Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի օր իսկական հարսանիք կանենք»

Դեկտեմբեր 22,2011 21:09

Լուսինեն Արշակին էր սպասում, Արշակն էլ նրան, առաջին ժամադրությունն էր, Զորավար Անդրանիկի արձանի մոտ պետք է հանդիպեին, երկուսն էլ լարված էին, անհանգիստ, մի քիչ էլ նյարդայնացած, իրար էին սպասում: Պարզվում է՝ հանդիպման վայրն էին շփոթել:

 

Լուսինեին Արշակը  տեսել էր իր մորաքրոջ տանը, մորաքրոջ աղջկա ընկերուհին էր, զրուցել էին, կարթ խաղացել, վերջում էլ Արշակը Լուսինեին տուն էր ուղեկցել, ուշ գիշեր էր: Հաջորդ օրն էլ  Արշակը մորաքրոջ տանն էր, համոզում էր բարեկամներին՝ իրեն ասել Լուսինեի հեռախոսի համարը եւ նրա մասին տեղեկություններ տալ:

«Զանգեց, ասաց գործ ունի ինձ հետ, զարմացա, ես էլ քաղաքում չէի, ասացի, որ մի քանի օր հետո հազիվ էլ կարողանամ հանդիպել: Հետո էլ իմացա, ինչ նպատակներ ունի, ամբողջ բարեկամությանը խառնել էր իրար: Խուսափում էի հանդիպել հետը, միշտ ինչ-որ պատճառ էի գտնում հանդիպումը հետաձգելու համար»,- պատմում է Լուսինեն, բայց մի օր էլ չդիմանալով Արշակի պնդումներին՝ համաձայնվում է, հանդիպման   վայրն էլ Մանկավարժական համալսարանի դիմաց՝ Զորավար Անդրանիկի արձանի շրջակայքն էր: «Ճիշտն ասած, Արշակի դեմքը մոռացել էի, լավ չէի հիշում, մտածում էի, որ տեսնեմ, կարող է չճանաչեմ: Գնացի հանդիպման, մի քիչ էլ ոտքս կախ գցեցի, ուզում էի ուշանալ, մի քիչ սպասեցնել: Հետո գնացի, կանգնեցի արձանի մոտ, տեսնեմ տղա չկա, նայում եմ շուրջբոլորս անցնող մարդիկ, իրեն էլ լավ չեմ ճանաչում, ի՞նչ անեմ… ընկերուհիս այդտեղի խանութներից մեկում էր աշխատում, գնացի նրա մոտ»,- պատմում է Լուսինեն: Ասում է՝ հետո Արշակը զանգեց, հարցրեց՝ որտե՞ղ եմ, նա էլ ասել է շուտով կհասնի: Գնացել, նորից Արշակին այնտեղ չի գտել, զարմացել է, չի դիմացել ու զանգել նրան, ասել է ձիով արձանի մոտ է, Արշակն էլ քայլերն ուղղել է դեպի Վարդան Մամիկոնյանի արձանը, կանգնած է եղել այն արձանի մոտ, որի  կողմում Լուսինեն է կանգնած եղել: Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ էլ Լուսինեին չգտնելով՝ զանգել էր եւ պարզել՝ Մանկավարժական համալսարանի դիմացի արձանի մոտ է կանգնած. Հիմա էլ ուղիղ Գրիբոյեդովի արձանի մոտ՝ մոռանալով «ձիու» մասին: «Արդեն նյարդայնացել էի, ուզում էի գնալ, զանգել եմ նորից, հարցնում եմ՝ որտե՞ղ է, ասում է Մանկավարժականի դիմացի  արձանի մոտ, ասում եմ՝ գնում եմ եւ  քայլում դեպի Գրիբոյեդովի արձանը, իսկ այնտեղ նա է կանգնած»,- պատմում է Լուսինեն: Արշակը ուղեկցում է Լուսինեին իր մեքենա, նստում են եւ խոսում: «Սիրո սիրահարվածության մասին խոսք չգնաց, զրուցեցինք տարբեր բաներից»,- ասում է Լուսինեն, հիշում է՝ մեքենայի հետեւի նստատեղերին էլ ծաղիկների մեծ փունջ էր դրված. «Մտածում էի, ինչպե՞ս եմ տուն տանելու»,- ծիծաղում է Լուսինեն, ավելացնում՝ մեքենայից դուրս եկավ, քայլեց դեպի իրենց տուն, Արշակը մոտեցավ, ծաղիկը տվեց նրան եւ հեռացավ:

«Էտ հանդիպումից հետո էլ անընդհատ խուսափում էի նոր հանդիպումներից: Ասում էի՝ չեմ կարող, եղանակը լավ չէ եւ այլն»,- պատմում է Լուսինեն, նշում է՝ Արշակը շատ ուշադիր էր իր նկատմամբ, ամեն րոպե հեռախոսին հաղորդագրություն էր ուղարկում, որոնք հատուկ պահվում էին: Տղայի ուշադրությանն էլ արդյունքը տվեց, Լուսինեի զգացմունքները նրա նկատմամբ փոխվեցին . սեր առաջացավ:  «Ջերմուկում էի, մի օր էլ զանգեց, ասաց, որ գալիս է ինձ տեսնելու, չհավատացի, առավոտյան զանգեց, ասաց սպիտակ տան դիմաց կանգնած է՝ ուզածն էլ մի բաժակ սուրճ է: Տատս էլ վաղուց էր լսել Արշակի մասին, շատ էր ուզում տեսնել նրան , սա էլ առիթ էր»,- ասում է Լուսինեն եւ հիշում, թե ինչպես էր տատը Արշակի հետ ծանթոանալիս ավելի մոտեցել նրան, որ լավ տեսնի:

Մեկ տարի սպասեցին իրենց ամուսնությանը, ամուսնության ժամանակն էլ  որոշելիս միշտ ինչ-որ խնդրի էին հանդիպում, աշնանը Լուսինեն վիրահատվեց, գարնանը հայրը Հայաստանում չէր, հաջորդ աշնանը Արշակի ծնողները աղջկան հարսանիքով չէին ցանկանում տուն տանել, Լուսինեի ծնողներն էլ դրան համաձայն չէին. «Մի երեկո էլ նստեցինք,  որոշեցինք, որ հաջորդ օրը ամուսնանալու ենք, միասին ենք ապրելու: Մեզ հարսանիք պետք չէ: Ծնողներիս էլ ասացինք, որ մենք այդպես ենք որոշել ու ոչ մեկի ասածն էլ չենք լսելու: Նրանք էլ ոչինչ չասացին»,- պատմում է Լուսինեն: Ասում է՝ գնացին Ծաղկաձոր, միասին առաջին օրը այնտեղ անցկացրին: Արդեն 2 երեխա ունեն, երջանիկ են, սերն էլ օր օրի ավելանում է: Քաղաքացիական ամուսնությամբ են «իրար կապված». « Արշակը խոսք է տվել՝ ամուսնանալու ենք եկեղեցում՝ ես ել հարասանեկան զգեստ եմ հագնելու, չգիտեմ՝ ե՞րբ, բայց մի օր իսկական հարսանիք կանենք»:

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031