Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Գյումրի-Երևան մայրուղու վրա շրջվել էր մարդատար միկրոավտոբուս:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է Aravot.am-ին, որ վթարի հետևանքով վարորդը և յոթ ուղևորները, այդ թվում՝ մեկ երեխա, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել ճանապարհային ոստիկանները, քաղաքացիներն ու շտապ օգնության աշխատակիցները։ «Գազել»-ը վթարից հետո երկու–երեք անգամ շրջվել է։ Արդեն ժամանել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժանմունքի քննիչները։ Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Թալինից դեպի նշված հատվածը ողջ ճանապարհը մերկասառույց է, իսկ քաղաքացիները բողոքում են, որ «Ճանշին»–ը մատը մատին չի խփել, ոչ մի աշխատանք չի արվել։
Կարդացեք նաև
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրեց, որ հիվանդանոց տեղափոխվածներից 74-ամյա Շուշանիկ Սուվարյանը մահացել է, իսկ վիրավորներն են 27-ամյա Վարուժան Բիշարյանը, 51-ամյա Անահիտ Աբրահամյանը, 33-ամյա Արմինե Ստեփանյանը, 44-ամյա Կարինե Բեռնեցյանը, 50-ամյա Խաչատուր Աբրահամյանը, 24-ամյա Համիկ Աբրահամյանը, 7-ամյա Մանե Խաչատրյանը, 30-ամյա Քրիստինե Սուքիասյանը և Գայանե Ավագյանը, ով հիշողության կորստի պատճառով տվյալներ չի կարողանում հայտնել՝ այս պահին գտնվում են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
«Գազել»–ը վարել է Երևանի Ներքին Շենգավիթ 11 փողոցի բնակիչ 51-ամյա Գագիկ Նիկոլյանը, որն աշխատում է Բագրատունյաց 47/8 հասցեում գործող «Տիգրան» ՍՊԸ–ում՝ որպես վարորդ։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ