Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միայն թե ցանկություն լինի

Դեկտեմբեր 22,2011 12:49

Երբ բերում ես Վրաստանի օրինակը՝ որպես մի շարք ոլորտներում դրական փոփոխությունների հնարավորություն, իշխանավորները սովորաբար առարկում են. «Դե, Արեւմուտքը նրանց փող է տալիս, իսկ մեզ չի տալիս»: Դա ճշմարտության կեսն է: Արեւմուտքը ցանկանում է, որ հետխորհրդային բոլոր երկրները լինեն կայուն եւ կանխատեսելի՝ հենց դրան է ուղղված ԵՄ-ի արեւելյան գործընկերության ծրագիրը: Նրանք, ովքեր ասում են, թե Եվրոպան չի ուզում, որ մենք տնտեսապես զարգանանք, որպեսզի զարգացած երկրներին մրցակցություն չկազմենք, այդ մարդիկ տառապում են ոչնչով չհիմնավորված մեծամտությամբ. մրցելու կամ գոնե համեմատվելու համար մենք, մեղմ ասած, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Ո՞ր համակարգերն են ապահովում վերոհիշյալ կայունությունը: Իհարկե, նախեւառաջ մաքսային, հարկային, ոստիկանական, մի խոսքով՝ իրավապահ: Եթե Արեւմուտքը տեսնում է, որ տվյալ երկրի իշխանությունը իսկապես անկեղծորեն ցանկանում է բարեփոխել այդ համակարգերը (իսկ այդ անկեղծությունը գնահատող փորձագետները ամենեւին էլ հիմար չեն), եւ եթե տեսնում է նաեւ, որ այդ երկրում կան բավականաչափ գրագետ իշխանավորներ, որոնք պատրաստ են կազմել եւ իրականացնել այդ բարեփոխումների ծրագիրը, ապա, վստահ եմ՝ դրա համար գումարներ գտնելը տեխնիկական խնդիր է:

Ավելորդ տեղ չծախսելու համար ես կխնդրեի բոլոր այն մաքսավորներին, պատգամավորներին եւ կառավարության պատասխանատուներին, ովքեր տառաճանաչ են, կարդալ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի հոդվածը, որը կոչվում է «Վրաստանը ծառայում է իր քաղաքացիներին», այն դրված է լրատվամիջոցի կայքում: Հրապարակումը նվիրված է նրան, թե ինչպես են վրացի մաքսավորները ձեւակերպում եւ մաքսազերծում ավտոմեքենաները: Կարդալուց հետո պաշտոնյաներից ոչ մեկը այլեւս չի ասի, որ այս ոլորտում մեզ մոտ ստեղծված իրավիճակն ունի օբյեկտիվ հիմքեր: Ի դեպ, չեմ ընդունում նաեւ այն «քաղաքագիտական» բացատրությունը, թե մենք կախված ենք Ռուսաստանից եւ այդ պատճառով ոչ մի քայլ չենք կարող անել բարեփոխվելու ուղղությամբ: Չեմ կարծում, թե Ռուսաստանը մեզնից պահանջում է, որ մեզ մոտ ամենուրեք տիրեն կամայականությունն ու կոռուպցիան: Նրանք, ովքեր այդ կոռուպցիայից չեն օգտվում, թող նստեն իրենց ծառայողական մեքենան եւ քշեն Թբիլիսի՝ իմանալու համար, թե ինչ օրենքներ են ընդունել եւ ինչպիսի մեխանիզմներ են ներդրել մեր հարեւանները՝ Դավիթի հոդվածում նկարագրված վիճակին հասնելու համար:

Բնականաբար, անկեղծ ցանկության եւ գրագետ ծրագրերի պակասը զգացվում է ոչ միայն իրավապահ ոլորտում: Վերցնենք թեկուզ Սանահինի կործանվող վանքը: Ձեւականորեն դրանով պետք է զբաղվի սեփականատերը՝ Մայր աթոռը, բայց վերջինիս համար ավելի հոգեհարազատ գործ է օր առաջ Երեւանում կաթողիկոսի նստավայր կառուցելը: Հետեւաբար, Սանահինի ճակատագրով պետք է զբաղվի պետությունը: Ինչպես հայտնի է, աշխարհում կա մի ազգ, որը չափազանց նախանձախնդիր է ոչ միայն իր, այլեւ համաշխարհային մշակույթի հարցերում. այդ ազգը ճապոնացիներն են: Թերեւս կարելի է նրանց խնդրել, որ գան եւ մեր Սանահինի ծառերը կտրեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031