Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ պարզաբանվեց

Դեկտեմբեր 23,2011 12:32

Երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրու թյունները, բոլորիս մտավախությունն այն էր, որ խորամանկ թուրքերը հիմա ամենուր հայտարարելու են, թե իրենք հայերի հետ լեզու են գտնում, եւ այն երկրների խորհրդարանները, որոնք ընդունելու են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, իբր խանգարելու են այդ մերձեցման գործընթացին: Երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը հերքեց այդ տրամաբանությունը՝ Ցեղասպանությունը շարունակում է մնալ օրակարգում, եւ արձանագրությունները դրան չեն խոչընդոտում: Իմ տպավորությամբ՝ աշխարհի շատ երկրներ սպասում էին, թե ինչպիսին է լինելու Թուրքիայի վարքագիծը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում: Եվ երբ վերջնականապես պարզ դարձավ, որ մեր հարեւան պետության մեղքով որեւէ առաջընթաց չկա, շահագրգռված տերություններն արեցին իրենց հետեւությունները: Այնպես որ՝ այստեղ ամեն ինչ, կարծես թե, պարզաբանվեց: Արժե, այնուամենայնիվ, անդրադառնալ ոչ այնքան թուրքական շանտաժին Ֆրանսիայի նկատմամբ (սպառնալիքների ուղիղ կեսը չեն իրականացնի, իսկ մյուս կեսի վերաբերյալ դիրքորոշումը ժամանակի ընթացքում կփոխվի), որքան Թուրքիայի փաստարկներին: Դրանք հիմնականում երկուսն են:

Փաստարկ թիվ մեկ՝ պատմությունը թողնենք պատմաբաններին: Համոզիչ է հնչում միայն առաջին հայացքից: Եթե խոսքը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին է, ապա խնդիրները, որոնք գոյություն ունեն, նախեւառաջ քաղաքական են, եւ դրանք պետք չէ թողնել պատմաբանների հայեցողությանը՝ այդ խնդիրներով պետք է զբաղվեն պետական, քաղաքական գործիչները: Իսկ մնացած աշխարհի համար մարդկության դեմ հանցագործությունը պետք է բնութագրվի որպես այդպիսին միայն մի պատճառով՝ որպեսզի ոչ մի կառավարություն այլեւս նման հրեշավոր բան չձեռնարկի:

Փաստարկ թիվ երկու՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելը սպառնում է խոսքի ազատությանը: Իհարկե, փոքր-ինչ զավեշտական է, որ Թուրքիան Ֆրանսիային խոսքի ազատության դասեր է տալիս՝ այն դեպքում, երբ հենց մեր հարեւան երկրի քրեական օրենսգրքում (փոքր-ինչ մեղմացած տարբերակով) պահպանվել է «թուրքական ինքնությունը վիրավորելու» հոդվածը: Բայց Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրենքում ինքնարտահայտման իրավունքը որեւէ ձեւով սահմանափակված չէ: Եթե որեւէ մեկը Ֆրանսիայում ասի, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, նրան նույն պահին ձեռնաշղթա չեն հագցնի: Խոսքը հանցագործությունը հրապարակավ ժխտելու ռասիստական, վիրավորական ձեւերի մասին է: Կարելի է այսպիսի զուգահեռ անցկացնել. եթե մեկը պնդի, որ «հոկտեմբերի 27» չի եղել, նա պարզապես անմեղսունակ է: Բայց եթե որեւէ մեկը հայտարարի, որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել, բայց դա ոչ թե ահաբեկչություն էր եւ հանցագործություն պետության դեմ, այլ երկիրը փրկող մի խումբ ռոմանտիկների պոռթկում, այդ անձնավորությունն, այդպիսով, հող է նախապատրաստելու նմանատիպ նոր «պոռթկումների» համար:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում ասաց, որ հայ-թուրքական արձանագրությունների հարցում Սերժ Սարգսյանն ամեն ինչ ճիշտ է արել: Կարծում եմ՝ նման հեղինակավոր փորձագետին այս հարցում արժե վստահել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031