Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիկ Դարչինյանը միշտ էլ խնդիրներ է ունեցել «խաղացող» մրցակիցների հետ

Դեկտեմբեր 22,2011 13:54

Իր սանի մենամարտերի մասին խոսելով՝ ասում է նրա անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը

Վերջին չստացված մենամարտից հետո Վախթանգ Դարչինյանը մոտ մեկ շաբաթով եկել էր Հայաստան: Անտրամադիր էր ու հասկանալի պատճառներով այս անգամ չհանդիպեց ոչ լրագրողների, ոչ էլ իր երկրպագուների հետ, որոնք շարունակում են սիրել անվանի բռնցքամարտիկին: Մի քանի օր առաջ Վիկը մեկնեց Ավստրալիա, ու մեր ունեցած տեղեկություններով՝ կարճ ժամանակ անց կպարզվի, թե հետագայում ինչ է նախատեսել անել: Սակայն «Առավոտը» փորձեց որոշ մանրամասներ ճշտել նրա անձնական մարզիչ Վազգեն Բադալյանից: «Այս անգամ մենք էլ չհանդիպեցինք: Բայց հեռախոսով զրուցել ենք,- ասաց մարզիչը:- Կարծես, ընդունում էր, որ մարտին սխալ է նախապատրաստվել: Իր այս անգամվա թիմի հետ միասին մտածել է, թե արագ հաղթանակի կհասնի՝ հույսը դնելով ուժեղ հարվածի վրա: Բայց այս անգամ նրան ոչ ոք չէր հիշեցրել, որ իր պրոբլեմը միշտ էլ եղել են, այսպես կոչված, ռինգում «խաղացող» մրցակիցները, որոնց, որպես կանոն, պարտվել է: Հենց դա հիշեցնելու նպատակով ես մարտից մոտ հինգ օր առաջ զանգահարեցի Վախթանգին, ասացի, որ մրցակիցը հաստատ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել է նրա մարտաոճը ու հակախաղի ռազմավարություն մշակել: Ես խորհուրդ տվեցի Մորենոյի հետ մարտում փոխել տակտիկան: Այսինքն՝ աշխատել կրկնակի գրոհներով. մոտենալ աջ ձեռքի կեղծ հարվածներ ցուցադրելով, այդպես ստիպել նրան բացվել եւ այդ ժամանակ հասցնել նախասիրած գետնին տապալող հարվածները: Բայց ինքներդ էլ տեսաք, որ այդպիսի բան չեղավ: Վիկը գրոհում էր միապաղաղ, ամեն ինչ բացահայտ ցուցադրելով: Դե, մրցակիցն էլ վարպետորեն փակելով հարվածները եւ ոտքերի վրա լավ «պարելով»՝ իրեն անհրաժեշտ միավորները վաստակեց ու հաղթանակի հասավ, փաստորեն, առանց շատ թե քիչ տպավորիչ հարվածների»:

– Վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներ, ասես, մեկը մյուսին լրացնելով, գրում են, որ Վախթանգը որոշել է ավարտել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան եւ ուժերը փորձել առանց կանոնների մարտերում՝ MMA-ում:

– Իմ ականջին էլ նման լուրեր հասել են, բայց ինքն ինձ այդ մասին ոչինչ չի ասել:

– Իսկ դա հավանական համարո՞ւմ եք:

– Ոչինչ չգիտեմ ու ոչինչ ասել չեմ կարող: Ես միանշանակ դեմ եմ դրան: Բայց նա հասուն մարդ է՝ արդեն 36 տարեկան ու ինքնուրույն է որոշումներ  կայացնում: Եթե նրան այդպիսի խորհուրդներ տվողներ եղել են՝ պրոումոթեր, մարզիչ կամ ընկերներ, հնարավոր է՝ պատճառը գումարները լինեն: Իսկ ես երբեք նրա ֆինանսական խնդիրներին չեմ խառնվել: Բայց ես, միեւնույն է, կտրականապես դեմ եմ: Աստված տա, որ այս հարցում ու այս անգամ իմ խորհրդին հետեւի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031