Մնջախաղաց Համլետ Չոբանյանի՞նն է այն, թե ողջ Մնջախաղի թատրոնինը
Մոսկվայում առաջին անգամ անցկացվող, 2010թ. սեպտեմբերից մեկնարկած «Սպիտակ դիմակ» մնջախաղի միջազգային փառատոնում Երեւանի մնջախաղի պետական թատրոնի եւ «Միմ ստուդիոյի» հաջողությունների մասին «Առավոտը» տեղեկացավ փառատոնի www.whitemask.ru կայքից: Սա ինտերնետային փառատոն է, որին ներկայացված են եղել ներկայացումներ 40 երկրից: Արդյունքները, ըստ ինտերնետային քվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի, ամփոփվել են 2011թ. հոկտեմբերին: Ժյուրին նախագահել է մնջախաղի ճանաչված տեսաբան Ելենա Մարկովան, անդամակցությամբ հայտնի անունների, այդ թվում՝ խորեոգրաֆ, Մոսկվայի էքսպրեսիվ պլաստիկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գենադի Աբրամովի: Փառատոնի տնօրենն էր մնջախաղի ժանրի գիտակ Վալերի Շեւչենկոն: Հայաստանը ներկայացրել է Մնջախաղի թատրոնի խաղացանկային «Մագաղաթ» ներկայացումը՝ Համլետ Չոբանյանի ռեժիսուրայով: «Մագաղաթը» ստացել է հավաստագրեր՝ «Լավագույն ներկայացում», «Լավագույն նկարչական ձեւավորում» (Լիլիթ Ստեփանյան), իսկ «Միմ ստուդիոն»՝ «Լավագույն մենակատար» (Արա Հարությունյան) անվանակարգերում: Նաեւ շնորհվել է 3 պատվո մեդալ տեսաբան Ելենա Մարկովային, Կրիվոյ Ռոգի «Շարժման ակադեմիա» թատերախմբին եւ Երեւանի մնջախաղի պետական թատրոնին: Վերջինիս այս պարգեւը շնորհվել է երկար տարիների նվիրվածության եւ մնջախաղի արվեստի պահպանման ու զարգացման համար (Երեւանի մնջախաղի թատրոնը հիմնադրվել է 1974թ.):
Ինչպես երեւում է տեսանյութում՝ vimeo.com/32496850, փառատոնի փակման արարողության ժամանակ՝ նոյեմբերի 19-ին, մեր թատրոնի կողմից պարգեւները ստանում է Հ. Չոբանյանը:
Կայքում ծանոթանալով մեկնաբանություններին, նկատեցինք, որ այս տարվա մարտից Մնջախաղի թատրոնի «Մագաղաթը» «Սպիտակ դիմակում» ներկայացված է եղել իբրեւ Հ. Չոբանյանի ղեկավարած Երեւանի մնջախաղի ստուդիայի ներկայացում: Միայն որոշ ժամանակ անց՝ շուրջ 5 ամիս հետո, Չոբանյանը պարզաբանում է, որ իր բեմադրածը Մնջախաղի թատրոնի խաղացանկային ներկայացում է եւ թատրոնի գեղարվեստական ղեկավարն էլ Ժիրայր Դադասյանն է:
«Առավոտը» կապվեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանի հետ, հետաքրքրվելով, թե նման հաջողությունից հետո ինչո՞ւ չի հրավիրում մամուլի ասուլիս: Պարոն Դադասյանի պատասխանը հակիրճ էր. «Ասուլիս կհրավիրենք փոքր-ինչ ուշ: Տեխնիկական խնդիրներ կան»: Իսկ Մնջախաղի թատրոնին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ թատրոնի վաստակած մեդալը Չոբանյանը «յուրացրել» է, արդարանալով, թե այն շնորհվել է ի՛ր բեմադրած «Մագաղաթին»: Այս առիթով Հ. Չոբանյանը մեզ փոխանցեց հետեւյալը. «Ներկայացման ռեժիսուրան եւ սցենարը ամբողջությամբ իմ հեղինակայինն են, ամրագրված հեղինակային իրավունքների պաշտպանության գործակալությունում: Մինչ «Սպիտակ դիմակին» ներկայացնելը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը լուրջ չէր ընդունում մոսկովյան այդ միջոցառումը: Թատրոնը ոչնչով չաջակցեց: Մի խոսքով՝ մասնակցությունը իմ նախաձեռնությունն էր»: Հարցին, թե ինչո՞ւ ստացած մեդալն ու սերտիֆիկատը չի փոխանցում թատրոնին, քանի որ տեսանյութում պարզ հնչում են Շեւչենկոյի խոսքերը՝ «սա ողջ թատրոնինն է…», մեր զրուցակիցը հաստատելով ասվածը, նշեց. «Ճիշտ է, «Մագաղաթը» խաղացանկային ներկայացում է եւ գտնում եմ, որ մեդալը նույնպես իմն ու ներկայացման մեջ ընդգրկված ողջ անձնակազմինն է: Փառատոնի փակման արարողությանը բեմ էին բարձրանում այլ թատրոնների առավել ուշագրավ ներկայացումներից հատվածներ, իսկ Հայաստանը ներկայացնող մեր թատրոնի բեմադրությունը նման պատվի չարժանացավ, որովհետեւ գումար չկար, որ մի քանի դերասան ավել մեկնեին»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ