Գործարարները չեն դիմանում մայրաքաղաքում գործող տասնյակ սուպերմարկետներին:
«Մայրաքաղաքում բացվող յուրաքանչյուր սուպերմարկետ մի քանի տասնյակ փոքր եւ միջին բիզնեսմենի ուղղակի ոչնչացնում է: ՀՀ կառավարությունը, որը մշակում է ՓՄՁ-ի զարգացման քաղաքականությունը, երբեք հաշվի չի առնում այս կարեւոր հանգամանքը: Քաղաքակիրթ երկրներում երբեք չես տեսնի այդքան շատ թվով սուպերմարկետներ քաղաքի կենտրոնում, դրա նպատակն էլ հենց այն է, որ փոքր եւ միջին բիզնեսը շնչի: Դրանք, որպես կանոն, գտնվում են քաղաքի ծայրամասերում: Մեզ մոտ միանգամայն հակառակն է, անգամ իրար կողք կողքի են կառուցվում այդ հսկայական սուպերմարկետները, ինչը բիզնեսի տեսանկյունից անթույլատրելի է»,- երեկ այսպիսի դժգոհությամբ «Առավոտին» էր դիմել գործարար Կարեն Հովհաննիսյանը: Նա մոտ 10 տարի առեւտրի ոլորտում է, սակայն որոշել է թողնել տաղավարը: Կ. Հովհաննիսյանի բիզնեսը, որը գտնվում է Կոմիտասի փողոցի վրա, այլեւս չի դիմանում սուպերմարկետների հետ մրցակցությանը. «Առեւտրիս համար վարկ էի վերցրել, այդ վարկը մի կերպ մարեցի ու այլեւս չեմ կարողանում աշխատել, օրերով սպասում ենք, որ մարդ մոտենա մեր տաղավարին՝ գոնե մի 5 հազար դրամի առեւտուր անի: Որոշել եմ Նոր տարուց հետո գործս փակել, այս քանի օրը գոնե մի փոքր շարժ կա»:
Նեղսրտած գործարարն առայժմ չի պատկերացնում, թե ինչով է զբաղվելու, բայց արտերկրում գտնվող հարազատներից հրավեր է ստացել. «Չեմ ուզում գնալ, իմ երկիրը շատ եմ սիրում, ուզում եմ, որ երեխաներս այստեղ մեծանան, այլ ոչ թե դրսում մի քանի սերունդ ունենալուց հետո ձուլվեն օտարներին: Ասում են՝ կյանքը լավացել է, այո, իշխանությունների համար իսկապես լավացել է, թող մի սովորական հարցում անեն հասարակ քաղաքացիների շրջանում: Մարդիկ խեղդված ապրում են, բոլորի մեջ ատելությունն ու զզվանքն է բուն դրել, ինչը շատ վտանգավոր զգացողություն է. եթե, Աստված չանի, պատերազմ լինի, ապա այդ մարդկանցից որեւէ մեկը նույն ջանասիրությամբ, ինչպես որ Արցախի պատերազմի տարիներին էր, զենք չի վերցնի հայրենիքը պաշտպանելու համար, այլ պարզապես կլքի երկիրը: Մարդիկ կորցրել են հավատը վաղվա օրվա նկատմամբ, եւ ոչ մի երաշխիք չկա, որ պատերազմում հաղթելուց հետո ապրելու են ազատ, ժողովրդավար ու օրենքի երկրում: Իմ անձնական փորձով կարող եմ ասել՝ շատերը երկրից հեռանում են իրավական անարդարությունների պատճառով»:
Նկատենք, որ Կարեն Հովհաննիսյանի մատնանշած խնդիրը ունեն նաեւ շատ ՓՄՁ ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ