Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սրտի հիշողություն

Դեկտեմբեր 23,2011 12:58

Տարին ավարտվեց: Մտածում էի՝ մի լուսավոր ու գալիք գեղեցիկ բանի մասին գրել, բայց Ֆրանսիայի Սենատի ձայնը շեղեց մտքերս եւ սկսեցի մի այլ բան մտածել՝ մարդու եւ իր ստվերի մասին…

Այո, ինչպես մարդը չի կարող փախչել սեփական ստվերից, այնպես էլ ազգերի զորու չեն անտեսել սեփական պատմությունը, որը, ժամանակների հեռավոր խորքերում արթնանալով, աննկատելիորեն ձեւավորում է, կերպավորում եւ ողնաշարի պես դարձնում շոշափելի սեփական ինքնությունը: Որն է ցեղի ներքին, արյան հիշողության սահմանադրությունը, ուր մարդը սկսում է սրտով հիշել այլեւս: Եվ կարծես թե բոլորովին էլ կարեւոր չէ, թե որ կողմից է արեւը լուսավորում մարդուն՝ դեմի՞ց, թե՞ թիկունքից, բայց մեկ բան էական է հաստատ, թե որտեղ է հայտնվում քո ստվերը՝ քո պատմություն-ստվերը՝ քո դիմա՞ց, թե՞ թիկունքում: Եվ եթե քայլքիդ ընթացքը այնպես է, որ քո ստվերը միշտ քո դիմացն է, այսինքն թե՝ ինքն է առաջնորդում քեզ, ուրեմն դու ոչ թե համընթաց ես ժամանակին, այլ անվերջ գնում ես դեպի քո պատմությունը, ուր խորանալով խճճվում ես յոթհազարամյա հիշողության սարդոստայնում՝ շարունակ փնտրելով արդարությունը բաղձալի: Այնինչ քո միակ իրականությունը քո երկրում ապրելու ցանկությունն է, ուր եւ ձեւավորվել է սրտիդ հիշողությունը:

Երեկ գիշեր մեղմ ու հանդիսավոր ձյուն սկսվեց՝ որպես Նոր տարվա ավետաբեր: Ես պատշգամբում նստած՝ ծխելով նայում էի մայթեզրին տնկած իմ երեք ջահել ծառերին, որոնց մերկ ճյուղերի վրա մեղմ փաթիլներով նստում էր ձյունը: Եվ զարմանում էի, թե ինչպես է, որ ամեն տարի ոչ ոքի չպատկանող այդ մի բուռ հողի վրա այդպես արագ աճեցին իմ ծառերը: Ափսոս, որ այգի չունեմ, մտածում էի՝ նայելով տեղացող ձյան տակ խոնարհ կանգնած իմ երեք ծառերին:

Նայում էի ու շարունակ մտածում Ծիծեռնակաբերդում միայնակ վառվող կրակի մասին, որի վրա նույնպես ձյուն էր գալիս: Եվ սրբագործ կրակը, այս պահին անծաղիկ՝ մեզ հետ միասին, թերեւս նույնպես լսեց Ֆրանսիայից հնչող ձայնը, նորեն ու կրկին մտածելով, որ ինքը իզուր չէ, որ անմար է՝ ի հիշատակ մեր սուրբ նահատակների հոգիների, ովքեր ծնվեցին-եկան աշխարհ, բայց չգնացին աշխարհից, չարժանացան բոլորին հասու մի բուռ հողի եւ, մնալով անշիրիմ, ամեն տարի ծաղիկների տեսքով հավաքվում-շրջապատում են ապրեցնող կրակը, որը մի բիրտ ձեռք մի օր հանգցրել էր նրանց կյանքի ճանապարհին: Ու հիմա ես չգիտեմ, թե խիղճը հայրենիք ունի, թե ոչ, կամ հայրենասիրությունը՝ խիղճ (խոսքս թուրքական հայրենասիրության մասին է), ինչպես նաեւ մի բան նույնպես հաստատ չգիտեմ, որ եթե մի օր հնչեր նույնիսկ Աստծո ձայնը եւ ասեր մեզ.

Թաղիր քո հիշողության մեջ ապրող նահատակներին եւ ապրիր երջանիկ… Մենք ի՞նչ կպատասխանեինք Աստծո հորդորին… Մեր փոխարեն եւ մեր ձայնով, վստահ եմ, կպատասխաներ-կաղաղակեր Ծիծեռնակաբերդի անհանգ կրակը, որը հիմա շարունակում է վառվել իջնող ձյուների տակ:

Ինչեւէ, շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031