«Երեւան գարեջուր» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ) Իջեւանում սկսել է ամանորյա նվերներ բաժանել, դրանք հաճախ նաեւ դրամական տեսք ունեն: Ասում են, որ նվերները նա անձամբ է հանձնում ու կատարելով նաեւ «ազգի ընտրյալի» իր առաքելությունը՝ զրույցներ է ունենում մարդկանց հետ, նրանց դարդ ու ցավից հարցնում, ձեռքի հետ էլ իր «դարդ ու ցավը» բարձրաձայնում: Այն է, որ ինքն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կրկին պատրաստվում է առաջադրվել նույն թիվ 41 ընտրատարածքում, չնայած լսել է, որ իշխանությունը չի ուզում գործարարներին տեսնել խորհրդարանում: Այդ առիթով մի հարցազրույցում նա ասել էր. «Ես օլիգարխ չեմ: Գործարար, այո, գործարար եմ: Նման խոսակցություններ տեսել եմ թերթերում, չգիտեմ ինչքանով ա դա ճիշտ: Ես իմ փոխարեն կարող եմ ասել, որ ես մեծամասնական պատգամավոր եմ, անկախ պատգամավոր եմ, ինձ ընտրել ա ժողովուրդը, ոչ թե ես ձայներ եմ գնել եւ ես 2012 թ. ընտրություններին նորից առաջադրվելու եմ: Եթե ազգաբնակչությունը կգտնի, որ ես պետք է լինեմ իրենց պատգամավորը, ձայն կտա ինձ, ուրեմն կլինեմ հաջորդ ԱԺ–ում: Եթե չէ, ես որեւէ խնդիր չեմ տեսնում»:
Հակոբ Հակոբյանի քաղաքական գործունեության միակ հիշարժան փաստն այն է, որ 2007-ին, երբ ՕԵԿ-ն ընդդիմություն դարձավ, նա ընտրություններից առաջ այլ ընկերների հետ լքեց ընդդիմադիր դարձած կուսակցությունը, եւ ասում են, որ նաեւ այդ գնով ընտրվեց պատգամավոր:
Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում նրա մրցակիցը մարքսիստ Դավիթ Հակոբյանն էր, ում սատարում էր «Ազգային միաբանություն» կուսակցությունը: Ըստ այդ ժամանակ շրջանառվող խոսակցությունների, մարքսիստը, որի ծննդավայրն է Իջեւանը, ակնհայտ առավելություն ուներ «Պիվի Հակոբի» նկատմամբ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև