Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ապահովել լեփ-լեցուն դահլիճներ

Դեկտեմբեր 22,2011 13:45

Մշակութային օջախների ղեկավարների «դեղատոմսերը»

Մեծագույն արժեք լինելով հանդերձ եւ սեղմ գումար ունենալու պատճառով, մշակույթը մշտապես դատապարտված է փող խնդրելու այս կամ այն կառույցից: Հարցերի հարցը եղել եւ մնում է նաեւ լեփ-լեցուն դահլիճներ ապահովելը: Այդ հարցը մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, օրինակ՝ Հունաստանում, լուծված էր համարվում. ասում են՝ թատրոնները վճարում էին հանդիսատեսին, որպեսզի նա շուրջ 5 ժամ տեւող ներկայացման կեսից չլքեր դահլիճը: 19-րդ դարի վերջին էլ Ռուսաստանում գործում էր օրենք, ըստ որի՝ կարգազանց զինվորականներին «բերման էին ենթարկում» Մեծ թատրոնի ներկայացումներին… Իսկ թե մերօրյա թատրոնների տնօրենները ինչպես են պատկերացնում հարցի լուծումը, ներկայացնում ենք ստորեւ:

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայան.- Ցանկացած արվեստի գործ պահանջում է համապատասխան հանդիսատես: Վերջինիս պետք է մշակութային մասով կրթել հենց մանուկ հասակից: Թատրոնն էլ պետք է համահունչ քայլի ժամանակի հետ: Հաճախ բողոքում ենք հանդիսատեսի պակասից, իսկ ի՞նչ ենք մատուցում նրան՝ 20 տարվա, մեղմ ասած՝ վաղեմությունը կորցրած պիես: Օրինակ, մեր թատրոնը գովազդի համար «օգտագործում» է նաեւ սոցիալական ցանցերը: Հասկանալի է, որ գովազդը թանկ հաճույք է, բայց ժամանակն էլ իրենն է թալադրում: Ռուսաստանում Վիսոցկու «Շնորհակալություն, որ ողջ եմ» ֆիլմի գովազդային արշավը արժեցել էր 8 մլն դոլար, մինչդեռ նկարահանումների վրա ծախսվել էր 12 մլն: Գրագետ գովազդի հետեւանքով ֆիլմը 40 մլն շահույթ բերեց:

Մայր թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյան.- Հարցը լուծում չի կարող ունենալ պարզ պատճառով. 40 տարի առաջ ունեինք ընդամենը 2 թատրոն: Հիմա Հայաստանում գործում է 16 պետական թատրոն, յուրաքանչյուրն ունի՛ իր հանդիսատեսը: Ինչքա՞ն կարող է հանդիսատեսը՝ թեկուզ եւ մոլի թատերասեր, դիտել նույն ներկայացումը: Խաղացանկային թատրոնների համար բարդ խնդիր է: Կարծում եմ՝ ներկայացումը պետք է խաղալ 10-15 անգամ: Կարճ ասած՝ խաղացանկը պետք է անընդհատ թարմացվի: Կարեւոր գործոն է նաեւ գովազդը, ինչի համար, ուղիղ ասած՝ գումար չկա:

Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյան.- Մեր ժողովուրդը անկախությունը ձեռք բերեց թանկ գնով, որից հետո կարծես հանգստությունը գտավ տուրք տալով ցածրարժեք, դյուրամարս միջոցառումներին: Այսօր մեր TV-ներն էլ են դա պրոպագանդում եւ, չգիտես ինչու, բարձրարվեստ դասական երաժշտություն հեռարձակում են, որպես օրենք, գիշերային ժամերին… Ամեն ինչ իր տեղը կընկնի ճիշտ քաղաքականություն վարելու արդյունքում:

Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյան.- Անհրաժեշտ է նպատակային պետական քարոզչություն: Իմ խորին համոզմամբ՝ պետք է վերացնել անվճար տոմսերի հատկացումը երեխաներին: Վերջիններիս հոգեբանության մեջ դրանով սերմանվում է, թե թատրոն հաճախելը պետք է լինի առանց գումարի: Կարծում եմ, որ գոնե դպրոցահասակը պետք է սիմվոլիկ, օրինակ՝ 50 դրամ վճարի: Հաճախ ականատեսն ենք այն բանի, երբ քաղաքապետարանի կողմից նրանց հատկացված անվճար տոմսերով թատրոն են հաճախում մեծահասակները: Կուզեի, որ նախկին քաղաքապետերի սկսած այս քաղաքականությունը վերանայեր նորընտիր քաղաքապետը:

Մնջախաղի թատրոնի տնօրեն Յուրի Կոստանյան.- Թիրախային գովազդ՝ եւ լեփ-լեցուն դահլիճն ապահովված է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031