Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հասկացա, թե ինչու են հայ մտավորականները պասիվ

Դեկտեմբեր 22,2011 13:12

Նրանք վախենում են չհասկացված լինելուց

Մտավորական Մերուժան Տեր-Գուլանյանը հասկացել է, թե ինչու հայ մտավորականները ակտիվություն չեն ցուցաբերում հասարակական ակցիաներին: Նա կարծում է, որ դրա պատճառն է այն է, որ նրանք վախենում են սխալ հասկացվել. «Մի օր ես ուզեցի տնից դուրս գալ եւ գնալ իմ հին կարոտների ճանապարհով, այն երկիրը, որ ես սիրում եմ, եւ պարզվեց, որ ինչ-որ պատվեր եմ կատարել»: Խոսքը մի քանի օր առաջ նրա՝ Քաջարան գյուղ կատարած այցելության մասին է, որից հետո բնապահպան ակտիվիստները եւ լրատվական միջոցները նրան պարզապես քարկոծեցին: Ըստ նրա՝ մեր մտավորականները իրենց հոգու խորքում այդպիսինը չեն, ուղղակի վախենում են այսօրվա ընդդիմությունից. «Պերճ Զեյթունցյանը, Սոս Սարգսյանը, Տիգրան Մանսուրյանը եթե գնային, քանի որ անտարբեր մարդիկ չեն, հաջորդ օրը նրանց մասին էլ այսպես կխոսեին, թե իշխանությունների պատվերն են կատարել»:

Մեր այն հարցին՝ ի վերջո ի՞նչը եղավ պատճառ, որ բնապահպանները դեմ դուրս եկան իրեն, նրանք անգամ ասուլիսի ժամանակ պնդում էին, որ պարոն Տեր-Գուլանյանը նկարահանում էր այն տեսարանները, որոնք ի շահ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի էին, նա պատասխանեց. «Ես նկարահանում չեմ արել, օպերատորն էր նկարում: Նա եկել էր, որ եթե հանկարծ հեռուստատարբերակ լինի, այդ կադրերն օգտագործեինք: Ես երիտասարդ բնապահպաններիվ շատ սիրում եմ, սակայն բնությունը պահպանել՝ չի նշանակում դուրս գալ պետության դեմ: Ինչո՞ւ է իրենց թվում, որ ես չեմ ուզում բնությունը պահպանվի: Բնապահպանները թող իրենց հայտարարություններում ազնիվ լինեն: Չի բացառվում, որ Քաջարան գյուղի իրարանցման մեջ կա մարդկային գործոն՝ կոմբինատի եւ գյուղապետի հարաբերությունները»: Բնապահպաններից մեկը նրանից անգամ կարծիք է հարցրել եւ դա նկարահանել. «Ես ասացի, որ կառավարությունը հապշտապ որոշում է կայացրել: Ես հորդորում եմ կառավարությանը, որ վերանայի իր այս տարվա ապրիլի 28-ի 627Ն որոշումը: Այս որոշման մեջ պետք է գոնե ավելացվի 2 կետ՝ որոշումը կայացնելուց առաջ հարցը պետք է դրվեր հասարակական քննարկման, որից հետո, եթե ընդունվեր, հատկապես տեղի բնակիչների կողմից, գյուղի բնակչությանը պետք է առաջարկվեր փոխհատուցում: Սրանք չի արել կառավարությունը, գյուղացին էլ խորապես արդար է, որ վիրավորվել է: Որոշման մեջ չկա գյուղը տեղափոխելու խնդիր, դա կարող է ստեղծված իրավիճակի հետեւանք լինել»: Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե ինչո՞ւ է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պնդում, որ Քաջարանում իր հետ կոպիտ են խոսել, պարոն Տեր-Գուլանյանը պատասխանեց. «Տիկին Զարուհու հետ եղել է 2-3 րոպեանոց զրույց, գյուղի մուտքի մոտ: Ոչ ոք իրեն ոչ նեղացրել է, ոչ էլ ահաբեկել է, կոպիտ ասած՝ նա է ասել, որ իշխանություններին կվերացնի: Ես կանանց հետ չեմ բանավիճում, եթե նույնիսկ ԱԺ պատգամավոր է: Ես կնամեծար եմ»:

Մ. Տեր-Գուլանյանի խոսքերով՝ տարիներ առաջ, երբ դեռ Խորհրդային Միությունն էր, Զանգեզուրի խնդիրը «Գարուն» ամսագրի, որի գլխավոր խմբագիրն էր նա, ուշադրության կետրոնում էր. «Զանգեզուրի բնապահպանական խնդրի շուրջ, ինչպես նաեւ պոչամբարների առթիվ «Գարուն» ամսագիրը բազմաթիվ անգամ ահազանգել է: Խնդրում եմ հիշեք, որ դա խորհրդային շրջանում էր, երբ ամեն ինչ չէ, որ թույլատրվում էր գրել. բացի «Գարունից» ոչ ոք չէր գրում դա: Մի քանի անգամ ես եմ գրել: Հոդվածներիցս մեկը կոչվում էր «Տիեզերական սարդոստայն»: Դա ամբողջ Հայաստանի բնապահպանական խնդրի շուրջ էր, այդ թվում՝ նաեւ Զանգեզուրի: Նույնիսկ այսպիսի ձեւակերպում էի արել պոչամբարների մասին, որ տագնապով մտածում եմ՝ մի օր կարող է այդտեղ երկաթե ձկներ աճեն: Այդ խնդիրների շուրջ «Գարուն»-ում գրեցին Վազգեն Սարգսյանը, Մարգո Ղուկասյանը: Անուններ եմ տալիս, որոնք հրաշալի գրիչ ունեն: Սիրտս ցավում էր, որովհետեւ այդ խնդրի մեջ մենք բոլորս ամագ ունեինք: «Գարունի» այդքան դիմադրությունից հետո հանքերի ծավալումը կանգ առավ: Մարգո Ղուկասյանը տարիքն առած տիկին է, բնականաբար, նա չէր կարող գնալ, մնացել էի ես, Վազգեն Սարգսյանը չկա այլեւս: Ես որոշեցի գնալ եւ տեղում տեսնել այն, ինչ գրում են, իմանալ՝ այդպե՞ս է, թե՞ ոչ: Ես ուզում էի իմանալ՝ գյուղը տեղահանո՞ւմ են, թե՞ ոչ: Վերջին հաշվով, երբ գյուղը տեղահանում ես, սոսկ տներ չես տեղահանում, այլ ծննդավայր, հայրենազրկում ես մարդուն»: Նա այնտեղ գյուղապետարանի շենքի առջեւ հավաքված մոտ 30 տարեց մարդկանց հետ է խոսել. «Փնտրեցի գյուղապետին, տեղում չէր: Գյուղապետարանի քարտուղարն էր: Հարցրել եմ՝ տեղահանո՞ւմ են արդյոք իրենց, պատասխանեցին՝ ոչ: Ես էլ հարցրի, թե ինչի համար է այսքան կռիվը: Մարդիկ ասացին, որ գյուղի կողքի սարը կառավարությունը տվել է կոմբինատին, որը այս հանքերը շահագործելու է բաց եղանակով: Քամու դեպքում փոշին գալու է գյուղ: Նրանք ասում էին, որ եթե այսօր 50 հա են տվել, ապա վաղը 100-ը կտան, որովհետեւ մոլիբդենը իրենց գյուղի տակ է: Մի տարեց մարդ փայտը խփում էր գետնին եւ ասում, որ այդտեղ է մոլիբդենը: Ուստի այդ ամենից հետո գյուղացիները ստիպված կլինեն ինքնակամ լքել գյուղը: Մարդիկ, ում հետ ես զրուցել եմ, հիմնականում վիրավորվել էին հատկապես նրանից, որ կառավարության որոշումը կայացնելուց առաջ որեւէ մեկը իրենց հետ այդ խնդիրը չի քննարկել: Ամեն պետություն էլ ունի գերակա շահ, ամենամեծ գերակա շահը ցանկացած երկրի համար իր ժողովրդի շահն է: Ես հարցրել եմ, թե վերջին հաշվով եթե, ասենք, իսկապես գյուղն ուզում են տեղահանել, իրենք ի՞նչ են ուզում այդ դեպքում: Նրանք ասացին, որ պետք է նախ՝ իրենց ապահովեն բնակարաններով, իրենց ծառերի եւ ունեցվածքի համար համապատասխան փոխհատուցում տան, տեղափոխեն իրենց գյուղում եղած 12-րդ դարի եկեղեցին, գերեզմանը եւ Հայրենական պատերազմի հուշարձանը: Իմ տպավորությամբ՝ իրենք շատ բան չեն ուզում»:

Ըստ Մ. Տեր-Գուլանյանի՝ երբ ինքը հարցրել է գյուղապետարանի ներկայացուցչին, թե գյուղի բնակչությունն ինչքան է, նա պատասխանել է, որ գյուղում գրանցված է 130 անձ. «Նա ասաց, որ 50-60 մարդ է ապրում այնտեղ ձմռանը, բայց ամռանը շատ են»:

ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031