Ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում
2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» կոչվող զորամասի մարտական հենակետերից մեկում «ինքնասպան» եղավ ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանը: «Ինքնասպանության դրդում» հատկանիշներով գործն ուղարկվեց դատարան: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, գործի դատաքննությունն յուրաքանչյուր երեքշաբթի եւ չորեքշաբթի շարունակվում է:
Մեղադրվում են կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, շարքայիններ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանն ու Հարութիկ Կիրակոսյանը:
Առաջադրված մեղադրանքում՝ օժանդակելու համար, Վահագն Հայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ. հուլիսի 19-ին, ժ. 23.30-ի սահմաններում, կապիտան Հակոբ Մանուկյանի կանչով եկել է «Ղոզլու» կոչվող տարածք. «հենակետի անձնակազմի ներկայությամբ, բռնություն է գործադրել ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի նկատմամբ, բռունցքներով անկանոն հարվածներ է հասցրել Արտակի դեմքին, մարմնի տարբեր մասերին»:
Կարդացեք նաև
Վահագն Հայրապետյանի հայրը՝ Վոլոդյա Հայրապետյանը (լուսանկարում), եւ նրա պաշտպան, փաստաբան Լեւոն Պողոսյանը չեն ընդունում առաջադրված մեղադրանքը, հայտնելով, որ Վահագնը «Ղոզլու» գնացել է կանչով եւ այնտեղ է գտնվել նշված օրվա մինչ ժ. 24.00-ը, իսկ 26.07. 2010թ.-ին տեղի ունեցած հանգամանքներին Վահագնն անտեղյակ է:
Ինչ վերաբերում է հարվածներին, ապա պաշտպանական կողմն ասում է. «Եթե մի պահ ընդունենք, որ Վահագնը բռունցքով հարվածել է Արտակին, ապա դա այլ դրվագ է եւ կարգավորվում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»:
Ի դեպ, նշենք, որ պաշտպան Լ. Պողոսյանը դեռ նախաքննության ժամանակ՝ 2011թ. հունիսի 17-ին դիմել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժնի քննիչ Լեւոն Պետրոսյանին (Տուժողի իրավահաջորդները միջնորդել են, որ այս քննիչը գա դատարան- Ռ. Մ.), որպեսզի փոխվի Վահագն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակումը եւ նրա կալանքը: Կալանքի փոփոխման հետ կապված՝ պաշտպանը միջնորդել էր, որպեսզի գրավ կիրառվի:
Վահագն Հայրապետյանի հայրը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ դիմել են նաեւ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ հայտնելով իրենց միջնորդությունների մերժման մասին:
Վոլոդյա Հայրապետյանն ասում է. «Միջնորդեցինք, որպեսզի առերես հարցաքննվեն տղայիս դեմ վկայած անձինք, գործի արդարացի քննության համար: Վահագնը պատրաստ է իրեն հայտնի տեղեկություններով նպաստել կատարված հանցագործության բացահայտմանը: Մինչդեռ, քննիչ Լեւոն Պետրոսյանը վկաների՝ Արման Մնացականյանի, Գարեգին Սայադյանի, Արթուր Մկրտչյանի իրարամերժ, հեքիաթային, միմյանց հակասող ցուցմունքներն ուղղորդել է դատավարության հասկացություններով, փորձել է հարմարեցնել, «մոտեցնել» իրականությանը»:
«Նազարյանը ոչ մի անգամ չի վիճաբանել կամ դժգոհել Վահագն Հայրապետյանից, նրա հետ գտնվել է նորմալ փոխհարաբերությունների մեջ, առիթ չի եղել միմյանց հեղինակության, պատվի, արժանապատվության նվաստացման: Ձեւակերպումները շինծու են, չեն համապատասխանում գործով ձեռք բերված փաստական տվյալներին»,- հավելում է պաշտպանական կողմը:
Փաստական տվյալների հետ կապված՝ պաշտպանական կողմը զինվորական դատախազին ակնարկել էր մի ուշագրավ հանգամանքի մասին. «Նախաքննության ժամանակ քննություն չի կատարվել, մինչ օրս չի պարզվել, թե երբ, ում միջոցով, ինչպես է անհետացել դեղատուփի մեջ առկա սպիրտը, քանի գրամ է եղել, չի հիմնավորվել՝ Ա. Նազարյանը հայտնի դեպքի ժամանակ եւ դրանից հետո մարմնական վնասվածքներ ստացե՞լ է, թե՝ ոչ: Անձնակազմի որոշ անդամների ցուցմունքներով՝ զինվորներից որեւէ մեկը 16. 07-27. 07. 2010թ. վնասվածք չի ստացել, հետեւաբար դեղատուփը չի բացվել, նրա մեջ եղած պարագաները չեն օգտագործվել, մինչեւ փոխգնդապետ Ակոյին մեղվի կծելը»:
Վ. Հայրապետյանի պաշտպանական կողմը գտնում է նաեւ, որ անազատության մեջ իրենց պաշտպանյալին պահելը կրում է պատժի բնույթ եւ որ Հայրապետյանի գործողություններում իսպառ բացակայում է քրեական պատասխանատվության միակ հիմքը՝ հանցանքը, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ