, այլեւ` ծաղկած ծառեր: Այդպես էլ չկարողացա պարզել, թե վարդագույն նուրբ ծաղիկներով այս ծառը ինչ ծառ է, սակայն` մի՞թե դա կարեւոր է:

PrevPhoto
NextPhoto

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լոնդոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031