Այսօր «Սարդարապատ» շարժման նախաձեռնած «Ընտրությունների այլընտրանքը» թեմայով քննարկման ժամանակ «Հայ կրթական հիմնադրամի» խորհրդի նախագահ Նվարդ Մանասյանը, որը ՀՅԴ անդամ է՝ կարծիք հայտնեց, թե առաջիկա ընտրություններին պետք է գնալ նախեւառաջ արժեքային վերաիմաստավորմամբ՝ իրավունքի ու ազատության արժեքային ընկալումների տարանջատմամբ:
Ըստ փորձագետի, այդ ընտրությունների շեմին նաեւ հասարակության ներսում համերաշխություն պիտի լինի՝ իշխանություններից պահանջելու աշխատանքի իրավունքի իրական իրացում եւ սեփականության իրավունքի հաստատում, որպեսզի իշխանության կամքից կախված չլինի, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի սեփականություն ունենալ-չունենալը: «Թե ո՞նց կուտակեց նա այդ սեփականությունը՝ մի կողմ ենք դնում: Բայց ես հիմա շատ խղճում եմ այդ մարդուն, որ նա ստիպված է մասնակցել քաղաքական գործընթացներին՝ փոխանակ սեփական բիզնեսին տիրություն անի: Որեւէ գործարար երեւի քաղաքականությամբ զբաղվելն, իմ կարծիքով, ժամանակի կորուստ է համարում կամ գիշերները տառապում է՝ մտածելով, թե ինչ գործ ուներ դրա (քաղաքականության) հետ: Բայց նա ստիպված է եղել գնալ գիտակցված այդ ինքնասպանության ակտին՝ որպեսզի կարողանա փրկել իր սեփականության իրավունքը, հետեւաբար՝ նաեւ կյանքի իրավունքը»,- ասաց փորձագետը:
Նրա դիտարկմամբ այդ իրավունքների իրացումն առաջադրելիս չպետք է առաջնորդվել ատելությամբ կամ սովետական մոդելի մտածողությամբ՝ ես գամ իշխանության, որ մյուսի կուտակած սեփականությունը վերցնեմ. «Ես կարծում եմ, որ աշխատանքի եւ սեփականության իրավունքը պիտի արդյունավետ գործի, եւ դա կբերի նաեւ հասարակության բեւեռվածության աստիճանաբար մարման»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ