Խոսքը ԸՕ փոփոխությունների շուրջ համագործակցության մասին է
Երեկ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ չբացառեց ՀԱԿ-ի հետ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու նպատակով Ընտրական օրենսգրքում փոփոխությունների միասնական պլատֆորմ ձեւավորելու առաջարկին ընդառաջելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ՀԱԿ-ի անունից պատրաստակամություն էր հայտնել շահագրգիռ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ ձեւավորել եւ դա օրենսդրական նախաձեռնության տեսքով ներկայացնել խորհրդարանի քննարկմանը՝ այդ համատեքստում մատնանշելով մասնավորապես «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին:
«Ժառանգության» ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանն էլ երեկ նախ՝ հիշեցրեց, որ երբ ԱԺ-ում ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցություններն ԸՕ-ում, ներառյալ ՀԱԿ-ի առաջարկած փոփոխություններ պարունակող, օրենսդրական մի քանի նախաձեռնություններով հանդես եկան, ՀԱԿ-ը դա համարեց «իշխանությունների հանցանքը պարտակել», բայց, այդուհանդերձ, պատգամավորը նաեւ հավելեց. «Չեմ կարծում, որ մենք ընդդիմադիր դաշտում լինելով՝ կարող ենք մեզ շռայլություն թույլ տալ, որ որեւէ պահի ընդդիմադիր որեւէ հատվածից այդ ուղղությամբ դրական քայլ կատարելու դեպքում այդ մեկնած ձեռքը օդում թողնենք: Կարծում եմ՝ դա (ՀԱԿ-ի առաջարկը) կարելի է քննարկել: Սա իմ անձնական տեսակետն է, որովհետեւ կուսակցությունում այդ հարցը չի քննարկվել: Եթե իսկապես մենք տեսնենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները եւս համաձայն են «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի՝ արդեն արված համատեղ այդ առաջարկներին միանալ, ապա այդ համատեքստում ՀԱԿ-ի հետ համագործակցության որեւէ խնդիր չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
Երեկ «Առավոտի» հետ զրույցում նախկինում «Ժառանգության» ներկայացուցիչ, իսկ այսօր ՀԱԿ-ին մաս կազմող «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Զոյա Թադեւոսյանն անդրադառնալով այս երկու ուժերի միջեւ այս կոնկրետ հարցի շուրջ համագործակցության հնարավորությանը՝ ասաց. «Իմ ցանկությունն է, որ այդ համագործակցությունը լինի ցանկացած ուժի հետ՝ նույնիսկ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի: Բոլոր ուժերն էլ, եթե արդար ընտրություններ անցկացնելու մասին իրենց հայտարարությունները զուտ ձեւական բնույթ չեն կրում, պարտավոր են այդ հարցում ավելի լայն դաշտում համագործակցել, որովհետեւ ՀԱԿ-ի առաջարկն ուղղված է արդար ընտրությունների ապահովմանը, եւ ընտրություններում որեւէ այլ ձեւաչափով մասնակցության խնդիր չի հետապնդում»: ԿԸՀ-ում նախկինում «Ժառանգության» ներկայացուցիչ Թադեւոսյանն արձանագրեց, թե՝ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները միշտ եւ շատ են հակված ընտրակեղծիքներին, իսկ միասնաբար այդ կեղծիքը հնարավոր է կանխել: «Ավելին, նոր ընդունված ԸՕ-ն ստեղծել է ընտրություններն աննկատ կեղծելու մեխանիզմներ, իսկ այդ կեղծիքները փաստող հանձնաժողովի անդամներ այդ օրենսգրքով այլեւս չկան: Նրանք բոլորն էլ հիմա միաձայն հաստատելու են կեղծված արձանագրություններն ու ազդարարեն արդար ընտրություններ անցկացված լինելու մասին: Հիմա բոլորն են ասում, որ ուզում են արդար ընտրություններ. եթե այդպես է՝ դե, եկեք համագործակցելու»,- նկատեց նա:
Մենք տիկին Թադեւոսյանին հիշեցրինք, որ «Ժառանգության» ու ՀՅԴ-ի ասածն էլ հենց այն է, որ մեկ տարի առաջ ՀԱԿ-ն ինքը այդ գործընթացին ոչ միայն չաջակցեց, այլեւ առանձին հայտարարությամբ (https://www.anc.am/am/news/449/) հանդես եկավ, որտեղ նաեւ ասվում էր, թե «Հայ ազգային կոնգրեսը եւ ցանկացած այլ քաղաքական ուժ, մտնելով այս քննարկման մեջ, ակամա մասնակից կդառնա վարչախմբի գործած՝ ընտրական կեղծիքների ու բռնության միջոցով իշխանության յուրացման ծանրագույն հանցանքը պարտակելուն»: «Բանն այն է, որ այն ժամանակ ՀԱԿ-ի քաղաքական պայքարի ուղղությունն էր այլ. իշխանափոխությունն էր: Քանի որ մենք չենք ընդունում այս իշխանություններին՝ որպես օրինական, գնահատականն էլ տրված էր այդ տեսանկյունից: Իսկ այսօր քանի որ մեծ հաշվով իշխանափոխություն տեղի չունեցավ, եթե գնում ենք ընտրությունների՝ արտահերթ կամ հերթական, արդեն ամեն դեպքում ԸՕ-ն բարեփոխելու խնդիր է առաջանում՝ առավել եւս, որ այդ փոփոխությունները հետագայում էլ արդար ընտրությունների համար հենք են ապահովելու»,- հակադարձեց Թադեւոսյանը: Հարցին, թե արդյոք երկու ուժերի՝ «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի, այսպես ասած՝ ոչ բարիդրացիական հարաբերությունները թույլ կտա՞ն նրանց համագործակցության ձեռք մեկնել իրար, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ներկայացուցիչն ասաց. «Ես ուզում եմ, որ թույլ տան, որովհետեւ եթե կա ազգային շահ եւ պետության կայացման խնդիր, իսկ դա անպայմանորեն նաեւ արդար եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է, ապա կարծում եմ՝ որեւէ մեկը եթե իրեն թույլ տա իր քինախնդրությունն ու նեղ կուսակցական շահն առաջ մղել, ուրեմն՝ դա կլինի քաղաքական գործչին ոչ վայել վարք: Նման մարդիկ չեն կարող քաղաքական գործիչներ կոչվել»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ