Քեննի Իսթրդեյը` Վիրջինիա նահանգից, ծնվել է ոսկրային հազվագյուտ հիվանդությամբ, որը նրան չի թողնում նորմալ զարգանալ: Երբ նա վեց ամսական էր, բժիշկներն անդամահատեցին ոտքերը, իսկ ազդրոսկրն օգտագործեցին մասնակիորեն ձեւավորված ողնաշարին «ավարտուն» տեսք տալու համար: Բայց դրանից հետո էլ բժիշկները պնդում էին, որ տղան մինչեւ 21 տարեկան չի ձգի:
Սակայն հակառակ բժիշկների եւ հարազատների մտավախությունների, Քեննին արդեն 35 տարեկան է եւ ապրում է այնպիսի լիարժեք կյանքով, որ առողջներն էլ կնախանձեին: Ավելին, ոտքերի բացակայությունը նրան ամենեւին էլ չի խանգարում աշխատել, հաճախել լողավազան, բոուլինգ խաղալ, անգամ` սեր անել 33-ամյա հարսնացուի` Նիկիի հետ:
Բժիշկները ժամանակին Քեննիին խորհուրդ են տվել կանգնել պրոթեզների վրա: Սակայն նա կտրականապես մերժել է` հրաժարվելով իրեն համարել հաշմանդամ: Հոր օգնությամբ նա սովորել է քայլել ձեռքերով, սիրում է նաեւ սքեյդբորդը, բիլիարդը եւ ձգումներ ու մարմնամարզական զանազան հնարքներ է կատարում կախված դրությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ