Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի վերահսկողականը վերահսկում է

Դեկտեմբեր 23,2011 13:07

Խաբվածներին փորձում են օգնե՞լ

ՀՀ կառավարության շենքի մոտ եւ պետական այլ հաստատությունների առաջ խմբված մարդկանց պակաս մեր երկրում չկա. մարդիկ շատ բաներից են դժգոհ եւ պետական ատյաններում են փնտրում իրենց հարցի լուծումը: Եվ դա բնական է: Բնական չէ, սակայն, որ մեր հասարակության մեջ աննկարագրելի մեծ է խաբվածների թիվը, հայերը միշտ պարծեցել են իրենց խելքով, «շյուստրիությամբ», աչքաբացությամբ, բայց արի ու տես՝ երբ հայը խաբվում է, խաբվում է մինչեւ վերջ: Ինչո՞ւ է այդպես, պատասխանը շատ պարզ է՝ քանզի խաբողները եւս հայեր են: Վերջին շրջանում բավականին աղմկահարույց մի քանի քրեական գործեր հարուցվեցին մարդկանց խաբելու եւ միեւնույն բնակարանը բազմաթիվ տարբեր մարդկանց վաճառելու գործերի առնչությամբ: Ինքս ամեն անգամ զարմանում էի, թե ինչպես է հնարավոր միեւնույն բնակարանը վեց կամ յոթ անգամ վաճառել տարբեր մարդկանց եւ ամեն անգամ՝ աստղաբաշխական գներով: Երեկ երբ հանդիպեցի մի խումբ նման խաբված մարդկանց եւ զրուցեցի նրանց հետ, հանդիպեցի նաեւ խաբողներից մեկին եւ լսեցի նրա բացատրությունները, քիչ մնաց ինքս էլ զոհ դառնայի: Սա՝ կատակով, քանի որ նման թվեր կենտրոնում բնակարան ձեռք բերելու համար որոշներս անգամ ամենալավ երազում չենք կարող տեսնել: Միակ բանը, որ այս ամբողջ պատմության մեջ հուսադրող էր, այն էր, որ մարդկանց կորցրած գումարները վերադարձնելու եւ նրանց բնակարաններով ապահովելու խնդիրներով այս պահին զբաղվում է առաջին հերթին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, եւ որքան հասկացանք՝ խաբեբաներին ստիպում են կատարել իրենց խոստումները եւ մարդկանց կամ բնակարանով ապահովել, կամ վերադարձնել գումարները:

Կհաջողվի՞ արդյոք բոլորին ապահովել՝ դեռ հստակ չէ, բայց որ գործընթաց է սկսվել հարուցված քրեական գործին զուգահեռ՝ դա ակնհայտ է: Մյուս կողմից էլ՝ այլ բան է ակնհայտ. հարցը ըստ ամենայնի կլուծվի, քանի որ նույն այդ խաբվածների մեծ մասը ոչ թե շարքային քաղաքացիներ են, այլ մեր հասարակությանը հայտնի մարդիկ՝ քաղաքական գործիչներից սկսած մինչեւ պետական պաշտոնյաներ, թաղային հեղինակություններ եւ «լավ տղերք», անգամ՝ լրագրողներ, ստացվում է, որ երիցս իրավացի էր Պեպոն, երբ պնդում էր. «Դիփ խափում ին ու խափում ին»:

«ԳԱՊ-բնակշին» ընկերությունը (տնօրեն՝ Գագիկ Պապոյան, ով այս օրերին անհայտ պատճառներով բացակայում է հանրապետությունից) Արամի 72/80 հասցեում գտնվող շենքի բնակարանների մեծ մասը վաճառել է 3-4, նույնիսկ 7 անգամ: Երբ շենքը կառուցվեց, բնակարանների տերերը տեսան, որ իրենցից բացի՝ կան նաեւ այլ տերեր, եւ իրարանցումը սկսվեց: Սկսվեց դատական քաշքշուկը, մարդիկ ավելի շատ էին, քան բնակարանները: Գործին խառնվեց ՀՀ ֆինանսների նախարարությունը, քանի որ երրորդ կողմը պետությունն էր՝ հանձին քաղաքապետարանի, եւ ֆինանսների նախարարությունը փորձեց հարցին ինչ-որ լուծում տալ: Ընկերության մեկ այլ ներկայացուցիչ՝ Սիմոն Աղազարյանը, մեզ բացատրեց հետեւյալը. «Մարդիկ գալիս են, ես ասում եմ՝ ախպեր ջան, փո՞ղդ ես ուզում, փող չեմ կարա տամ, եկեք 2-3 հոգի միացեք իրար հետ, ասենք՝ երեք հատ 40 քառակուսի միացրեք, 120 քառակուսի է անում, էդ տանք ձեզ, վաճառեք, փողը կունենաք, բաժանեք»: Մեր հարցին՝ այդ գործողությունն անելով՝ քանի՞ խաբված մարդու պահանջ է բավարարվում, պարոն Սիմոնը բացատրեց. «2000 քառակուսիով կարողանում ենք բավարարել մոտ 35 տուն»: Ընդհանուր առմամբ, մոտ 80 մարդ է մնացել անտուն, եւ ըստ պարոն Սիմոնի՝ կամաց-կամաց ՀՀ նախագահի վերահսկողականի շնորհիվ հարցը լուծվելու է, եւ դժգոհ մարդ չի մնալու. «Բացի դրանից՝ կնքվել են նաեւ հաշտության պայմանագրեր, եւ խոստումներ ենք տվել, որ մարդկանց գումարները կվերադարձվեն»:

Մեր զրուցակցի պնդմամբ՝ վերահսկողականը պահանջել է խաբվածների հարցը լուծել հնարավորինս արդյունավետ՝ կամ մարդկանց ապահովել բնակարաններով, կամ իրենց գումարները վերադարձնել: Մեր զրուցակից Սիմոն Աղազարյանի ասելով՝ «Վերահսկողականը միջամտել եւ օգնել է, որ հարցը մտնի օրինական դաշտ, եւ վերահսկողականի շնորհիվ, չկարծեք՝ ես բան եմ անում, իրականությունն եմ ասում, վերահսկողականի շնորհիվ էս հարցը չդարձավ դանակով, փոր թափելով լուծվելիք հարց, վերահսկողականը հարցը բերեց օրենքի դաշտ, եւ օրինականով փորձում ենք էսօր էդ մարդկանց հարցերը լուծել: Բոլորն էլ հայտնի մարդիկ են, ուժեղ են, մեկը կարող է վճիռ հանի, գա ասի՝ էս իմ տունն ա, մյուսն էլ ասի, թե իրենն է, բայց քանի որ բոլորի հետ բանակցվում ա, բոլորը բավարարվում են, հաշտ ու համերաշխ գնում են, հըլը իրար խփոցի-բան չի եղել, բայց պատահական մարդիկ չեն, կարող էր նաեւ դա լինել, այսինքն՝ վերահսկողականի էսօրվա աջակցությունը էն է, որ մարդիկ էսօր չխաբվեն, հարցը լինի իրավական դաշտում, որ կարողանա կոնկրետ հարցը լուծվի»: Հարցի լուծումը հնարավոր է նաեւ հետեւյալ ձեւով՝ նույն Արամի հասցեում կառուցված բազմիցս «վերավաճառված» շենքի ետեւի մասում մարդկանց խաբած ընկերությունը ունի հողատարածք, որը կամ պիտի վաճառվի եւ գումարը տրվի մարդկանց, կամ այդ տեղում պետք է մի նոր շենք կառուցվի, եւ մարդկանց ապահովեն բնակարաններով: Այսկերպ պետք է լուծվի նաեւ Բուզանդի 13 հասցեի խաբված տնատերերի հարցը, այսինքն՝ նույն այդ շենքից նրանց եւս բնակարաններ կտրվեն, քանի որ այս մարդկանցից հավաքված փողով է կառուցվել Արամի 72/80-ը:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Այս ամբողջ պատմության մեջ ամենից զվարճալին այն է, որ նույն այն նոտարը, ով ամեն անգամ կոնկրետ վարձատրության դիմաց թույլ է տվել, որ նույն բնակարանը բազմաթիվ անգամներ «վաճառվի» տարբեր մարդկանց, ինքը եւս դարձել է խաբեբաների զոհը, եւ իր իսկ գնած բնակարանը եւս մի քանի անգամ «վաճառված է» եղել:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031