«Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը տարբեր ռազմավարությունների, ուղղությունների վրա տարբեր հետեւանքներ կարող է ունենալ: Թուրք-ֆրանսիական հարաբերություներում կարող է մի քանի շաբաթ ինչ-որ սառեցում լինի, որը հավանաբար կտեւի մի քանի ամիս, մինչեւ որ Սենատն էլ հաստատի, վերջում, կարծում եմ, ամեն ինչ բնականոն հունով կընթանա»,- անդրադառնալով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտման մասին օրինագծին եւ դրա ընդունումից հետո հետեւանքներին, Aravot.am-ին ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը:
Ըստ նրա, ներկա վիճակով Սենատը հայկական օրինագծի վերջնական ընդունումը կհաստատի. «Որովհետեւ փոխվել է ե՛ւ Սենատի կազմը ե՛ւ օրինագիծը: Սա այլ օրինագիծ է, մերժված կամ չքվեարկված օրինագիծ չէ եւ Սենատում էլ արդեն սոցիալիստներն են, որոնք նախքան Սարկոզիի երեւանյան այցը հայտարարել էին, որ իրենք հարցը Սենատ են մտցնելու»:
Հետաքրքրվեցինք, թե Ֆրանսիայի այս քայլն արդյոք պայմանավորված չէ՞ առաջիկա ընտրություններին Ֆրանսիայի հայկական համայնքի աջակցությունը ստանալու հանգամանքով, Կ. Մանոյանը պատասխանեց, թե դա ժամանակի իմաստով պատճառներից մեկն է, բայց ոչ միակ պատճառը:
Թուրքիան վերջերս զգուշացրել է Ֆրանսիային՝ տնտեսական ծանր հետևանքներ հասցնելու մասին, եթե երկրի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանության փաստի հերքումը քրեականացնող օրինագիծը: Կ. Մանոյանից հետաքրքվեցինք, թե արդյոք այդ հանգամանքը կարո՞ղ է վերջնական ընդունման վրա որեւէ կերպ անդրադառնալ: Նա կարծում է, որ այդ հանգամանքը Ֆրանսիայի Սենատում հայկական օրինագծի վերջնականորեն ընդունման վրա որեւէ ազդեցություն չի՞ կարող ունենալ . «Այդ ամենը մեկ անգամ եւս ցույց կտա, որ Թուրքիան սպառնում է, բայց ի վերջո, վերադառնում է բնականոն վիճակի»:
Կարդացեք նաև
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն արդեն իսկ հայտարարել է, որ դադարեցնում են ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի հետ, չեղյալ հայտարարում թուրքական օդանավակայաններում ֆրանսիական մարտական ինքնաթիռների վայրէջք կատարելու, ինչպես նաեւ նավահանգիստներում ֆրանսիական մարտանավերի խարիսխ գցելու թույլատվությունը։
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ