«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը մեր ատոմակայանում այլեւս անելիք չունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀԱԷԿ-ի ունեցած պարտք ու պահանջներին, ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նրա, ատոմակայանը հանձնվել էր Ռուսական «ԻնտերՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը, որպես երաշխիք այդ ընկերությանը միջուկային վառելիքի մատակարարումներից ունեցած 40-50 միլիոն դոլարի պարտքի դիմաց.
«Արտառոց ոչ մի բան չի եղել, բոլոր վճարումներն ավտոմատ կատարում ենք, այդ պատճառով «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն անելիք չունի այլեւս»: Նախարարը նաեւ հավաստիացրեց, որ Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հետ հայկական ատոմակայանի հավատարմագրային կառավարման նոր պայմանագիր չի կնքվի:
Նշենք, որ նախարարը ասուլիս էր հրավիրել տարին ամփոփելու, եկող տարվա ծրագրերն էլ՝ ներկայացնելու:
Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի շինարարության ավարտին, ապա Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ եթե ամեն ինչ նախատեսված գրաֆիկով ընթանա, այն պատրաստ կլինի 2016-2017 թթ. «Հին էներգաբլոկը կկանգնի այն ժամանակ, երբ նոր բլոկը սկսի աշխատել»:
Հարցին գազի թանկացում սպասվո՞ւմ է առաջիկայում, պարոն նախարարը հայտնեց, որ այս պահին թանկացման վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չունի. «Թե ինչ կլինի դե ֆակտո՝ կյանքը ցույց կտա»:
Խոսելով ապագայի ծրագրերից, Արմեն Մովսիսյանն ասաց, որ հայրենի կառավարությունը որոշել է ոչ միայն Հայաստանի, այլեւ Լեռնային Ղարաբաղի էներգառեսուրսները մաքսիմալ օգտագործել. «ԼՂՀ-ում հայտնաբերվել է ածխի պաշարներ: Մենք որոշել ենք Երեւանի հին ջերմային կայանը վերափոխել ածխային վառելիքով, ինչը բավականին կմեծացնի էներգետիկ անվտանգության մակարդակը: Սա գազի համեմատ ավելի ձեռնտու է եւ տնտեսական էֆեկտ կստեղծի համակարգում»:
Պարոն Մովսիսյանը նաեւ ներկայացրեց եկող տարվա անելիքները
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ