Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իջեւանցի կենսաթոշակառուն 20 տարի սպասում է արդարության հաղթանակին

Դեկտեմբեր 22,2011 15:46

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի 76-ամյա բնակիչ Վոլոդյա Սարգսյանն իրեն հուզող խնդրով բազում ատյանների է դիմել, սակայն՝ ապարդյուն: 1988-89 թվականներին Իջեւանում գտնվող նրա տունը քանդել են, տեղում շուկա կառուցել: Նոր տուն կառուցելու համար նրան տրամադրել են հողամաս:

Տան շինարարության համար Վոլոդյան 1991 թվականի փետրվարի 26-ին Իջեւանի երկաթբետոնյա իրերի կոմբինատին պատվիրել է միջհարկային ծածկի 206 քմ երկաթբետոնյա հենասալեր, որոնց համար մուծել է 4331 ռուբլի: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ը փլուզված չէր, ռուբլին դեռ չէր «գահավիժել»: Տարբեր պատճառաբանություններով կոմբինատը ձգձգել է հենասալերի տրամադրումը: 1996 թվականին ձեռնարկությունը լուծարվել է:

Վոլոդյան ստիպված դիմել է տարբեր ատյանների: Ի վերջո, այն ժամանակ դեռ դատավոր Տիգրան Մուկուչյանի խորհրդով՝ 2002 թվականի օգոստոսին դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: Սակայն նրա հայցով դատարանի վճիռը կայացել է ամիսներ անց` դեկտեմբերի 17-ին: Դատարանը վճռել է հօգուտ Վոլոդյա Սարգսյանի «Իջեւանշինից» բռնագանձել 1728 դոլարին համարժեք դրամ: Սակայն դրանից մեկ օր առաջ` դեկտեմբերի 16-ին տնտեսական դատարանը կոմբինատի իրավահաջորդ «Իջեւանշին» ԲԲԸ-ն ճանաչել է լուծարված : Դա Սարգսյանին պատահական չի թվում: Նա տարակուսում է, թե ինչու իր հայցադիմումը ամիսներ շարունակ չի քննվել, իսկ «Իջեւանշինի» սնանկության հայցը բավարարվել է մի օրում: Ու հիմա բոլոր ատյաններից նրան պատասխանում են, որ «Իջեւանշինը» լուծարվել է: Բայց Սարգսյանը զարմանում է, թե ինչու իր անունը ընկերության պարտապանների ցուցակում չի եղել: «Ինչո՞ւ իմ անունը չեն գրել, ո՞վ է կերել իմ փողը»,-վորդովում է երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուն:

Նա ասում է, որ «Իջեւանշինի» լուծարման գործընթացի ժամանակ զբաղված է եղել կաթվածահար եղած իր կնոջ խնամքով: Կինը` տիկին Ալլան, ներկայումս առաջին խմբի հաշմանդամ է, գամված անկողնուն: Վոլոդյա Սարգսյանը, ի թիվս այլ պաշտոնատարների, դիմել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, օրերս Տավուշի մարզ այցելած Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Երկուսն էլ պատասխանել են, որ հարցի լուծումը դուրս է իրենց իրավասության շրջանակներից:

2009 թվականին Վոլոդյա Սարգսյանը դիմել է Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոն այցելած ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Վերջինս խոստացել է աջակցել, սակայն տեղաշարժ դեռ չկա:

Վոլոդյա Սարգսյանը դեռ սպասում է արդարության հաղթանակին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031