«Չի կարելի ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչինչ չի առաջարկում, ինչպես տարիներ առաջ էին միջնորդներին մեղադրանք ներկայացնում լրագրողները: Համանախագահող երկրները միասնական դիրքերից են հանդես գալիս: ՄԽ-ն կարող է օգնել կողմերին մոտեցնել դիրքորոշումները, բայց չի կարող կողմերի փոխարեն որոշումներ կայացնել: Այժմ հարմար պահ է բարենպաստ մթնոլորտ ստեղծել, և դա ոչ միայն նախագահների միջև, կողմերը պետք է հասարակություններին նախապատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,- ՀՀ-ում ֆրանսիական դաեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Բեռնար Ֆասիեն, որ յոթ տարի իրականացրել է համանախագահի իր առաքելությունը:
Նրան այդ պաշտոնում կփոխարինի Ժակ Ֆորը: Բաքվից Երևան ժամանած Բեռնար Ֆասիեն հայտարարեց, որ եկել է հրաժեշտ տալու բազմաթիվ ընկերներին: Առավոտյան նա այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ է դրել և խոնարհվել անմար կրակի առջև այցելել է Մատենադարան, ապա հրաժեշտի ճաշ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Էջմիածին է այցելել և հրաժեշտ տվել Վեհափառին, այս պահին նրան հրաժեշտի ընթրիքի է հրավիրել ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Պարոն Ֆասիեն նշեց, որ միջնորդի գործունեությունը բնավ էլ հեշտ չի եղել: Ի դեպ, նա աշխատել է երկու ռուս, երեք ամերիկացիների հանանախագահների հետ: «Չնայած, որ չենք կարողացել հասնել նրան, ինչին ձգտում էինք, բայց արդեն իսկ մի շարք կարևոր ձեռքբերումներ ունենք»,- ասաց բանախոսը՝ վերհիշելով Մինսկի խմբի ողջ գործունեությունը.«Առաջին անգամ համանախագահող երկրների ղեկավարները միասնական հանդես եկան Ակվիլայում, նրանք միասնական ներկայացրին վեց սկզբունքները, Մոսկակայում կրկնեցին նույն կոնցեպցիան: Այս տարի Դովիլում երեք նախագահները դարձյալ հրապարակեցին ուժեղ և բովանդակային հայտարարություն, որպեսզի առաջընթաց ապահովեն Կազանի հանդիպմանը հուլիսին: Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ: Բայց Մադրիդյան սկզբունքները դեռ բանակցությունների սեղանին են շարունակում մնալ»:
Նա նաեւ ի հեճուկս կազանյան հանդիպումից հետո հնչող հոռտեսների, ովքեր համարում են, որ բանակցային գործընթացը փակուղում է, կարծիք հայտնեց, այնքան էլ այդպես չէ: Իր առաքելությունն ավարտող համանախագահը նաեւ կարեւոր համարեց այն հանգամանքը, որ հենց ՄԽ համանախագահների ջանքերով նոր պատերազմ չբռնկվեց տարածաշրջանում. «Նոր, մեծամաշտաբ պատերազմ չբռնկվեց ոչ միայն կողմերի, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով: Եվ դա շատ կարեւոր է: Այդ առիթով ես ցանկանում եմ կրկնել, որ այս հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, դա անհնար է»: Ի դեպ, պարոն Ֆասիեն նմանօրինակ հայտարարություն արել էր օրերս Փարիզում եւ իր խոսքով, լրագրողների թյուրընկալման կամ մեկնաբանման պատճառով տարատեսակ այլակարծությունների տեղիք տվեց իր հայտարարությունը: «Իրականում ես ասել եմ, որ պատերազմը ոչ մի լավ բան չի կարող բերել: Դա նոր արյունահեղություն է, նոր փախստականներ…Նույնիսկ Ադրբեջանի համար»,- բերելով երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր երկրի եւ Գերմանիայի միջեւ առաջացած տարածքային վեճի օրինակը, նա փաստեց, որ թեպետ Ֆրանսիան ետ գրավեց իր օկուպացված տարածքները, բայց այսօր, տարիների հեռվից, ակնհայտ է, որ այն գինը՝ մարդկային զոհերը, որոնք վճարվեց այդ տարածքների համար, շատ ավելի թանկ արժեին. «Պատերազմը խելամիտ որոշում չէր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև