ՀՀ քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնական բաժնի ավագ քննիչ Հ.Սարգսյանը 55-ամյա Արամ Դավթյանի նկատմամբ որոշում է կայացրել, որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Ա.Դավթյանը մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, «Մաժեստիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն; Ըստ մեղադրանքի, Դավթյանն «իր կարգադրիչ լիազորություններն օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ եւ իրեն վստահված գույքից 2007թ. ընթացքում 19 544 800 ՀՀ դրամի հափշտակություն է արել»:
Ըստ մեղադրանքի կողմի, բազալտի խճի եւ ավազի դիմաց «ՎՏԲ-Հայաստան բանկում» նա «Մաժեստիկի» հաշվին փոխանցված գումարներից կանխիկացրել է առանձնապես խոշոր չափի հասնող գումար:
Արամ Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, չնայած այն բանին, որ նա ինսուլտ է տարել եւ 2-րդ կարգի հաշմանդամ է:
Կարդացեք նաև
Ի դեպ, երբ Դավթյանի հարազատները բժշկական տեղեկանքները պատվիրված ծրարով ուղարկել են նախաքննություն իրականացնող մարմնին՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնին, այն վերադարձվել է հետեւյալ խայտառակ մակագրությամբ. «Հասցեատերը բացակայում է, տեղում չէ»: Հասցեատերը ոստիկանությունն է եւ նրա խափանման միջոցն էլ հաստատ չի փոխվել:
Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ Արամ Դավթյանի քույրը տեղեկացրեց, որ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ա.Դավթյանի գործով ԵԴ 3-րդ բաժանմունքից ստացվել է պատասխան, որ քարտուղարությունը ստացել է Դավթյանի դիմումը:
ԵԴ-ն միաժամանակ հորդորել է հայ դիմումատուին. «Զերծ մնալ հեռախոսով հարցումներ անելուց»:
Ա.Դավթյանը իրեն մեղսագրվածը չի ընդունում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ