Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Նոր աշխատողներին պարգեւավճար, հներին՝ ազատման դիմում

Դեկտեմբեր 23,2011 13:25

Շենգավիթի նոր թաղապետը ամանորյա «անակնկալներ» է մատուցում

Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանն իր աշխատակիցների գլխին «սեւ Նոր տարի» բերեց: Աշխատակիցները պատմում են, որ դեռ թաղապետարան ոտք չդրած՝ մարդկանց շրջանում խուճապ ու խոսակցություններ են սկսվել, որ աշխատանքից ազատվելու են նրանք, որոնք նախկին ղեկավարի օրոք են ընդունվել աշխատանքի: Վարչական շրջանի նախկին ղեկավարի՝ Սարգիս Հովհաննիսյանի հրաժարականի դիմումի հետ աշխատանքից ազատվելու դիմում են գրել առաջին տեղակալն ու աշխատակազմի ղեկավարը: Իսկ մյուս աշխատակիցները, որոնք ազատվելու դիմում էին ներկայացրել, Սարգիս Հովհաննիսյանը պատռել է՝ հորդորելով՝ որոշումների մեջ չշտապել, քանի որ առջեւում Նոր տարի է, եւ Ամանորի նախաշեմին աշխատանք կորցնելն այդքան էլ հաճելի բան չէ:

Շենգավիթ վարչական շրջանի նոր ղեկավարի եղբայրը՝ Մարտին Սարգսյանը, ժամանակին եւս ղեկավարել է Շենգավիթ համայնքը, եւ այն աշխատակիցներին, որոնք դեռեւս Մարտին Սարգսյանի ժամանակներից են աշխատել թաղապետարանում, նոր թաղապետը խնայել է եւ «ձեռք չի տվել»:

Օրերս Շենգավիթ վարչական շրջանի մի խումբ աշխատակիցներ դիմել էին «Առավոտին»՝ դժգոհելով, որ նոր ղեկավարի պաշտոնավարման հենց առաջին օրերից փորձ էր արվում ազատվել նախկին ղեկավարի կադրերից. «Ասում էին՝ սա սարգիսական մարդ ա, սրան էլ կազատեն աշխատանքից: Շատերը վախեցած՝ արձակուրդ գնացին, որոշները նույնիսկ, որոնց սպառնացել էին՝ ինքնակամ դիմում գրել եւ ազատվել, սթրեսի մեջ են ընկել ու բյուլետեն հանել: Այնպես չի, որ բոլորը մնալու կռիվ են տալիս, բայց գոնե տոներն անցնեն, նոր միայն ազատեն աշխատանքից: Բոլորն են հասկանում, որ նոր ղեկավարն իր մարդկանց է բերելու: Բայց նախկին թաղապետի ժամանակ այն մարդիկ, որոնք նոր թաղապետի եղբոր թիմակիցներն են եղել, իրենց շատ լավ են զգացել, ու նախկինը նրանց մատով չի կպել: Իսկ հիմա նորը եկավ ու հնի կադրերին մաքրում է»:

Չնայած, որ վարչական շրջանի աշխատակիցները համարվում են համայնքային ծառայողներ եւ օրենքով պաշտպանված են, սակայն ցանկացած պահի կարող են մնալ առանց աշխատանքի: Բանն այն է, որ ոչ միայն այս, այլեւ մի շարք հայաստանյան հիմնարկներում, երբ «շեֆությունը» փոխվում է, հին կադրերի համար այնպիսի մթնոլոտ է ստեղծվում, որ ինքնակամ դիմում գրեն ու հեռանան: Եվ ստացվում է, որ նոր ղեկավարը օրենքի առաջ մաքուր է դուրս գալիս:

Այն, որ Շենգավիթի նոր ղեկավարը այնքան էլ բարեհաճ չէ հին աշխատողների հանդեպ, վկայում է նաեւ այն, որ վերջիններիս զրկել է ամանորյա պարգեւավճարներից: Մեզ դիմած աշխատակիցները վստահեցրին, որ մոտ 20 աշխատակից, որոնք արձակուրդում են կամ առողջական խնդիրների պատճառով «բյուլետեն են հանել», պարգեւավճար չեն ստացել: Իսկ իր հետ բերած նոր աշխատակիցները, որոնք մեկ ամիս էլ չեն հասցրել աշխատել, «պրեմյա» են ստացել: Աշխատակիցների խոսքերով՝ «Եթե պրեմյան տալիս են ասենք՝ վաստակած ու լավ աշխատողներին, ապա էդ ո՞նց իմացավ, որ էն արձակուրդում եղածը, որի հետ դեռ չի էլ շփվել, չի ճանաչում ու չգիտի, թե ոնց է աշխատում, պրեմյայի արժանի չէ: Մարդիկ արձակուրդ էին գնացել դեռ նախկինի օրոք ու մինչեւ հիմա արձակուրդում են: Նախկին թաղապետը գրեթե բոլորին տալիս էր պրեմյա, ու դրանից բոլորը ոգեւորված աշխատում էին»:

«Առավոտն» այս առնչությամբ զրուցեց նաեւ Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատուների հետ: Հարցին՝ ճի՞շտ են արդյոք, որ անգամ նոր աշխատակիցներն են պարգեւավճարներ ստացել, իսկ հներին չի տրվել, աշխատակազմից պատասխանեցին. «Այս պահին ոչ ոք հրամանագրված չէ, հետեւաբար պարգեւավճար չէր կարող ստանալ: Ինչ վերաբերում է «բյուլետեն» հանած աշխատակիցներին, ապա եթե անձինք առանց տեղեկացման եւ փաստաթղթերի չեն ներկայացել աշխատանքի եւ մատյանում բացակայություններ են ստացել, պարգեւավճար տալու դեպքում կստացվի՝ չաշխատողներին ենք տալիս»: Մեր այն դիտարկմանը, որ անաշխատունակության փաստաթուղթը պետք է ներկայացվի աշխատանքի վերադառնալիս, եւ այսպես ասած՝ երբ բժիշկը «բյուլետենը» փակի, մեր զրուցակիցն ասաց. «Բայց մենք չենք կարող գուշակել, որ տվյալ անձը բյուլետեն է բերելու, որ կանխավ պարգեւավճարի դնենք, պայծառատես չենք: Իսկ եթե բերի, ապա անաշխատունակության նպաստ կստանա: Արձակուրդի գնացածներին էլ խրախուսում եւ պարգեւավճար տալիս ենք»:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ աշխատակիցների վրա ճնշում է գործադրվում, որպեսզի իրենց դիմումի համաձայն դուրս գան աշխատանքից, «Առավոտին» վստահեցրին, որ նման բան չկա. «Դա իրենց մոտ զուտ հոգեբանական խնդիր է: Ճնշումը ո՞րն է, որ պարգեւավճար չե՞ն տալիս»:

Որպեսզի համոզված լինենք, որ իսկապես աշխատանքից չեն ազատի որեւէ մեկին, աշխատակազմի աշխատակցին խնդրեցինք որոշ ժամանակ հետո միասին ուսումնասիրել հաստիքացուցակը: Մեր այս առաջարկից հետո այսպես պատասխանեցին. «Աշխատանքի ազատելու մասով կանխատեսւոմ չեմ կարող անել: Վարչական շրջանի ղեկավարը նշանակել կամ հակառակը կարող է անել միայն հայեցողական հաստիքների մասով: Մյուսներին իրավունք չունի, նրանք համայնքային աշխատողներ են: Վարչական շրջանի ղեկավարը իրավունք եւ պարտականություն ունի իր աշխատակիցների կատարածի վերաբերյալ եզրակացություն տալ եւ միջնորդություն ներկայացնել՝ պահելու կամ ազատելու մասով: Դուք չեք կարող ղեկավարին ստիպել, որ վատ աշխատողի մասով միջնորդություն չներկայացնի: Ցանկացած դեպքում հաստիքացուցակի փոփոխությունը չի բացառվում: Ղեկավարը լուրջ պարտականություններ է ստանձնել, եւ բնական է, որ պրոֆեսիոնալ, պատրաստակամ աշխատակազմով պետք է աշխատի: Եթե որեւէ մեկը խոչընդոտում է այդ աշխատանքին, ապա… Ամեն տարվա վերջում քաղաքապետարանի կողմից գնահատվում են աշխատանքները, այս պահին Շենգավիթը 12 շրջանների մեջ 2-րդն է: Մի մտածեք, որ մեր ղեկավարը հեշտությամբ կհրաժարվի լավ մասնագետից»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031