Aravot.am-ը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանին խնդրեց ամփոփել տարին: Ի թիվս այլ գործերի, պարոն Խաչատրյանը նշեց, որ հաջողությամբ կազմակերպվել են պետական միասնական քննությունները, բուհերի ընդունելության կենտրոնացված եւ ներբուհական քննությունները, կատարվել արդյունքների վերլուծություններ, անցկացվել ստուգատեսներ տարբեր առարկաներից: Մասնավորապես գարնանը ՀՀ բոլոր մարզերի 150 դպրոցների 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվել է TIMSS-2011 միջազգային ստուգատեսը:
Գ. Խաչատրյանը նշեց, որ արդեն հրատարակվել են 2012թ. միասնական քննությունների մաթեմատիկա, հայոց լեզու եւ հայ գրականություն առարկաների շտեմարանների առաջին մասերը, երկրորդը՝ սովորողներին կհասնի առաջիկա օրերին:
ԳԹԿ տնօրենը բավարարված է կառույցի այս տարվա աշխատանքներից, մանավանդ որ, միասնական քննությունները ՀՀ վարչապետն էլ է գնահատել դրական:
ԳԹԿ-ն շարունակում է անցկացնել նաեւ ընթացիկ արտաքին գնահատումներ, որոնց արդյունքներն ու վերլուծությունը պարբերաբար տրամադրվում է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին:
Կարդացեք նաև
«Նախորդ տարվա 9-րդ դասարանի թեստերի արտահոսքը բացառել ենք այս տարի: Անգամ միասնական քննությունների թեստերի տպագրությունն ենք իրականացրել մեր տպարանում, եւ վերահսկելի է եղել ողջ գործընթացը: Իսկ եթե որոշ երեխաներ դուրս են մնացել, դա իրենց մեղքն է, քանի որ թեստերը մատչելի էին, եւ ի վերջո չէինք կարող զրո գիտելիքներով մարդկանց ընդունել»,- ասում է տնօրենը:
Գուրգեն Խաչատրյանի խոսքով. «ԳԹԿ-ն 7 տարվա պատմություն ունի, եւ ակնհայտ երեւում է աշխատողների մասնագիտական աճը: Այլ բան, որ մեր աշխատանքների ծավալը մեծ է, շատ անում ենք, ավելի պակաս՝ ներկայացնում»:
Նշենք, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը նաեւ ինքնատիպ տոնածառ է զարդարել, խաղալիքներն էլ Շտեմարանների, Ուղեցույցերի շապիկներ են, քննական թեստեր, պատասխանի ձեւաթղթեր եւ ԳԹԿ աշխատակիցների ցանկություններով բացիկներ;
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ