Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է մարքսիստը սկսել ֆռֆռալ ԲՀԿ-ի շուրջը

Դեկտեմբեր 23,2011 12:54

Իջեւանում դարձյալ թեժ պայքար է լինելու

Իջեւանում խոսակցություններ են շրջանառվում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այս անգամ էլ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը: Հիշեցնենք, որ 2007 թվականին թիվ 41 ընտրատարածքն ընդգրկող այդ տարածաշրջանում ԱԺ պատգամավորի մանդատի համար մեջլիս էին մտել մարքսիստն ու Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ)՝ «Երեւան գարեջուր» ընկերության սեփականատերը: Հաղթեց վերջինս: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում այս սցենարը նորից կարող է կրկնվել՝ միայն մեկ տարբերությամբ. եթե 2007-ին մարքսիստին պաշտպանում էր Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցությունը, այս անգամ, ըստ շրջանառվող լուրերի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է կանգնելու մարքսիստի թիկունքին: Այս խոսակցությունները սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ վերջերս կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրություններում Դավիթ Հակոբյանը, որը ծնունդով Իջեւանից է, սատարեց  քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուին, որն էլ հաղթեց ընտրություններում մեկ տասնամյակից ավելի պաշտոնավարած անկուսակցական, ապա ՀՀԿ-ական դարձած թեկնածուին:

Երեկ «Առավոտը» Դավիթ Հակոբյանից հետաքրքրվեց՝ համապատասխանո՞ւմ են իրականությանն այն լուրերը, որ ինքը դարձյալ առաջադրվելու է թիվ 41 ընտրատարածքում, եւ ԲՀԿ-ն էլ սատարելու է իրեն, եւ ընդհանրապես՝ ինչո՞ւ է մարքսիստը սկսել ֆռֆռալ ԲՀԿ-ի շուրջ: Ըստ նրա՝ «իջեւանյան հաղթարշավը շատ պատահական եւ արկածախնդիր ձեւով» ստացվեց. «Ես անգամ չգիտեի, որ Իջեւանում քաղաքապետի ընտրություններ են լինելու: Վերջին հինգ օրերին երբ իմացա այդ մասին, որոշեցի նախկին քաղաքապետի հետ մաքրել իմ հին, քաղաքական հաշիվները: Նա այն մարդն էր, որ ՀՀԿ-ականների միջնորդությամբ եւ նախկին նախագահի առաքելությամբ 41-րդ ընտրատարածքի իմ մանդատը վաճառել էր «Պիվի Հակոբին»: Իրականում այնտեղ ես եմ հաղթանակ տարել: Ինձ անհրաժեշտ էր ապագա ընտրությունների ժամանակ ունենալ ինձ համար բարենպաստ քաղաքապետ, եւ ինձ հետաքրքիր էր նաեւ՝ իմ էլեկտորատը մնացե՞լ է իմ գաղափարներին հավատարիմ, ես դեռ մնո՞ւմ եմ այնտեղ գաղափարական ֆլագման եւ կարելի՞ է դրա վրա հիմնվելով՝ 2012-ին էլ այնտեղ փորձել իմ ճակատագիրը»: Վերլուծելով Իջեւանի քաղաքապետի ընտրությունները եւ մասնավորաբար իր դերը այդ ընտրություններում՝ մարքսիստը եզրահանգում է, որ ինքն այդտեղ կատալիզատորի դեր խաղաց, կոնսոլիդացրեց ազգը՝ ինչպես իր ժամանակին ֆրանսիական հեղափոխական գործիչ Միրաբոն: Արդեն ըստ էության պատասխանելով «Առավոտի» հարցին՝ Դավիթ Հակոբյանը փաստեց. «Մեր ու ԲՀԿ-ի համագործակցությունն այնտեղ բնական էր, ոչ թե կեղծ, պիղծ, երկուսիս նպատակը, շահերն այդտեղ համընկնում էին, եւ մենք դուրս եկանք միասնական պայքարի: Կարեւոր չէ, թե ում են պատկանում քաղաքական լեգեոնները, կարեւորն այն է, թե այդ լեգեոններն ո՞ւմ թիկունքն են պահում: Ի պատիվ հանրապետության նախագահի՝ պետք է ասեմ, որ նա ականջալուր եղավ իմ հորդորին եւ գտնվեց իր բարձրության վրա, չխառնվեց այդ ընտրություններին, հարգեց ազգի կամքը: Նախագահի նման մեծություն մենք առաջին անգամ ենք տեսնում»:

Ի դեպ, ասում են, որ ԱԺ գործող պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ է (Պիվի Հակոբ) արդեն սկսել ոչ պաշտոնական քարոզարշավը: Իջեւանում նա սկսել է ամանորյա նվերներ բաժանել, դրանք հաճախ նաեւ դրամական տեսք ունեն: Ասում են, որ նվերները Հակոբյանն անձամբ է հանձնում ու կատարելով նաեւ «ազգի ընտրյալի» իր առաքելությունը՝ զրույցներ է ունենում մարդկանց հետ, նրանց դարդ ու ցավից հարցնում, ձեռքի հետ էլ տեղեկացնում, որ ինքն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կրկին պատրաստվում է առաջադրվել: Հիշեցնենք, որ 2007-ին, երբ ՕԵԿ-ը դարձավ ընդդիմություն, Հակոբյանն այլոց հետ լքեց ՕԵԿ-ի շարքերը եւ մինչ օրս որեւէ կուսակցության չի անդամակցում: Այս առիթով մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին՝ խնդիր չի՞ տեսնում, քանի որ ստացվում է, թե միայնակ պայքարելու է բավականին լուրջ ֆինանսական եւ մարդկային ռեսուրս ունեցող կուսակցության՝ ԲՀԿ-ի հետ, Հակոբյանն ասաց. «Ես ընդհանրապես ոչ մի խնդրի մասին չեմ մտածել՝ որ դեպքում կունենամ, որ դեպքում չեմ ունենա: Ես պայքարելու խնդիր չունեմ: Արդեն 4,5 տարի է՝ պատգամավոր եմ, մշտական իմ կապն իմ ընտրողների հետ եղել է, ընտրատարածքում ունեմ մշտական աշխատող երեք գրասենյակ, բացի պատգամավորական աշխատանքից՝ նաեւ բարեգործություններ եմ կատարում: Այնպես որ, չմտածեք՝ քարոզարշավ է, դրա համար եմ անում: Էդքան մեծ քարոզարշավ անելու կարիք էլ չկա: Ինձ գիտեն իմ ընտրողները, ոնց գիտեն՝ գիտեն: Ավելի բան ես չեմ արել, չեմ էլ անելու: Ուզո՞ւմ են ես դառնամ պատգամավոր, թող ձայն տան, չե՞ն ուզում, թող չտան: Ես փող չեմ բաժանել 2007-ին էլ, հիմա էլ չեմ բաժանելու, օգնություն շատ եմ արել, անում եմ, պետք է անեմ՝ որպես հայ մարդ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031