Տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան 17:00-ի մոտ Մարալիկի մատույցներում շրջվել է Գյումրիից- Երևան մեկնող միկրոավտոբուսը, վարորդն ու ուղեւորները վիրավոր են, տեղափոխվել են հիվանդանոց, տեղափոխվածներից 74-ամյա Շուշանիկ Սուվարյանը մահացել է:
Երեւան-Գյումրի երթուղին սպասարկում են «Տիգրան» եւ «Տրանս ակնթարթ» ընկերությունները: Մեր աղբյուրների վկայությամբ, այս ընկերությունների իրական սեփականատերը պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է: Հավանաբար սրանով է պայմանավորված, որ պատասխանատուները շտապում են խուսափել պատասխանատվությունից, մի մասը հայտարարում է, որ վթարի վայրում ճանապարհը պատված է եղել մերկասառոււյցով, մյուսները, թե մեքենան սարքին չի եղել:
Ամենայն հավանականությամբ, մեկ մարդու մահվան եւ մի քանի մարդու վիրավորվելու պատճառ դարձած իրականությունն այս երկուսի համադրումն է. ճանապարհը մաքուր ու անվտանգ չի եղել ու անսարք մեքենան վթարվել է:
Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, այսօր նույն վայրում մառախուղ է եւ ցածր տեսանելիություն: Մառախուղ է նաեւ Գյումրի-Սպիտակ, Աշտարակ-Ապարան, Աբովյան-Չարենցավան, Եղեգնաձոր-Վայք հատվածներում, քամի Մարտունի-Գավառ եւ Բերդ-Ճամբարակ հատվածներում: Մերկասառույց ոչ մի տեղ չկա:
Կարդացեք նաև
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ