Խորհրդային ժամանակներում մարդիկ շատ ավելի ոգեւորված ու անհամբերությամբ էին սպասում Զվարթնոց օդանավակայանի նոր համալիրի բացմանը, որը մի որոշ ժամանակով դառնալու էր Երեւանի խորհրդանիշներից մեկը, քան անդեմ ճարտարապետությամբ ու արտառոց ոչնչով աչքի չընկնող արդեն Զվարտնոտս (Zvartnots) դարձած օդանավակայանի այս նոր շենքին: Մանավանդ, որ այս նոր Զվարտնոտսը ինչ-որ տեղ հիշեցնում է Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանը: Մենք` հայերս, որ շատ հեռացել ենք մեր ինքնությունից ու տգետի մոլեռանդությամբ կապկում ենք օտարների վատ ու միմիայն վատ բարքերը, օդային փոխադրանու ու դրան առնչվող ցանկացած երեւութի հանդեպ օտարից եկող ու անհասկանալի խանդոտ վերաբերմունք ենք դրսեւորում, եւ այս հարցերում միշտ գերազանցում նրանց:
Օդանավակայան հասկացության հետ կապված մեր ունեցած վերաբերմունքի խիստ բացասական դրսեւորումները նոր ձեւով պոռթկացին 1997թ. վերջին, երբ հայ օրենսդրության մեջ այն ժամանակվա ՀՀ Նախագահի (առանց անունների, քանզի նրան հաջորդողնորը անշեղորեն շարունակեցին ու շարունակում են նույն քաղաքականությունը) ստորագրությամբ` ասել է թե` նախաձեռնությամբ, օդանավից օգտվողները սկսեցին ու շարունակում են մինչ օրս էլ վճարել անհասկանալի, անբացատրելի, անհիմն ու ցանկացած առումներով անընդունելի մի տուրք` 10000դրամ: Անգամ եթե այդ գումարը լիներ 1 լումա, միեւնույն է ինքը` գաղափարը, բացարձակապես անընդունելի է: Բայց դե ո՞ւմ ինչ:
Ինչ-որ ժամանակից սկսած, աշխույժ առեւտրի կենտրոնների մոտերքում կանգառ անող ավտոմեքենաներին սկսեցին մոտենալ մուրացիկներ, որոնք վարորդներին «այստեղ ազատ տեղ կա», «ուղիղ դուրս արի», «ղեկը ձախ կամ աջ թեքի» եւ այս կարգի կլանչոցներով իրենց «ծառայություններն» առաջարկելով` մի քանի կոպեկի ողորմություն էին ակնկալում: (Հիմա էլ, մեր օրերում վարորդներից նույն կարգի ողորմություն ակնկալողների կարող ենք տեսնել մարդաշատ կանգառներում, որոնք բարձր-բարձր «էստի համեցեքի» նման կլանչում են այս կամ այն փոխադրանու երթուղին ու խեղճ-խեղճ մոտենում վարորդին): Կամաց-կամաց դա դարձավ յուրօրինակ բիզնեսի ձեւ ու արդեն ճարպիկ մարդիկ սկսեցին տիրույթներ կիսել ու սեփական կլանչողներին կարգել անխուսափելի կանգառներում: Հետո եկան «մերոնք» ու «արտասահմանում այդպես է» կարգախոսի ներքո այս դրամաշորթությունը ստացավ պաշտոնական բնույթ: Անհեթեթությունը հասավ այնտեղ, որ ինչ-որ անհատ ձեռներեցներ, ՍՊԸ-ներ իրենց բացարձակապես չպատկանող, պետական տարածքում` «ի պատժումն» ավտոմեքենան կանգնեցնելու` սկսեցին անգամ ՀԴՄ կտրոններ տալ վարորդներին: Եթե արտասահմանում ժամավճար է սահմանված սահմանափակ ավտոկայանատեղի ունեցող վայրերում նրա համար, որ ավտոմեքենան կանգնեցնողը շատ գումար վճարելու անշահավետությունից դրդված արագ ազատի տեղն ու այդպիսով հնարավորություն տա մյուսներին էլ կանգնելու, ապա մեզանում ո՛չ մեկի ո՛չ մի տեղին էլ չէ մյուսի կանգնելը ու ոչ թե պետությունը գանձում է դրամ սահմանափակ տեղերում ուրիշներին էլ կայանելու հնարավորություն տալու համար, այլ պետության արտոնությամբ շորթվում է դրամ պարզապես «տոռմուզ» տալու համար: Իսկ օդանավակայանո՞ւմ: Այստեղ ոչ միայն «տոռմուզ» տալը, այլեւ փռշտալը փող արժե, ու այն էլ շատ թանկ: Կարո՞ղ է արդյոք որեւէ մեկը ողջամիտ կերպով հիմնավորել, թե ինչո՞ւ է փող գանձվում օդանավակայանի տարածք մուտք գործող ավտոմեքենաներից: Ու ընդհանրապես, ինչի՞ համար են օդանավակայանները. ուղեւորներին ու նրանց ճանապարհող-դիմավորողներին ծառայելո՞ւ, թե հավեսով նրանց թալանելու համար: 10 կամ 15 րոպեի շեմը օդանավակայան մուտք գործող ավտոմեքենայի համար ոչինչ է, ու օդանավակայանի հին համալիր մուտք գործած մեքենան յուրաքանչյուր անավարտ ժամի դիմաց պիտի վճարի 400 դրամ, իսկ արդեն նորի, ի դեպ, լրիվ դատարկ տարածք` 500 դրամ: Իսկ ինչո՞ւ ոչ 1000 կամ 1500: Ո՞վ է ընդվզելու: Համարձակություն ունենանք ու ինքներս մեզ անկեղծորեն հարցնենք. եթե ոչ մի բան չվճարվի, ի՞նչ կլինի: Արդյո՞ք այնքան մեքենա կկուտակվի օդանավակայանում, որ տեղ ու դադար չի լինի, հը՞: Երեւանից ու մնացած բնակավայրերից ավտոմեքենաները կհավաքվեն Զվարտնոտսում ու վարորդները թողնելով իրենց մեքենաներն այնտեղ` կգնան իրենց ժամանցի՞ն, հա՞: Ոչ, պարզապես որոշ մարդիկ կզրկվեն անհիմն ու շատ հարստացումից: Իսկ քանի որ փող շորթելու լծակ ունեն, անհոգ կերպով օգտվում են փողի այդօրինակ աղբյուրից: Եւ քանի դեռ օդանավից օգտվելը մեզանում անհասկանալիորեն ընկալվում է «էնքան փող ունես, որ ինքնթիռով տեղ ես գնում, հա՞, յա, բա մենք»-ի տեսանկյունից ապա եզի մեջքին նստած ու վարատեղում վար անող ճանճի հոգեբանությամբ օդի 10000 դրամ տուրք գանձողը, ավտոմեքենաներից փող պոկողը, տաքսի ծառայությունը, սուրճ, թեյ, ծամոն վաճառողը, ամեն գնով ջանալու է իր ձրի փայը թռցնել օդանավակայան-ուղեւոր, ճանապարհող, դիմավորող շփումներից: Հակառակ դեպքում, ի հավելումն այս ամենի, ինչպե՞ս բացատրենք այն, որ իրարից շատ հեռու կետեր միմյանց միացնող երթուղայինների ուղեվարձը 100 դրամ է, իսկ օդանավակայան հասնելը` 200 դրամ: Ինչո՞ւ է, որ տաքսի ծառայությունների սակագինը բոլոր բնակավայրերի համար գրեթե նույնն է, իսկ օդանավակայանինը` լրիվ ուրիշ ու թանկ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ նույն տաքսիով Երեւանից Փարաքար կամ Մուսալեռ գնալիս տաքսու հաշվիչը միանում է 500 կամ 600 դրամից, իսկ օդանավակայան գնալիս 1500, 2000, 2500 դրամից: Ինչո՞ւ: Այդ ի՞նչ ագահ զգացողություններ է առաջացնում օդանավակայան հասկացությունը շատ ոմանց մեջ: Ու հենց ա՛յ այդ ագահության երեսից, Զվարտնոտսի նոր համալիրի բացումով, ուղեւորների հետ տուժեցին հիմա էլ նաեւ տաքսի ծառայությունները: Ագահություն, միայն ագահություն, փող պոկել, ու միայն փող պոկել: Բացարձակապես թքած ունենալով ուղեւորի վրա, միայն ինչ-որ արտոնյալ տաքսի ծառայություններ իրավունք ունեն կանգնելու օդանավակայանի կանգառում: Որ իրենց ուզած ու Հայաստանի Հանրապետության ոչ մի այլ վայրում երթեւեկելու համար գոյություն չունեցող սակագներով քշեն: Էս սարն իմն է, էս ծառն իմն է: Ի՞նչ օրենք, ի՞նչ տրամաբանություն: «Լավ ենք անում» սկզբունքն է: Ու ոչ մի պատճառաբանում չի կարող արդարացի ու հիմնավոր լինել:
Բա հնոտի բեռնասայլակները, դրանց վճարովի լինելը… մուրացկանության մեկ այլ դրսեւորում: Նման դեպքերում դրսի անվճար տարբերակը հեչ ձեռնտու չէ:
Օդաչուի բարդ ու գեղեցիկ մասնագիտությունը, օդանավը, նրա սպասարկումը ոչ մի կապ չունեն գետնի վրա` օդանավի հետ ոչ մի կերպ չառնչվող, բայց եզի մեջքին նստած ու վարատեղում վար անող ճանճի հոգեբանությամբ առաջնորդվողների ու «շուստրի» ձեւով իրենց փայը փախցնել փորձողների հետ: Մեզանում այսպես է. եթե դու այնքան կաս, որ քեզ թույլ ես տալիս ինքնաթիռ նստել, օդանավակայան գնալ, ուրեմն իմացիր, որ դա թանկ հաճույք է, եւ ուրեմն բարի եղիր այդ հաճույքիդ համար լավ վճարել, ուրեմն իմացիր, որ պիտի թանկով տաքսի նստես (այլընտրանքային փոխադրանի կարելի է ասել չկա), եթե սուրճ ու թեյ, ապա թանկով պիտի խմես, եթե քո ավտոյով ես գալիս, էլի պիտի վճարես, ուղեբեռդ կարող է բացեն, ուրեմն թանկով փաթեթավորի եւ այլն եւ այլն: Դու պարտք ես բոլոր նրանց, ովքեր չեն թռչում, եւ ուրեմն` վճարի՛ր:
Երբ պետության կյանքում կարեւոր, նշանակալից իրադարձություն է տեղի ունենում, սովորաբար համաներում է հայտարարվում, բանտերից անգամ հանցագործներ են ազատություն ստանում, առանց դատ ու դատաստանի, առանց զղջման, առանց ներողություն խնդրելու, շատերին մեծահոգաբար շնորհվում է ազատությունը, երբեմն նաեւ անարժաններին: Մեր պետության կյանքում Զվարտնոտս օդանավակայանի նոր համալիրի բացումը կարծես թե նշանակալից իրադարձություն է: Եւ, ուրեմն, արդյո՞ք արժանի չենք մենք, օդանավակայանի նոր համալիրը, որ ամնիստիա հայտարարվի ու վերացվի տխրահռչակ օդի փող կոչված 10000 դրամ պետական տուրքը, արդյո՞ք արժանի չենք մենք, օդանավակայանի նոր համալիրը, որ ամնիստիա հայտարարվի ու վերացվի օդանավակայան գալու համար ավտոմեքենաներից շորթվող գումարները, արդյո՞ք արժանի չենք մենք, օդանավակայանի նոր համալիրը, որ ամնիստիա հայտարարվի ու թույլատրվի պետական հավաստագիր ունեցող բոլոր տաքսի ծառայություններին սպասարկել օդանավակայանի տարածքում, արդյո՞ք արժանի չենք մենք, օդանավակայանի նոր համալիրը, որ ամնիստիա հայտարարվի ու օդանավակայանն իր ծառայություններով չտարբերվի հասարակական կյանքի մնացած օբյեկտներից, արդյո՞ք արժանի չենք մենք, օդանավակայանի նոր համալիրը, որ Զվարտնոտսի փոխարեն տեսնենք ԶՎԱՐԹՆՈՑ անունը:
Բանը որ անում ենք, մինչեւ վերջ լավ անենք, ոչ թե կաթ տվող կովի պես տված կաթը վերջում թափենք:
Նման բարքերով օդանավակայան` ո՛չ հին, ո՛չ նոր, չեմ ուզում:
Արտաւազդ Մոսինեան