Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը՝ ՀԱԿ-ից էլ ավելի ընդդիմադիր

Դեկտեմբեր 23,2011 10:59

Երեկ Սերժ Սարգսյանը դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ հերթական խորհրդակցությունն է անցկացրել, որտեղ հանդես է եկել հերթական գեղեցիկ ելույթով։ Նա ասել է. «Քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների։ Ընդ որում, նման երեւույթների պատճառներն ավելի խորն են, քան միայն կոնկրետ խախտում թույլ տված պաշտոնատար անձի անբարեխղճությունը կամ անփութությունը։ Առկա թերություններն ու խախտումներն ամբողջը միասին ուղղակի վարկաբեկում են քրեական արդարադատության բուն էությունը»։ Ինչ խոսք, հրաշալի է ասված։

Խնդիրն այն է, սակայն, որ նման ելույթ իրեն կարող է թույլ տալ որեւէ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ կամ որեւէ անկախ լրատվամիջոցի խմբագիր, բայց ոչ երկրի նախագահը, ով այդ համակարգի բնականոն աշխատանքի երաշխավորն ու պատասխանատուն է։ Ս. Սարգսյանն իր՝ ՀԱԿ-ից էլ ավելի ընդդիմադիր ելույթում խոսել է նաեւ հանրային վստահության մասին. «Տրվել են հանձնարարականներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնց պատշաճ իրագործումը պետք է բարելավեր ձեր ղեկավարած կառույցների գործունեությունը, հենց դրանով հանդերձ բարձրացներ հանրային վստահությունը։ Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն»։ Անշուշտ, շատ լավ է, որ երկրի ղեկավարը ցավում է ոչ գոհացուցիչ արդյունքների համար, բայց նա հենց նրանով է ինձանից ու ձեզանից տարբերվում, որ ցավելուց բացի, կարող է եւ պարտավոր է կոնկրետ քայլեր անել՝ շտկելու համար իր իսկ բառերով ասած՝ «քրեական արդարադատության էությունը վարկաբեկող» երեւույթները։

Ջավեշտն այն է, որ նա գրեթե նման բովանդակությամբ հուզիչ ելույթներ էր ունենում նաեւ սրանից ինն ամիս առաջ՝ մարտի 14-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում, որտեղ արեց իր հայտնի՝ «անբարոյական ոստիկան» արտահայտությունը։ Պաթոսը ոչ պակաս էր նաեւ անցած ապրիլի 20-ին դատական համակարգի խնդիրների շուրջ նախորդ խորհրդակցության ժամանակ, երբ Ս. Սարգսյանը հանձնարարեց վերանայել մարտի 1-ի գործի քննությունը։ Թե ինչ փոխվեց այս ընթացքում՝ հայտնի է բոլորին։ Եթե ոստիկանության մասով գոնե որեւէ բան արվեց՝ փոխվեց ՀՀ ոստիկանապետը, ապա մարտի 1-ի մասով միակ փոփոխությունը քննչական խմբի ղեկավարին ավելի բարձր պաշտոնի նշանակելն էր։ Ուստի, միանգամայն իրավացի է Ս. Սարգսյանը, երբ ասում է. «Հանրային վստահությունը երեւակայական բան չէ»: Իրոք, այն երեւակայական բան չէ, որը հնարավոր լինի ձեռք բերել երեւակայական մտահոգությամբ ու ոչինչ չնշանակող խոստումներով՝ պարբերաբար խորհրդակցություններ հրավիրելով եւ դատաիրավական համակարգը վարկաբեկող նույն պաշտոնյաների գլխին խրատներ կարդալով:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031