Մեծ սպորտ մտնելու եւ իսկական խոշոր մրցումների մասնակցելու համար, պատահում է, որ միայն մարզական վարպետությունը քիչ է: Հաճախ մարզիկի կամ ամբողջ թիմի ճակատագիրը կախված է հովանավորի կամ նախապատրաստության համար անհրաժեշտ միջոցների առկայությունից: Եվ եթե դրանք չկան, շատ մարզիկներ դիմում են ոչ ստանդարտ միջոցների:
Երկու տարի առաջ ֆրանսիացի ձողացատկորդ, աշխարհի նախկին փոխչեմպիոն Ռոման Մեսնիլը հովանավոր գտնելու համար մորեմերկ վազքի ելավ Փարիզի փողոցներում: Մարզաձեւին անհրաժեշտ ամբողջ գույքից նա հետը վերցրել էր միայն ցատկաձողը: Արդյունքը տպավորիչ ստացվեց: Մեսլին հայտնվեց ամբողջ աշխարհի նորությունների թողարկումներում, նկարները հայտնվեցին թերթերում եւ ամսագրերում ու… հովանավորներ անմիջապես գտնվեցին: Իսկ մարզաձեւի սիրահարներին մնաց միայն ափսոսալ, որ, ասենք, ռուս ձողացատկորդուհի Ելենա Իսնբաեւան ֆինանսական խնդիրներ չի ունենում:
Իրենց մարմինը հասարակությանն ի ցույց դնել չեն վախեցել նաեւ լեռնադահուկային սպորտի Իտալիայի ազգային հավաքականի միանգամից երեք անդամներ` Իրեն Չուրտոնին, Ջուլիա Չանտյանջոն եւ Աննա Մարկոնին, որոնք լուսանկարիչ հրավիրելով` ֆոտոսեսիա են անցկացրել ու հնարավոր հովանավորների համար լուսանկարներն ուղարկել երկրում տպագրվող բոլոր ամսագրեր:
Նույն կերպ վարվել է նաեւ հանդբոլի Իսպանիայի առաջին դիվիզիոնի մի ամբողջ թիմ, որը ճգնաժամի պատճառով առանց փողի է մնացել: Հաջորդ մրցաշրջանին մասնակցելու հայտ ներկայացնելու համար նրանց անհրաժեշտ է եղել 300 հազար եվրո: Եվ «Orsan Elda Prestig» ակումբի աղջիկները հենց հանդերձարանում նկարահանվել են մերկ, նկարները տպագրել «Interviu» տաբլոիդում: Արդյունքում` պահանջվող գումարն անմիջապես հավաքվել է:
Եվ վերջում՝ անգլիացի արագավազորդ Ջեյմս Էլինգթոնի մասին: Նա, որ ազգային հավաքականի անդամ է եւ Լոնդոնում կարող է վազել 100, 200 մետր արագավազքերում եւ փոխանցավազքերում, հաշվարկել էր, որ բրիտանական թեթեւաթլետիկական միության հատկացրած գումարը չի բավականացնում, իրեն ինտերետայի աճուրդով վաճառքի էր հանել: Ու պատկերացրեք` «գնորդներ» գտնվել են: Տասն օրվա մեջ 71 հայտ է ստացվել, իսկ մարզիկի գինը պահանջվող 30 հազար ֆունտ ստերլինգից աճել է 32 հազար 550-ի ($ 50 հազար դոլարից ավելի):
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ