Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սողանքից տուժած մեքենայատերերի փոխհատուցումը բավարար չէ

Դեկտեմբեր 23,2011 12:01

Հոկտեմբերի 2-ին Այրումի մոտ տեղի ունեցած սողանքից զոհված 5 անձանց ընտանիքներին նոյեմբերի 8-ին եւ 9-ին պետական բյուջեից տրվել է 1-ական միլիոն դրամ աջակցություն :

Սողանքից տուժել է նաեւ Տավուշի մարզի բնակիչներին պատկանող 12 ավտոմեքենա: Քարի եւ հողի հսկա զանգվածի տակ են մնացել այրումցի 3 ընտանիքների պտղատու այգիները: Բնական աղետից նյութապես տուժածներին ֆինանսական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարական էր տվել Տավուշի եւ Լոռու մարզպետներին: Դեկտեմբերի 21-ին սողանքից ջարդված ավտոմեքենաների տերերին տրվել է փոխհատուցում: Սակայն «փոխհատուցում» բառն այս դեպքում այնքան էլ տեղին ու ճիշտ չէ: Մեր տվյալներով` յուրաքանչյուր ավտոմեքենայի տիրոջը տրվել է 260 հազար դրամ: Քարի եւ հողի հսկա զանգվածի տակ ճզմված մեքենաներն այլեւս պիտանի չեն օգտագործման համար, ավտոմեքենաների տերերի նյութական կորուստը մեծ է:

Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչ Սերյոժա Բաբաջանյանը միակն է, որի ավտոմեքենան դեռեւս դուրս չի բերվել հողի տակից: Նա ասաց, որ 1996 թվականի արտադրության «Օպել վեկտրան» գնել է 1 տարի առաջ՝ 7 հազար դոլարով: Սերյոժան խիստ դժգոհ է եւ ցանկացել է գումարից հրաժարվել, սակայն «մեքենան գնելու համար բանկում վարկ եմ վերցրել, այդ գումարով գոնե տոկոսները կփակեմ»,-ասաց Զորականի բնակիչը:

Այրում քաղաքի մի բնակիչ էլ նույնքան` 260 հազար դրամ է ստացել 6 հազար դոլար շուկայական արժեք ունեցող մեքենայի համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031