Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատազրկում եւ 45 հազար եվրոյի չափով տուգանք

Դեկտեմբեր 22,2011 13:07

Բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանությունը

Այսօր առավոտյան Ֆրանսիայի Սենատում կքննարկվի Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտնի բանաձեւը: Թե ինչ որոշում կկայացվի՝ դեռ անհայտ է, սակայն արդեն Թուրքիայի ներկայացուցիչները այսօր որոշել են հանրահավաքներ եւ բողոքի ակցիաներ անցկացնել Սենատի մոտ եւ շենքում: Ի տարբերություն թուրքերի՝ հայ համայնքը ակցիաներ չի կազմակերպել՝ սպասելով իր երկրի օրենսդիրների որոշմանը: Թուրքիան նաեւ սպառնալիքներ է հնչեցնում, թե կսառեցնի Ֆրանսիայի հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները, եւ եթե ընդունվի Հայոց ցեղասպանության հերքումն օրինականացնող օրինագիծը, եւ նախագիծը օրենքի ուժ ստանա, Թուրքիան անմիջապես ետ է կանչելու իր դեսպանին, ըստ պաշտոնական տեղեկությունների՝ համապատասխան հրահանգներ ստանալու համար: Եթե ընդունվի Ցեղասպանությունը ժխտողներին օրենքի խստությամբ պատժելու օրինագիծը, ապա Ցեղասպանությունը ժխտողների համար սահմանվում է մեկ տարի ազատազրկում եւ 45 հազար եվրոյի չափով տուգանք: Մինչեւ երեկ երեկոյան Ֆրանսիայի կառավարությունը իր երկրի խորհրդարանին չէր հորդորել կասեցնել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը հայտնել էր հետեւյալը. «Ֆրանսիայի կառավարությունը՝ գործադիր իշխանությունը, իր լիագումար նիստի ընթացքում քննարկեց հարցը, կարող էր խորհրդարան հղվելուց առաջ պահանջել խորհրդարանից, որ խորհրդարանը ետ կանչի, դուրս բերի իր օրակարգից այս օրինագծի քննարկումը՝ պատճառաբանելով, որ ֆրանս-թուրքական հարաբերությունները կարող են իրապես խախտումներ եւ վերիվայրումներ արձանագրել, հետեւաբար՝ պետք չէ, բայց այդպես չեղավ: Բարեբախտաբար, [կառավարությունը] մնաց իր բարձրության վրա եւ կանաչ լույս տվեց Ֆրանսիայի խորհրդարանին՝ Ազգային ժողովին, որ հինգշաբթի օրը այս հարցը պահի օրակարգի վրա, քննարկի եւ դնի քվեարկության»:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Առավոտի» հետ զրույցում ներկայացնելով մեր երկրի սպասելիքները այսօր կայանալիք քվեարկությունից՝ ասաց. «Հայոց ցեղասպանությունը ժխտողներին դատապարտելու մասին օրինագծի ընդունումը Ֆրանսիայի Սենատում եզակի կարեւորություն ունի Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում, քանի որ նախ եւ առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջն ինքնանպատակ չէ: Այդ գործընթացը նպատակաուղղված է ազգային անվտանգության ամրապնդմանը, համամարդկային արժեքների պահպանմանը եւ ապագայում նման ոճրագործությունների կանխարգելմանը»:

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության նախատեսումը ոճրի զսպման եւ ապագայում կրկնության կանխարգելման կարեւորագույն մեխանիզմ կարող է հանդիսանալ. «Ֆրանսիայի պառլամենտում ներկայացված օրինագիծը վերաբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլեւ Ֆրանսիայի կողմից ճանաչված բոլոր ցեղասպանություններին: Եվ սրանով հնարավոր է նախադրյալներ ստեղծել բոլոր ցեղասպանությունների՝ այդ թվում նաեւ հայոց, որպես միեւնույն կատեգորիայի հանցագործության նույնականացնելու եւ դրա կանխարգելման դեմ պայքարը միջազգայնացնելու համար»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը երեկ մեզ հետ զրույցում նկատեց, որ հենց այն հանգամանքը, որ թուրքերն այս օրինագծի հետ կապված այսքան անհանգստացած են, եւս մեկ վկայություն է, որ. «Սա կարեւոր քայլ է Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ի վերջո՝ հատուցման ուղղությամբ տարվող գործընթացներում: Վերջիվերջո Ֆրանսիան Եվրոպայի մեջ չափանիշ թելադրող երկիր է, եւ Ֆրանսիայում նման օրինագծի ընդունումը կարող է մեծ ազդեցություն ունենալ նաեւ այլ երկրների համար: Սա մեկ այլ կարեւոր խնդիր եւս լուծում է. Եվրոպայի ամենաեվրոպական երկրում օրենքը շատ խստորեն սահմանում է, որ Ցեղասպանության հարցը չի կարող վիճարկման թեմա լինել, եւ դրա համար նաեւ կոնկրետ պատիժներ են սահմանվում օրենքով: Այլեւս մի կողմ են դրվում այն անհեթեթ պնդումները, թե անիվը պետք է ետ պտտվի, սկսվեն ինչ-որ պատմաբանների ուսումնասիրություններ: Եթե օրինագիծն ընդունվի, կընդունվի բացարձակ ճշմարտությունը, անվիճելի ճշմարտությունը: Սա ոչ միայն մեզ՝ հայերիս է անհրաժեշտ, այլեւ շատ ավելի դրական ազդեցություն կթողնի առաջին հերթին թուրք հասարակության վրա, որի ներսում արդեն տեսանելի են որոշ տեղաշարժեր, փոքր, բայց արդեն կան»:

Մեր զրուցակիցը համոզված է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունվելիք այս օրինագիծը կարելի է մեկ քայլ առաջ համարել Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Ըստ պարոն Շահբազյանի՝ թուրքերի բողոքները եւ սպառնալիքները՝ խզել Ֆրանսիայի հետ հարաբերությունները, միայն մեկ բան են նշանակելու. «Սա նշանակում է նաեւ թուրքական բարձրագույն իշխանությունների դիվանագիտական գործողությունների ձախողում, որը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին նշանակություն կունենա՝ անշուշտ, հաշվի առնելով, որ հարցի հետապնդումն առաջ է գնում, եւ սա է, որ նրանց անհանգստացնում է: Իսկ թուրքական սպառնալիքներից Ֆրանսիան վախենալու բան չունի, քանի որ դա կնշանակի, որ Թուրքիան կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է. իհարկե, եվրոպական քաղաքականությունը միայն Ֆրանսիայով պայմանավորված չէ, բայց մեծապես պայմանավորված է Ֆրանսիայով»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031