Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանին գոհացնում է ընտանիքի անդամների աշխատավարձը

Դեկտեմբեր 22,2011 17:51

«Քարոզարշավ ինձ մոտ, ընդհանրապես, չի եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեր այն հրապարակմանը, որ ինքն ընտրարշավն արդեն սկսել է, ասաց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ)՝ հավելելով, որ ինքն ինչ անում է՝ անում է «որպես հայ մարդ»:

Հետաքրքրվեցինք՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ է: «Բա որ էդքան բան լսել եք, էդ մեկն ինչո՞ւ չեք լսել: Իհարկե՝ մասնակցելու եմ», -ասաց նա: Իսկ հարցին՝ համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական կարգով, պատասխանեց հարցով. «Ցուցակո՞վ, ո՞ր կուսակցության ցուցակով եք ուզում, ասեք՝ մասնակցեմ: Ես կուսակցական չեմ, որտեղ խորհուրդ տաք՝ էնտեղով էլ գնամ: Հումոր եմ անում, իհարկե, որպես անկուսակցական եմ մասնակցելու»:

Հաջորդ հարցի՝ վստահ ե՞ք, որ հաղթելու եք, պատասխանն էլ եղավ. «Այդ հարցը պիտի ժողովրդին տաք»:

Խոսակցություններ են շրջանառվում, որ նույն ընտրատարածքում այս անգամ էլ պատրաստվում է առաջադրվել մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Բայց եթե 2007-ին նրան սատարում էր Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը», այս ընտրություններում մարքսիստին սատարելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հակոբ Հակոբյանին հարցրեցինք՝ խնդիր չի՞ տեսնում, քանի որ, ստացվում է, թե միայնակ պայքարելու է բավականին լուրջ ֆինանսական եւ մարդկային ռեսուրս ունեցող կուսակցության հետ: «Ես ընդհանրապես ոչ մի խնդրի մասին չեմ մտածել՝ ո՞ր դեպքում կունենամ, ո՞ր դեպքում չեմ ունենա: Ես պայքարելու խնդիր չունեմ: Արդեն 4,5 տարի է՝ պատգամավոր եմ, մշտական իմ կապն իմ ընտրողների հետ եղել է, ընտրատարածքում ունեմ մշտական աշխատող երեք գրասենյակ, բացի պատգամավորական աշխատանքից, նաեւ բարեգործություններ եմ կատարում. ամեն տարի երեխաներին Ձմեռ պապիկի նվերներ եմ ուղարկում, «վերջին զանգի» միջոցառումներին աջակցություն եմ ունենում իմ չափով: Այնպես որ, չմտածեք՝ քարոզարշավ է, դրա համար եմ անում: Էդքան մեծ քարոզարշավ անելու կարիք էլ չկա: Ինձ գիտեն իմ ընտրողները՝ ոնց գիտեն, գիտեն: Ավել բան ես չեմ արել, չեմ էլ անելու: Ուզում ե՞ն ես դառնամ պատգամավոր, թող ձայն տան, չե՞ն ուզում, թող չտան: Ես փող չեմ բաժանել 2007-ին էլ, հիմա էլ չեմ բաժանելու, օգնություն՝ շատ եմ արել, անում եմ, պետք է անեմ, որպես հայ մարդ»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս է մեր զրուցակիցը պատկերացնում խորհրդարանական ընտրարշավին իր մասնակցությունն այն պարագայում, երբ իշխանությունը մտադիր է արգելել գործարարների մուտքը ԱԺ: Հակոբյանը պատասխանեց. «Ես ունեմ սեփականություն, իմ բիզնեսով իմ ընտանիքի անդամներն են զբաղվում, ես էլ ազատ ժամանակ օգնում եմ իրենց: Ես աշխատավարձ չեմ ստանում, օրենքը թույլ չի տալիս, իմ ընտանիքի անդամներն ինչքան ստանում են՝ ինձ դա բավարարում է: Իսկ որ կառավարությունը թողի կամ չթողի՝ անօրինական բան ես չեմ արել, չեմ անում ու չեմ էլ անելու: Օրենքն ինձ թույլ է տալիս, որպես ՀՀ քաղաքացի առաջադրվեմ: Իմ աշխատանքային գրքույկն ԱԺում է, իսկ դա նշանակում է, որ ուրիշ տեղ չեմ աշխատում: Գործից հետո ամեն մեկը մի բանով զբաղվում է, ես էլ իմ ընտանիքի անդամներին եմ օգնում բիզնեսում»:

Խնդրեցինք նաեւ, որ Հակոբյանը գնահատի իր պատգամավորական գործունեությունը: Նա համեստորեն հրաժարվեց դա անել ու ի պատասխան մեր հարցերի՝ ասաց, որ ինքն այլոց փոխարեն երբեք չի քվեարկել եւ ոչ էլ որեւէ մեկին խնդրել է իր փոխարեն քվեարկել:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031