Փետրվարի 12-ին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում գյուղապետ են ընտրելու: Թեեւ թեկնածուների առաջադրումը պաշտոնապես դեռ չի սկսվել, սակայն արդեն շրջանառվում է 5 անուն, որոնցից 4-ը ներկայիս եւ նախկին գյուղապետեր են: 5-րդ թեկնածուն լինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Անդրանիկ Վիրաբյանը: Խաշթառակի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրական մրցակցությունը սպասվում է նրա, գործող գյուղապետ Հայկ Քամալյանի եւ նախորդ գյուղապետ Արթուր Վանեսյանի միջեւ: Քամալյանը եւ Վանեսյանը հանրապետական են: Մեր տվյալներով, Տավուշի մարզպետ, հանրապետական Արմեն Ղուլարյանը մտադիր է պաշտպանել Հայկ Քամալյանի թեկնածությունը: ՏԻՄ ընտրություններում Տավուշի մարզպետը սովորաբար պաշտպանում է գործող համայնքապետերին` անկախ համագյուղացիների շրջանում նրանց ունեցած վարկանիշից: Համայնքներում տարբեր ծրագրեր են իրականացվում, դրանց շրջանակներում մարզպետն ու համայնքապետը համագործակցում են, որի ոչ բոլոր դրվագներն են հասու լինում հանրությանը:
Իջեւանի մեր աղբյուրները հայտնում են, որ հանրապետական Քամալյանի դեմ հանրապետական Վանեսյանի առաջադրվելու ցանկությունը հանրապետական մարզպետին մտահոգություն է բերել ու դժվարին վիճակի մեջ դրել: Վանեսյանին փորձել են համոզել, որ նա չառաջադրվի, խոստացել են Իջեւանում աշխատանք տալ, բայց նա չի համաձայնել: Հնարավոր է, որ Խաշթառակում կրկնվի իջեւանյան տարբերակը, երբ հանրապետականը իր անդամներից մեկին (Արծրունի Ղալումյան) համոզեց հրաժարվել ընտրապայքարից, պաշտպանեց այլ հանրապետականի (Վարուժան Ներսիսյան) ու նա պարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամին (Վարդան Ղալումյան):
Իջեւանի ընտրությունից հետո խոսում էին, որ 12 տարի պաշտոնավարող Արմեն Ղուլարյանը, ամենայն հավանականությամբ, պաշտոնանկ կարվի: Նա դեռ պաշտոնավարում է ու պատրաստվում Խաշթառակի ընտրությանը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ