Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Սասունյան. «Եթե իսկապես հավատում է խոսքի ազատության, ապա օրենքը պետք է բոլորին հավասար վերաբերվի»

Դեկտեմբեր 22,2011 10:16

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը «Լոս Անջելես Թայմս» թերթում հրապարակված «Ֆրանսիայում քննարկվում է Հայոց ցեղասպանության օրինագիծը» խորագրով խմբագրականը պարզաբանելու նպատակով հեռախոսով հարցազրույց է անցկացրել «Կալիֆորնիա կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հետ:

Հարութ Սասունյանը նշել է, որ նման հոդված հրապարակելը «կոպիտ սխալ է «Լոս Անջելես Թայմս»-ի կողմից», քանի որ Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի շուրջ քվեարկություն նախատեսվում է անցկացնել Ֆրանսիայում, և այս օրենքի նախագիծը պետք է քննարկվի՝ ելնելով այդ երկրի համատեքստից և առկա օրինական դաշտից:

«Ես, լինելով հայ, անձամբ չէի ցանկանա, որ նման օրենք ընդունվի Միացյալ Նահանգներում, քանի որ խոսքի ազատությունն այս երկրում գրեթե բացարձակ իրավունք է», – նշել է Սասունյանը. – «Նույնիսկ Հոլոքոստի փաստի հերքումն ԱՄՆ-ում արգելված չէ»:

Հարցազրույցի ընթացքում Հարութ Սասունյանը նշել է, որ խոսքի ազատությունը յուրովի է դիտվում ԱՄՆ-ից դուրս. օրինակ՝ Ֆրանսիայում Հոլոքոստի փաստի հերքումն արգելված է, և կան նաև բազմաթիվ այլ՝ հակակրոնական կամ ռասայական խտրականությանը վերաբերող արգելքներ:

Անդրադառնալով խոսքի ազատությունն ապահովող միջազգային օրենսդրությանը, մասնավորապես՝ «Լոս Անջելես Թայմս»-ում հիշատակված «Մարդու իրավունքների համընդհանուր կոնվենցիա»-ի հոդված 19-ին, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության զրուցակիցը նշել է, որ նման դրույթի առկայությունն այնուամենայնիվ չի արգելել Թուրքիայում տխրահռչակ «301-րդ հոդված»-ի ուժի մեջ լինելուն:

«Կալիֆորնիա կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիրը հարցազրույցի ընթացքում բարձրացրել է նաև այն հարցը, թե ինչու 15 երկրում Հոլոքոստի հերքումը քրեական հանցագործություն է, իսկ Հայոց ցեղասպանության հերքումը քրեական հանցագործություն չի համարվում՝ հիշեցնելով, որ շատերը, ելնելով խոսքի ազատությունը պաշտպանելու նկատառումներից, նախկինում դատապարտել են Հայոց ցեղասպանության հերքումը դատապարտող Ֆրանսիայի օրինագիծը:

«Այս մարդկանց թվում էր նաև Հրանտ Դինքը», – հիշել է զրուցակիցը, – «որն ասել էր, թե Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենք ընդունել դեպքում նա առաջինը կմեկնի այդ երկիր և կհերքի ցեղասպանությունը»:

«Հրանտ Դինքն ինձ զանգել էր և մեծ ափսոսանք հայտնել իր կողմից նման արտահայտություն թույլ տալու կապակցությամբ», – հիշում է հեղինակը: «Ես Հրանտին ասեցի. «Հրանտ ջան, մեծ տարբերություն կա Ֆրանսիայի և Թուրքիայի օրենքների միջև: Թուրքիայում քեզ կբանտարկեն, եթե ասես ճշմարտությունը, իսկ Ֆրանսիայում քեզ կբանտարկեն սուտ խոսելու համար», – ասել է Հարութ Սասունյանը՝ շարունակելով. «15 երկրում Հոլոքոստը մերժելու համար պատժում են, այս դեպքում որտե՞ղ է խոսքի ազատությունը: Այս հարցում երկու մոտեցում չի կարող լինել. չի կարելի ասել, որ եթե որևէ մեկը Հոլոքոստը հերքի, նման խոսքերի համար պատժվի, ապա դա խոսքի ազատության խախտում չէ, բայց եթե Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատժվի, դա խոսքի ազատության խախտում է»:

Սասունյանն այնուհետև ասել է, որ իր դիրքը, որպես լրագրողի, հետևյալն է. լրագրողը չի կարող պաշտպանել որևէ մեկի խոսքի ազատության սահմանափակումը, և իր կարծիքը Ֆրանսիայում քննարկվելիք օրենքի շուրջ որպես ազգությամբ հայ ամերիկացի լրագրողի այնն է, որ նման օրենք չպետք է ընդունվի՝ պայմանով սակայն, որ նման օրենք չպետք է լինի նաև Հոլոքոստի պարագայում:

«Հնարավոր չէ ասել՝ Հոլոքոստի դեպքում թող պատժեն, իսկ Հայոց ցեղասպանության դեպքում՝ ոչ: Եթե մեկն իսկապես անկեղծորեն հավատում է խոսքի ազատության, որին ես հավատում եմ, նույնիսկ եթե մեր շահերից չի բխում դա, սակայն պետք է սկզբունքային լինենք, ապա այդ դեպքում օրենքը պետք է բոլորին հավասար վերաբերվի», – «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ավարտին նշել է հարցազրույցի ավարտին շեշտել է  «Կալիֆորնիա կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

Ամերիկայի Ձայն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031