Երեկ Շիրակի մարզի ամենամեծ գյուղական համայնքում` Ախուրյանում, Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի տնօրենի ընտրություններ էին: Այստեղ ընտրապայքարի էին դուրս եկել երկու թեկնածուներ. հանրապետական Ալեքսան Քոչարյանն ու դաշնակցական Խանում Պապիկյանը: Այս տիկնոջ ներկայացնելով, ինքը հանրապետության առաջին վարժարանի հիմնադիրն է, 1991թ.-ին իր նախաձեռնությամբ է հիմնվել Նիկոլ Աղբալյանի անվան վարժարանը, որը վերջերս դարձել է ավագ դպրոց:
Նրա մրցակից հանրապետականն էլ պակաս կենսագրություն չուներ, վերջինս էլ ղեկավարել է նույն համայնքի Գյուղակադեմիայի հենակետային վարժարանը, որն այս տարի կառավարության որոշմամբ օպտիմալացվեց Նիկոլ Աղբալյանի վարժարանի հետ, տնօրենն էլ դուրս մնաց աշխատանքից: Այս մրցույթում պաշտոնակռիվ էր սպասում այս երկուսի միջև, սակայն սպասվածին հակառակ` հանրապետական թեկնածուն մրցույթին չէր ներկայացել: Նշենք, որ մրցույթն արդեն մի անգամ հետաձգել էին` կրթության նախարարության ներկայացուցչի չներկայանալու պատճառով: Առաջին անգամ հանրապետական Ալեքսան Քոչարյանը դպրոցից Խանում Պապիկյանին հեռացնելու տրամադրությամբ էր ներկայացել: Իսկ այս անգամ, չգիտես ինչու, չէր եկել: Նրանից տեղեկություններ չունեին նաև կառավարման խորհրդի անդամները:
Մեր հարցին` մի՞թե հանրապետական թեկնածուին հետ է պահել այն փաստը, որ այս դպրոցը ՀՕՄ-ի փողերով է սնվում, և դժվար թե դաշնակցականները թույլ տան իրեն ընտրվել ու իրենց փողերը հաշվել, կառավարման խորհրդի նախագահ Արմեն Ստամոբլցյանը խնդրեց ընտրությունները չքաղաքականացնել:
Նշենք, որ Ախուրյանը Շիրակի մարզի այն բացառիկ համայնքներից է, որտեղ կոալցիոն կուսակցության ներկայացուցիչները դեր չունեն, այստեղ դեռ իշխում են Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի կադրերն ու կուսակից ընկերները: Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը դաշնակցական է, Ռոմիկ Մանուկյանի պաշտոնավարման տարիներին դաշնակցական դարձավ նաև Խանում Պապիկյանը, որ երեկ, դպրոցի զարգացման ծրագիր ներկայացնելու փոխարեն, կառավարման խորհրդի անդամներին հրամցրեց իրեն գովերգող հեռուստատեսային ռեպորտաժներ, ձեռքի հետ էլ հայրենասիրական բանաստեղծություններ արտասանեց, մի խոսքով, ընտրությունները շոուի վերածեց:
Կարդացեք նաև
Մանրամասները` տպագիր «Առավոտի» առաջիկա համարում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հարգելի ընկերներ, Հայաստանում դեռ ոչ ոք չի արել այն, ինչ այս կինն է արել: Դեռ 90-ական թվականներից կրթել և դաստիարակել է սերունդներ, նրա շնորհիվ բարձրագույն կրթություն են ստացել հազարավոր երիտասարդներ: Ոչ մի տղամարդ տնօրեն չունի այն խելքն ու կարողությունները, որ Հայաստանի այս պայմաններում կարողանա պահել նման դպրոց` անընդհատ կատարելագործելով կրթության որակը: