Իսկ աստղագուշակությունը միարժեքորեն հերքելը բերում է մարդկանց կողմից գիտության նկատմամբ թերահավատության:
Աստղագուշակներն արդեն քաղաքական կանխատեսումներ են անում եւ հատկապես Ամանորին ակտիվանում են: Արդյո՞ք մոլորակների, աստղերի դիրքը կապ ունի սպասվելիք կամ կատարվող իրադարձությունների հետ, այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու համար «Առավոտը» զրուցեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող եւ գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանի հետ:
Պատասխանելով հարցին՝ Ա. Միքայելյանը նշեց. «Իրոք, աստղագուշակներն ամեն կերպ փորձում են հասարակության մեջ երեւալ եւ գրավել մարդկանց ուշադրությունը, եւ պատահական չէ, որ այդ նպատակով ամեն անգամ նորանոր մեթոդների են դիմում: Դա առաջին հերթին պայմանավորված է նրանց արտահայտած մտքերի սնանկությամբ, քանի որ միշտ նորանոր հնարքներ են անհրաժեշտ, որպեսզի փորձեն համոզիչ թվալ: Իհարկե, յուրաքանչյուր խելամիտ մարդու համար էլ պարզ է, որ մոլորակների կամ աստղերի դիրքը չի կարող կապ ունենալ երկրի վրա տեղի ունեցող կամ առավել ես՝ սպասվելիք քաղաքական, տնտեսական կամ հասարակական իրադարձությունների հետ: Աստղագուշակությունը կեղծ գիտություն է, այդպես անվանում էին նույնիսկ միջնադարում: Զարմանալի է, որ 21-րդ դարում դեռեւս կան մարդիկ, որ դրան հավատում են: Շատ երկրներում այն ուղղակի արգելված է, քանի որ կարող է նաեւ վտանգավոր հետեւանքներ ունենալ, չխոսելով գուշակություններով մարդկանցից դրամ շորթելու վտանգի մասին»:
Այն հարցին, որ աստղագուշակները մարդկանց կյանքը, վարքը, ճակատագիրը կապում են 12 համաստեղությունների հետ, բայց չէ՞ որ դրանք 12-ը չեն, պրն Միքայելյանը նշեց, որ երկինքը բաժանված է 88 համաստեղությունների, որոնցից 13-ով անցնում է արեգակի թվացյալ ուղին, ինչը պայմանավորված է արեգակի շուրջ երկրի պտույտով: Սակայն քանի որ ամիսների թիվը 12-ն է, հարմար է եղել ձեւականորեն ընդունել կենդանակերպի 12 համաստեղություն, ինչն արդեն իսկ վկայում է դրա պայմանականության մասին. «Նախկինում համաստեղությունները նույնացրել են աստղերի փոխադարձ դասավորվածությամբ պայմանավորված երեւակայական պատկերների հետ, իսկ ճիշտ ձեւակերպմամբ՝ դրանք երկնքի տիրույթներ են, ոչ թե պատկերներ: Կենդանակերպի համաստեղություններն իրարից մինչեւ 3 անգամ տարբերվում են չափերով, այսինքն՝ իրականում արեգակը նրանցով անցնում է տարբեր ժամանակահատվածներում (15-45 օր), այլ ոչ թե մեկական ամսում: Սա նույնպես ապացուցում է, որ ստեղծված բոլոր հորոսկոպները կեղծ են: Վերջապես, համաստեղության պատկերն իրականում գոյություն չունի, այն պարզապես պրոյեկցիա է, իսկ այդ աստղերը գտնվում են իրարից մեծ հեռավորությունների վրա եւ իրար հետ ոչ մի կապ չունեն: Երկրի վրա աստղերի ազդեցության աստիճանը հասկանալու համար հիշեցնեմ, որ ամենամոտ աստղը երկրից 270 հազար անգամ ավելի հեռու է, քան արեգակը, իսկ համաստեղությունների պատկերները կազմող աստղերը միջինում երկրից միլիոնավոր եւ տասնյակ միլիոնավոր անգամ ավելի հեռու են: Չմոռանանք, որ բոլոր տեսակի ազդեցությունները (թե գրավիտացիոն, թե ճառագայթման եւ թե այլ) տարածության հետ թուլանում են քառակուսային օրենքով, այսինքն՝ հեռավոր աստղերի ազդեցությունը մեր վրա գործնականում բացակայում է: Այլ բան է արեգակի, լուսնի եւ մոլորակների ազդեցությունը, սակայն ոչ թե իրադարձությունների կամ ճակատագրերի, այլ կենդանի օրգանիզմների, այդ թվում՝ մարդու, վրա: Մարդու առողջությունը եւ ինքնազգացողությունը զգալիորեն կախված է նաեւ դրանց դիրքերից: Սա լուրջ ուսումնասիրության առարկա է, որտեղ անհրաժեշտ է աստղագետների, կենսաբանների, բժիշկների համագործակցություն: Որոշ երկրներում կան լուրջ աստղաբաններ (ի տարբերություն մեր աստղագուշակների), ովքեր զբաղվում են այդ հարցերով»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե Ռուսաստանում աստղագետները ակտիվ պայքար են սկսել աստղագուշակների դեմ. ինչու դուք էլ՝ իբրեւ Հայաստանի աստղագիտական ընկերության նախագահ, նույն կերպ չեք վարվում, պրն Միքայելյանը ասաց. «Այո, Ռուսաստանում աստղագուշակության նկատմամբ վերաբերմունքն այդպիսին է: Պայքար ասելով նկատի ունենք հրապարակումներ, դասախոսություններ եւ այլ տեսակի քարոզչական աշխատանք: Ըստ էության, այս հարցազրույցն էլ դրա նման մի բան է: Վերջին տարվա ընթացքում եղել են եւս մի քանի հարցազրույցներ, մասնակցել եմ հեռուստատեսային հաղորդումների, անցկացրել ենք աստղագուշակությանը նվիրված գիտական լրագրության սեմինար: Փաստորեն, մենք էլ ենք այդ առումով պայքարում, գուցե ոչ այդքան ակտիվորեն, ինչպես Ռուսաստանում»:
Մեր զրուցակիցը նաեւ նշեց մեկ այլ վտանգի մասին, այսինքն՝ թե ինչի կարող է բերել նմանատիպ պայքարը: Ըստ նրա, մարդկանցից շատերն անվերապահորեն հավատում կամ ուզում են հավատալ հորոսկոպներին եւ իրենց վերաբերող գուշակություններին՝ ոմանք ելնելով սնահավատությունից, ոմանք՝ հոգեբանական վիճակից, ոմանք էլ՝ գուցե, պարզ հետաքրքրասիրությունից: «Զարմանալի է, բայց զգացել եմ, որ աստղագուշակությունը միարժեքորեն հերքելը երբեմն բերում է մարդկանց կողմից գիտության նկատմամբ թերահավատության, իբր գիտնականներն ինչ-որ բան թաքցնում են կամ իրենց սահմանած խիստ օրենքներից չեն ուզում դուրս գալ, առավել եւս՝ մարդկանց «զրկում են» հորոսկոպների գրավչությունից: Այդ պատճառով ես կողմնակից չեմ առանց բացատրությունների աստղագուշակության հերքման, այլ ավելի տրամադրված եմ մարդկանց հասկացնել, որ դա պարզապես զվարճալիք է, եւ պետք չէ դրան լուրջ վերաբերվել, առավել եւս՝ կարեւոր որոշումներ կառուցել այդ կեղծ գիտելիքների վրա»,- հավելեց Ա. Միքայելյանը:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ