Լրահոս
Օրվա լրահոսը

Ասենք չեմ տեսել, հետո՞

Դեկտեմբեր 22,2011 18:05

Իմ հարգելի գործընկերներ Մարգարիտ Եսայանի եւ Վարդան Հարությունյանի հեռակա բանավեճը՝ ով ինչպես տեսավ Լեւոն Տեր-Պետրոսյանին ինձ գրավեց այնքանով, որ անձի շուրջ էր: Իսկ ես անձնավորված քննարկումներ չեմ սիրում, ինչպես չեմ սիրում երբ ուրախ առիթներում պարել-ուրախանալու փոխարեն մարդիկ խմում-նստում, խմում-նստում են:

Ուրեմն նախագահների մասին: Ուզում եմ գրելու ընթացքում մոռանալ որ ես ու Մարգոն նույն սենյակում ենք նստում, հաճախ Մարգոն ինձ խնձոր ու կոնֆետ է հյուրասիրում: Նաեւ, որ Վարդանի հետ սեղան ենք նստել, բաժակ բարձրացրել ու միշտ զարմացել եմ, թե նա ոնց է ոստիկան աշխատել՝ հեչ էդ տեսակը չի:

Մարգոն էլ, Վարդանն էլ գործի բերումով շփվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Լավ են արել: Ես էլ՝ գործի բերումով: Մի անգամ դեռ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Արմավիրի «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում լրագրողների ոչ մեծ խմբին ձեռքով բարեւեց: Նաեւ ինձ: Սա իմ համար պատմական պահ, իմ վաստակի դրսեւորում չի: Սովորական օր էր, որ արդեն մոռացել էի ու հիշեցի Մարգո-Վարդան բանավեճի ծիրում: 2008-ի մարտի մեկին լրագրողների այն մեծ խմբի մեջ էի, ում Լեւոն Տեր-Պետրոսյանը իր տուն էր հրավիրել ասուլիսի:

Ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ էլ այսօրինակ շփում՝ ասուլիսի, այս կամ այն ձեռնարկություն նրա այցի մասնակցություն եղել է: Երեքից ոչ մեկի հետ օտար երկրների չեմ մեկնել, երեքից ոչ մեկն էլ սրտովս չի: Բայց երբեք չեմ էլ մտածել մեր պատմության վերջին 20 տարիները բաժանել երեք մասի՝ ամեն նախագահին իր մասով, մի բան որ անում են իմ հարգելի գործընկերները: Մի տեղ կարդացի ու շատ հավանեցի: Անունը չեմ հիշում, բայց գրել է, որ Լենինգրադի բնակիչները հայրենական պատերազմի օրերին բլոկադայի շրջանը անվանում են՝ «Հերոսական դիմակայության օրեր», իսկ մենք մեր ոչ պակաս հերոսական դիմակայությունը անվանեցինք՝ ցրտի ու մթի տարիներ: Ամերիկացիք էլ են չեն անձնավորում՝ Մեծ ճգնաժամ եւ այլն… անհաջողությունն էլ է բոլորինը, հաջողությունն էլ:

 

 

 

Կառաջարկեի այսպես սահմանենք մեր պատմության հատվածները. Հայաստանի եւ Ղարաբաղի հերոսական դիմակայության օրեր, Մեծ ողբերգություն՝ նկատի ունեմ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, Մեծ հիասթափություն՝ նկատի ունեմ չգիտեմ երբ սկսված ու չվերջացող արտագաղթն ու գյուղերի դատարկվելը եւ այլն եւ այլն եւ այլն:

Այնպես որ հարգելի Մարգո ու Վարդան, հեչ էլ կարեւոր չի թե Լեւոն Տեր-Պետրոսյանին հավանել եք, թե չէ: Դա մի կողմ թողեք. Ինձ համար ավելի կարեւոր էր նաեւ հետագա մտորումների նյութ, տեղեկանալ, որ Մարգոյի բառերով ասած անկախության իր բաժինը՝ որպես երեք երեխա ունեցող ընտանիք ստացած չոր կաթի փոշի, մատնաքաշ, եւ նավթ էր, իսկ Վարդանի բաժինը, ում կինը հայաստանցի չէր ու որեւէ պոլիկլինիկայում, սոցիալական տարաբնույթ բաժիններում ու գործկոմներում հաշվառված չէր նավթ, կաթի փոշի ու նման բաներ չի հասել, տունը տաքացնելու համար շինարարական աղբից հավաքված փայտի կտորներ էին:

Վարդանն էլ, Մարգոն էլ, ես էլ ու  մեր նման շատերը կարող ենք անկախության մեր բաժինը համարել « Հայաստանի եւ Ղարաբաղի հերոսական դիմակայության օրերը», որ ծառ չենք կտրել ու նկուղ չենք թալանել, Հայաստանից չենք հեռացել ու տաքուկ մի տեղից դասեր տվել մնացողներին ոնց կամ ում նախագահ ընտրել: Ով ինչ է արել, իր խղճին: Ով պատերազմից առաջ, ընթացքում ու հետո եւ հերոսական դիմակայության օրերին ինչ սուտ է խոսել, որ նախագահից քանի պաշտոն ստացել ու գլուխ գովելով չգիտեմ ինչ է անում՝ էլի իր խղճին: Աստված կդատի՝ առանց անձնավորելու, բայց ամեն մեկին իր արածի ու չարածի համար:

 

Սա վերաբերում է ինձ էլ, ձեզ էլ, Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ: Մեկ մարդը չի կարող բոլորի համար ընդունելի լինել, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարդ է: Ինչպես Մարգոն, Վարդանը, ես կամ մեր հարեւան Ռաֆոն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Այս նկարներում, իմ պատկերացմամբ ներկայացված է մեր բաժին Հայաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031