Ամեն տարի` Ամանորի նախաշեմին, տանտիրուհիներին, ի թիվս այլեւայլ հարցերի` ի՞նչ հագնեմ, ի՞նչ նվիրեմ եւ այլն, հուզում է նաեւ` ի՞նչ նոր ճաշատեսակ պատրաստեմ հարցը: Բոլորս էլ հոգնում ենք ամեն տարի նույն բաները պատրաստելուց: Ավանդական խոզի բդին ու բլինչիկին միանգամայն կողմ լինելով` առաջարկում եմ նաեւ որոշ այլ բաներ պատրաստել: Սկսենք տավարի լեզվից:
Քայլ 1. – Մսավաճառից կամ խանութից գնում եք տավարի թարմ լեզու: Տանը այն մի լավ լվանում եք , դնում մեծ կաթսայի մեջ, լցնում այնքան սառը ջուր, որ ծածկի լեզուն ամբողջությամբ եւ դեռ մի բան էլ ավելին, ավելացնում եք մեկ գազար` միջից երկայնքով կիսած, մեկ սոխ`երկու մասի բաժանած, նեխուրի /քարավուզ/ ցողուններ, մի քանի հատիկ սեւ պղպեղ, դափնու երկու տերեւ: Դնում եք կրակին եւ եփում երեքից-չորս ժամ: Կարիք լինելու դեպքում ընթացքում պարբերաբար ջուր ավելացրեք, որպեսզի լրիվ ծածկի լեզուն:
Երկու-երեք ժամ եփելուց հետո ավելացրեք մեկ-երկու ճաշի գդալ աղ եւ թողեք եփվի եւս մեկ ժամ: /
Կարդացեք նաև
Քայլ 2 – Հանում եք եռացող ջրից եւ անմիջապես ընկղմում սառը ջրի մեջ, ու մաքրում արտաքին թաղանթից: Երկար եփելուց հետո լեզվի վրայի հաստ թաղանթը հանգիստ դուրս է գալիս, իսկ եթե սառը ջրի տակ պահեք, ավելի հեշտ կլինի: Ուշադրությամբ եւ մանրամասն ազատվեք ամբողջ թաղանթից:
Այժմ արդեն լեզուն ամբողջությամբ պատրաստ է օգտագործման համար:
Կարելի է կտրատել եւ օգտագործել սալաթի մեջ, կարելի է կտրատել, մի թեթեւ տապակել կարագի մեջ եւ որեւէ խավարտով` կարտոֆիլի պյուրեով կամ կանաչ ոլոռով մատուցել որպես տաք կերակրատեսակ, սակայն առաջարկում եմ այլ տարբերակ:
Քայլ 3– Պատրաստում եք թթվասերով թանձրուկը` սոուսը: Մեկ տուփ թթվասերին խառնում եք մեկ ճաշի գդալ մանանեխ , կամ` տարբեր այլ համեմունքների խառնուրդ` ասենք` սեւ պղպեղ, դարչին, կարմիր պղպեղ, աղացած համեմի սերմ եւ այլն…, լավ խառնում եք: Լեզվի վրա մի քանի անցք եք անում, այդ անցքերի մեջ մտցնում սխտորի շերտեր, լեզուն պատում եք թանձրուկով, դնում փայլաթիթեղի մեջ, ամուր փաթաթում եւ դնում լավ տաքացրած ջեռոցը 220-250 աստիճան տաքությամբ կես ժամով:
Ջեռոցից հանելուց հետո կարող եք մատուցել եւ տաք վիճակում, եւ սառը` որպես խորտիկ:
Ի դեպ, կարելի է պատրաստել նաեւ տոմատի թանձրուկով` երեք-չորս գդալ տոմատին ավելացրեք մեկ գդալ բուսական յուղ, համեմեք տարբեր համեմուքներով, այդ թվում` տրորած սխտորով, պատեք լեզուն այդ թանձրուկով, դրեք փայլաթիթեղի մեջ եւ ուղիղ ջեռոց: