Գործարար Սիլվա Համբարձումյանը մեր թղթակցին հայտնել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը միջնորդների միջոցով խոստացել է, որ մինչեւ դեկտեմբերի 15-ը Համբարձումյանին կփոխանցի 102 միլիոն դրամ։ Սա այն սարքավորման արժեքն է, որը, ինչպես հայտարարել էր Սիլվա Համբարձումյանը, Սյունիքի մարզպետը գողացել էր իրեն պատկանող ոսկու հանքից։ Ինչպես հայտնի է, այս գործով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել։ Երեկ, երբ Համբարձումյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք մարզպետն արդեն փոխանցե՞լ է խոստացված գումարը, նա պատասխանեց. «Ոչ, չի փոխանցել։ Երեկ էլ գործով քննիչը նրան կանչել, ասել է, որ չի կարող գործը ձգել, պետք է այն արազ փակի, իսկ դրա համար պետք է, որ մարզպետը փոխանցի խոստացված գումարը։ Եթե այս երկու օրվա ընթացքում պահանջված գումարը չփոխանցի, ես նորից մամուլի ասուլիս եմ հրավիրելու»։ Ըստ գործարարի, հենց այդ ասուլիսի ժամանակ էլ նա կհայտարարի նաեւ իր վերջնական որոշման մասին՝ Սյունիքի մարզում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու Է, թե՝ ոչ:
«Հայկական ժամանակ»