Ամանորին ընդառաջ «Առավոտ երիտասարդական»-ը բլոգերներից հետաքրքրվեց՝ ի՞նչ են ցանկանում Ձմեռ պապիկից:
Սամվել Մարտիրոսյանը խնդրում է, որպեսզի Նոր տարուն Ձմեռ պապն այնպես անի, որ իրեն ամեն օր չառաջարկեն ինչ-որ բան like անել: Վահե Շահվերդյանն այս տարի ուզում է ստանալ թույլտվություն իր նոր բլոգ TV-ի հաղորդումանը, որը կդառնա այս տարվա ամենառեյտինգային հաղորդումներից մեկը, իսկ ընթերցողներին էլ ցանկանում է համբերություն:
«Որպես բլոգեր ցանկանում եմ, որ վիրտուալ կյանքում ևս իշխի տոնական տրամադրությունը: Վիրտուալ Ձմեռ պապիկը թո’ղ այստեղ ևս առատաձեռն լինի»,- իր ցանկությամբ «Առավոտ երիտասարդական»-ին է ասում բլոգեր Անի Սմբատյանը: Ըստ նրա` բլոգերները բարի ու հետաքրքրասեր մարդիկ են, ուստի ցանկանում է, որ եկող տարին շատ հետաքրքիր լինի նրանց համար, լինեն գաղափարներ, որոնք նորարարական կլինեն: Ուզում է, որ չլճանա բլոգային կյանքը, նորերը գան` հետաքրքիր մտքերով ու գաղափարներով: Անիի համար 2011 թվականը բավականին աշխույժ անցավ բլոգային աշխարհում` Բարքամփ Երևան, Բարքամփ Արցախ, Բլոգգերների օրը և այլն…. Հուսով է` եկող տարի էլ այս խոսքերը կգրի:
Եկող տարի մեզ մոտ նախընտրական տարի է, բլոգեր Գևորգ Ղազարյանը Ձմեռ պապիկից ակնկալում է հասարակական միասնություն, հանգիստ հասարակական կյանք: «Ուզում եմ մարդիկ դառնան ավելի հասուն ու գրագետ: Բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ընդ որում, քանի որ միշտ շնորհավորանքների մեջ մյուսները նշելու են «աստված մեզ պահապան» տարբերակը, իմ կողմից ավելացնեմ, որ Աստվածներն էլ` մեզ հետ ու մեզ հովանավոր»,- ասում է Գևորգը: Շուշան Շատիկյան էլ շատ բան չի ուզում, ընդամենը ուզում է` մի քիչ խելք` մեր Կառավարության համար. «Որ էս հուսահատության դուռը հասած ազգին մի բանով օգտակար լինի, որ պետության գերակա շահից բարձր դասի ժողովրդի գերակա շահը»:
Արամ Արարատյան