Բայց տեսա՞ք՝ ինչ եղավ
Երեկ «Սարդարապատ» շարժումը փորձագետների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ «Ընտրությունների այլընտրանքը» թեմայով քննարկում էր նախաձեռնել: Բանախոսներն էին «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի» տնօրեն եւ «Սարդարապատի» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանը, ՌԱՀՀ կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն ու «Հայ կրթական հիմնադրամի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Նվարդ Մանասյանը:
Երեկվա քննարկման մասնակից բոլոր բանախոսները առաջիկա ընտրությունների ազատ եւ արդար լինելու, ի վերջո՝ մեր երկրում քաղաքական գործընթացները ժողովրդավարական հուն տեղափոխելու հարցում կարեւորեցին առաջին հերթին քաղաքացիական հասարակության դերը: Նախ՝ Գարեգին Չուքասզյանը ներկայացրեց թեմայի շուրջ «Սարդարապատ» շարժման տեսակետը: Նրա արձանագրմամբ՝ վերջին 15 տարվա ընթացքում՝ մասնավորապես վերջին երեք տարիներին, Հայաստանում քաղաքացիական հասարակությունն ակտիվացել է, եւ ըստ փորձագետների՝ նույնիսկ ինքնուրույն գործոն է դառնում, ինչը ընտրությունների փուլում պետք է հաշվի առնել: «Բայց արդյոք քաղաքացիական հասարակությունն ի վիճակի կլինի՞ իր ձեռքը վերցնել երկրի ճակատագիրը, եւ մենք կունենա՞նք ընտրությունների այս արատավոր շրջանից դուրս գալու հնարավորություն»,- հռետորական հարցադրում արեց Շարժման ներկայացուցիչը: Բանախոսի ասելով՝ անկախ այն բանից՝ ընդդիմադիր ուժերը մասնակցելու են առաջիկա ընտրություններին, թե ոչ՝ նրանց առջեւ, միեւնույն է, կանգնելու է հետեւյալ հարցադրումը՝ ո՞րն է լինելու այն պատասխանը, որը տրվելու է ընտրությունները հերթական անգամ կեղծվելու դեպքում: Արդյոք պետք է անմիջապես, այսօրվանի՞ց պատրաստվել այդ սցենարին, ինչպե՞ս ենք պատկերացնում այլ ընդդիմադիր ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ գործելու, միասնական ճակատ ձեւավորելու հարցը, եւ կա՞ արդյոք քայլերի հաջորդականության կամ ընթացակարգի ուրվագիծ: Այս հարցաշարին «Սարդարապատը» պատասխանում է՝ «Մեզ համար ամենակարեւորն այն է, որ քաղաքացիական ակտիվացած հասարակությունն ուժեղանա: Չմասնակցելով ընտրություններին՝ մենք միեւնույն է՝ օգտագործելու ենք այդ կապիտալը ընտրությունների ժամանակ: Մենք այսօր եւեթ սկսում ենք ձեւավորել այլընտրանքային իշխանության սաղմերը: Առաջին փուլում այլընտրանքային ճակատի կամ կորիզի ստեղծումն է, երկրորդում՝ դրա ընդլայնումը՝ քաղաքական ակտիվացման հին ու նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, երրորդում պետք է տեղի ունենա անմիջական ժողովրդավարացման իրացում»:
ՌԱՀՀ կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի մատուցմամբ՝ կուսակցությունները չեն կարող երկրում համակարգային փոփոխություններ իրականացնել, որովհետեւ, նրանց ընկալմամբ, համակարգային փոփոխություն ասելով իրենք հասկանում են ընդամենը իրենց իշխանության գալը: Փորձագետի մատուցմամբ՝ աշխարհում համակարգային փոփոխությունների՝ հեղափոխությունների հաջող փորձերը վկայում են, որ դրանց սկիզբը դնողը քաղաքացիական հասարակությունն է՝ իր ուլտիմատիվ պահանջները քաղաքական ուժերին առաջադրելով եւ դրանք իրացնելու պահանջ դնելով:
Կարդացեք նաև
Քաղաքացիական հասարակության կողմից ակտիվ քայլերի արդյունավետությունը գնահատելու համատեքստում բոլոր բանախոսները որպես կոնկրետ օրինակ բերեցին բնապահպան ակտիվիստների համառ եւ հետեւողական պայքարը, որի արդյունքում փաստացի փրկվեց Թռչկանի ջրվեժը, ու հիմա էլ փորձ է արվում փրկել Քաջարան գյուղը: Բայց երբ այդ նույն բնապահպան ակտիվիստները հարցրին, թե բացի սեմինարներ կամ քննարկումներ անելուց՝ ի՞նչ է առաջարկվում անել, ե՞րբ են իրենք դուրս գալու կոնկրետ պայքարի, որ այլեւս տուն չգնան՝ պատասխանն այսպիսին եղավ. եթե դուք ձեր ակտիվությունը դրսեւորեք՝ մենք ձեզ հետ կլինենք: Ղարաբաղյան շարժումն էլ են վեց հոգով սկսել:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ