Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում՝ ինչպես Սյունիքում

Դեկտեմբեր 23,2011 13:33

Միջմարզային երթուղիները գործարարներին չեն գրավում ուղեւորահոսքի սակավության եւ անմխիթար ճանապարհների պատճառով:

Բաց գույներով զգեստ հագնելը Լոռվա երիտասարդների համար իսկական պատուհաս է, հատկապես, երբ նրանք պետք է օգտվեն միջհամայնքային տրանսպորտից. «Սպիտակ շալվար չեմ հագնում, որովհետեւ մաքուր հագնում եմ՝ թրքոտ իջնում»,-ասում է Շահումյան գյուղի բնակչուհի Լուսինեն:

Վանաձոր քաղաքի ամենամոտ գյուղերի տրանսպորտից օգտվելու համար պետք է մեծ համբերություն ունենալ: Սա ամենափոքր խնդիրն է, որ կհանդիպես ներմարզային տրանսպորտում: Քիչ չեն դեպքերը, երբ մրցույթը շահած երթուղին պետք է ուղեւորափոխադրումները սկսի առավոտյան 11-ին, բայց վարորդը սպասում է այնքան, մինչեւ ավտոբուսում ասեղ գցելու տեղ չլինի: Երբեմն դա 1 ժամից էլ ավելի է տեւում: «Իրենց գործով զբաղված մարդիկ են, մինչեւ գոմի, տան գործը պրծնում են, ուշացած են գալիս, օր էլ լինում է՝ մարդ չի լինում, մի հոգու համար հո դատարկ չեմ քշելու գամ»,- ասում է Վանաձոր-Ահնիձոր երթուղում աշխատող ավտոբուսի վարորդ Սերգեյը:

Վարորդներն աշխատանքի են գնում իրենց ընտանեկան խնդիրները փաթաթելով ուղեւորների վզին, ամեն փոքր առիթով կռիվ ման գալիս, կռիվ սարքում: Դեռեւս մեծ խնդիր է բարձր երաժշտությունը, ուղեւորը պարտավոր է համակերպվել վարորդի ճաշակին, հաճախ ու առավելապես՝ անճաշակությանն ու «վայելել» նրա նախընտրած երաժշտությունը. «Ու ինչ ուզում ես արա, գյուղ գնացող ավտոբուսների վարորդները մեկ է՝ ծխում են, եթե վատանաս էդ ծխից ու ասես կանգնեք, դեռ մեղավոր էլ կմնաս»,- ասում է Վանաձորից Շնող գյուղ գնացող ավտոբուսում նստած կինը, ով չի ներկայանում:

Ժամանակին տրանսպորտային միջոցների վարորդները դժգոհ էին, որ ուղեւորները տոմսը գնում էին ավտոկայարանից՝ իրենց կանխիկ փող չէր գալիս: Հիմա ուղեւորները տոմսի արժեքը վճարում են վարորդներին: Սա այնքան էլ օրինական չէ, բայց վարորդների սրտով է, ու տոմսավաճառներին դուր չի գալիս:

Արդեն ֆիզիկապես ու բարոյապես մաշված են նաեւ տրանսպորտային միջոցները: Այժմ մի քանի ավտոբուսների առաստաղը կարկատել են, որ գոնե ավտոբուսներում ձյուն ու անձրեւ չգա: Մաշված է նաեւ ավտոտեխնիկայի մեխանիկական մասը ու դրանով են պայմանավորված պարբերաբար գրանցվող վթարները:

2010 թվականի նոյեմբերի 26-ին «27 երթուղուց 7-ը թափուր է մնացել: Ըստ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի, երթուղիները գործարարներին չեն գրավում ուղեւորահոսքի սակավության եւ անմխիթար ճանապարհների պատճառով» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի 4 տարածաշրջաններում՝ Սիսիանում, Գորիսում, Կապանում եւ Մեղրիում անցկացվել են կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների մրցույթներ՝ ընդհանուր 27 ուղղություններով, որոնցից 7-ում հայտեր չէին ներկայացվել. Կապան-Գեղի, Կապան-Սեւաքար-Եղեգ, Սիսիան-Իշխանասար, Սիսիան-Սպանդարյան-Սառնակունք-Ծղուկ-Գորհայք, Գորիս-Հարժիս, Գորիս-Հարթաշեն, Մեղրի-Վահրավար-Կուրիս-Գուդեմնիս՝ https://www.aravot.am/old/am/articles/regions/86083/view:

Նույն խնդիրը կա նաեւ Լոռիում: Միջհամայնքային տրանսպորտի աշխատանքի կանոնակարգելու նպատակով 2 փուլով կայացած 34 միջհամայնքային երթուղու մրցույթից հետո 14 երթուղի թափուր մնացին: Դեռեւս արդյունքներն ամփոփվում են ու հնարավոր է, որ թափուր տեղեր կրկին լինեն: «Բարոյապես մաշվելը չի խանգարում, կարեւորը արգելակման եւ ղեկային համակարգերը համապատասխանեն տեխնիկական վիճակին»,- ասում է Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գեւորգյանը:

Ներմարզային տրանսպորտի` գյուղական համայնքները մարզկենտրոնին կամ մարզի այլ քաղաքներին կապող երթուղիների համար ավելի հարմար են ավտոբուսները: Պատասխանատուները հավաստիացնում են, որ առայժմ տրանսպորտային միջոցների խնդիր չունեն, չնայած՝ վերջին տարիներին ավտոբուսները չեն թարմացվել, կարողանում են պահուստային ֆոնդի հաշվին լրացնել: Հայտ չլինելու ու տաքսիների գերաճի պատճառով թափուր են Վանաձորից Նոր խաչակապ, Անտառաշեն, Ձորագյուղ, Ալավերդուց Հագվի, Աքորի, Տաշիրից Պրինոլնոյե, Պաղաղբյուր, Ապավեն, Ձյունաշող, Ձորամուտ, Նորաշեն երթուղիները: «Փոքր համայնքներ են, ուղեւորահոսք այնքան չկա, որ տրանսպորտային միջոցը կարողանա աշխատել եւ նվազագույն աշխատանքային պայմաններ ապահովելով՝ շահույթ ստանալ»,- ասում է Վարդան Գեւորգյանը:

Թափուր երթուղիների համար 3 անգամ մրցույթ կանցկացվի, ու դրանից հետո էլ թափուր մնալու պարագայում՝ համայնքը կարիքի դեպքում կրկին կդիմի մարզպետարանին:

Լոռու մարզը ամենակարգապահն ու կազմակերպված է տրանսպորտային միջոցների սպասարկման հարցում, հավաստիացնում է Լոռու մարզի տրանսպորտի անվտանգության տեսչությունը: «Աշխարհում 3 տարի են օգտագործում, մեզ մոտ 15 տարի, մարզում 1998 թվականին արտադրված մեքենաներից թարմ մեքենաներ չկան, այնինչ՝ մայրաքաղաքում դեռ «Ռաֆ» մակնիշի մեքենաներ կհանդիպես»,- ասում են տեսչությունից:

Իսկ ահա բնապահպանական կազմակերպությունները համոզված են, որ ուռուցքային մի շարք հիվանդություններ առաջանում են տրանսպորտից: «Թափելու տրանսպորտը բերին լցրին Հայաստան, ու էս անպետք վառելիքն էլ հետը, էդ ամենը մնում է օդում, մենք ենք շնչում»,- համոզված են մարզի բնապահպանները:

ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ

Հ. Գ. Ի տարբերություն Սյունիքի եւ Լոռու, Արմավիրից Երեւան երթուղիներում «կռիվ» է: Հոկտեմբերի 14-ին տեղեկացրել ենք, որ հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի «Արտակ Քաջիկ եղբայրներ» ընկերությունն ու «Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերությունը վիճում են Երեւան-Արմավիր-Երեւան երթուղին սպասարկելու հարցում: Երթուղին սպասարկելու իրավունքը վերջինինն է, բայց պատգամավորի ընկերությունը «Գալակտիկա Տրանս Սերվիսի» վարորդներին սպառնում է՝ պահանջելով երթուղի դուրս չգալ. «Հանրապետական պատգամավորը բիզնե՞ս է խլում»՝ https://www.aravot.am/old/am/articles/rights/97946/view:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031