Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն ըստ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի՝ արտահայտման իրավունքի խախտում է: Նման տեսակետ Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց նա: Մ. Դանիելյանը գտնում է, որ դա չպետք է լինի որպես օրինագիծ եւ մարդկանց պատասխանատվության ենթարկելու միտումներ ունենա. «Դա մարդու արտահայտվելու իրավունքն է՝ ընդունել մի բան կամ չընդունել: Ես դեմ եմ նման օրինագծերին եւ համարում եմ, որ եթե մեկը ժխտում է, դա չպիտի լինի քրեական պատասխանատվության առարկա: Մարդու արտահայտության իրավունքը մնում է ավելի բարձր»:
Մեզ հետ զրույցում հակառակ կարծիքը հայտնեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանայաին վերլուծական կենտրոնի» նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը. «Չեմ, կարծում, որ դա կարող է դիտվել որպես արտահայտման իրավունքի խախտում: Եթե հոլոքոստը ճանաչված է աշխարհի կողմից, գրեթե բոլոր երկրներում հոլոքոստի մերժումը քրեականացված է: Դա նշանակում է, որ հոլոքոստի չճանաչելը կամ հերքելը պատժելի է: Դա ոչ մի կապ չունի մարդու իրավունքների սահմանափակման հետ: Ակնհայտ է, որ այն մարդիկ, ովքեր դա մերժում են, պետք է պատասխան տան ե՛ւ միջազգային եւ սեփական երկրի առջեւ: Հայերի ցեղասպանության փաստը ճանաչված է մոտ 20 երկրներում, նաեւ Եվրամիության, տարբեր միջազգային կառույցների կողմից, ուրեմն այդ փաստը բավական մեծ հնչողություն ունի»:
Նշենք, որ թուրքական Zaman-ի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել է Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը. «Ցավոք, այս ամենը Սարկոզիի քաղաքական նկրտումների հետ էր կապված։ Հիմա ես հարցնում եմ՝ Ֆրանսիայում խոսքի ազատություն կա՞։ Եվ պատասխանում եմ՝ ոչ։ Նրանք վերացրեցին ազատ քննարկելու մթնոլորտը»:
Ս. Գրիգորյանը վստահ է, որ օրինագիծը նաեւ վերջնական հաստատում կունենա. «Նախագահ Սարկոզին վետոյի իրավունքը չի օգտագործի, այդ նախագիծը, որն անցավ նաեւ Սենատում, ի վերջո, կհաստատվի եւ վերջնականորեն օրենքի իրավունք կստանա: Եթե Նիկոլա Սարկոզին դեմ լիներ, Ֆրանսիայի կառավարությունն ակտիվ կաշխատեր Սենատի պատգամավորների հետ, որ չանցնի: Ակնհայտ է, որ ոչ մի ճնշում պատգամավորների վրա կառավարության կողմից չի եղել, ուրեմն կասկած չունենք, որ այդ օրենքի վերջնական հաստատումը կլինի»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ օրինագծի ընդունումը, Ս. Գրիգորյանը պատասխանեց՝ Թուրքիայի առաջին արձագանքը ցավոտ կլինի, բայց, ի վերջո, այդ երկիրը կհաշտվի այն փաստի հետ, որ Ֆրանսիան հզոր երկիր է, ՄԱԿ-ի անվտանգության մշտական անդամ, եւ նման երկրի հետ կատակներ անելը կունենա լուրջ հետեւանքներ: Ըստ նրա, կարող է քաղաքական աղմուկը մեծ լինի, դեսպանի հետ կանչելով հարաբերություններն անցնի դեսպանի տեղակալի մակարդակի, բայց տնտեսական ոլորտում Ս. Գրիգորյանը չի կարծում, որ Ֆրանսիան շատ մեծ կորուստներ կունենա: Հակառակը՝ չի բացառում, որ նման կերպ վարվելով, Թուրքիան կարող է ինքը խնդիրների առջեւ կանգնել:
Թուրքիան արդեն իսկ հայտարարել է Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին: Ինչ վերաբերում է այդ երկրի կողմից տարատեսակ սանկցիաներ կիրառելուն, քաղաքագետը կարծում է, որ այդ քայլերից Ֆրանսիան չի վախենա. «Պետք չէ մոռանալ, որ Ֆրանսիան ինքը հզոր երկիր է: Ֆրանսիայի թիկունքում Եվրամիությունն է: Ի՞նչ է նշանակում Ֆրանսիայի դեմ սանկցիա, ասենք, եթե Թուրքիան փորձի ինչ-որ տնտեսական կամ առեւտրի ոլորտում սանկցիաներ կիրառել Ֆրանսիայի դեմ, ինքն ավտոմատ պետք է դուրս գա Եվրամիության դեմ»:
Մեր հարցին ի պատասխան, թե արդյոք Ֆրանսիայի՝ օրինագծի ընդունման քայլը պայմանավորված չէ նրանով, որ առաջիկա ընտրությունների ժամանակ այդ երկիրը փորձում է հայ համայնքի ուշադրությունը գրավել եւ ըստ այդմ ձայներ ունենալ, քաղաքագետը նկատեց, որ դա գլխավոր գործոնը չէ. «Հայերը Ֆրանսիայում կազմում են մոտ կես միլիոն, մոտավորապես 200 հազար ձայն ունեն: Դա այդքան էլ մեծ ազդեցություն չունի, որ Ֆրանսիան այդպես կոշտ ձեւով հակադրվի Թուրքիայի հետ»: Ըստ քաղաքագետի, Ֆրանսիան այդ օրինագիծն ընդունելու մի քանի պատճառ ուներ, որոնցից մեկն, ըստ նրա, պատմության արդարությունը վերականգնելու հետ էր կապված, իսկ գլխավորը. «Վերջին ժամանակներս Թուրքիան մեծ հավակնություններ ունի արաբական, մուսուլմանական աշխարհում: Արաբական գարնան, հեղափոխությունների հետ կապված Թուրքիան տարածաշրջանում փորձում է դառնալ լիդեր, նաեւ այդ թվում Հյուսիսային Աֆրիկայի երկրների մեջ: Ակնհայտ է, որ դա դուր չի գալիս Ֆրանսիային»: Մեր զրուցակիցը կարծում է, որ օրինագծի ընդունումը վերջին քայլը չէ Ֆրանսիայի կողմից՝ ուղղված Թուրքիայի դեմ: Նրա խոսքով, մրցակցության փուլը նոր է սկսվում. «Թուրքիան հզորանում է եւ բախվում այլ երկրների շահերի հետ՝ առաջին հերթին Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ եւ առաջիկայում նոր քայլեր կլինեն այդ երկրների կողմից»:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ