Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառակերության մեջ մեղադրվող բժշկուհին ստախոս հանեց թե՛ իր ամուսնուն և թե՛ տուժողներին

Դեկտեմբեր 21,2011 20:23

Այսօր Գյումրիում շարունակվեց «Էնրիկո Մատտեի» անվան պոլիկլինիկայի ձերբակալված տնօրեն, ճանաչված անոթաբան Տաթևիկ Փանոսյանի գործով դատավարությունը: Ցուցմունք տալու հերթը հասավ այս տիկնոջը, որը հայտարարեց, թե իրեն ներկայացված մեղադրանքները անհիմն են ու աբսուրդ:

Հիշեցնենք, որ երիտասարդ բժշկուհին  մեղադրվում է բուժքույրերից մեկից կաշառք վերցնելու, յուրացումներ կատարելու, ջեռուցման համար աշխատակիցներից գումարներ գանձելու, սոցվճարներից չարամտորեն խուսափելու, կեղծ հաստիքներ պահելու մեջ: Դատը սկսվելուն պես Տաթևիկ Փանոսյանն անդրադարձավ իր կողմից «լեվի» հաստիքներ պահելուն:

Նա  ցուցմունք տվեց իր նախկին ամուսնու` մասնագիտությամբ դարձյալ անոթաբան Արթուր Հարությունյանի դեմ` պնդելով, որ վերջինս  երեկ դատարանում սուտ խոսեց,  իրականում եղել է իր աշխատակիցը: Երեկ Արթուր Հարությունյանը հայտարարեց, որ ինքը նախկին կնոջ ենթակայության տակ չի աշխատել, պոլիկլինիկայում աշխատասենյակ չի ունեցել և աշխատավարձ չի ստացել: «Ես իրեն աշխատանքի վերցրեցի 0,25 դրույքով, ինքը սկզբում պոլիկլինիկայում աշխատում էր օրվա 2-րդ կեսին, բայց քանի որ հիվանդների մեծ մասը վիրաբուժական միջամտության ենթակա էին, ես համաձայնեցի, որ նա  ստուգումների անցկացնի զինվորական հոսպիտալի իր կաբինետում, որն ավելի հարմարավետ էր: Իմ մոտ կային այլ բժիշկներ ևս, որոնք համատեղում էին, ու հիվանդներին իրենց մյուս հիմնարկներն էին կանչում»,-ասաց բժշկուհին` պնդելով, որ իր նախկին ամուսինը նաև աշխատասենյակ է ունեցել, քանի որ ինքն էլ անոթաբան է, տնօրեն  դառնալուն պես երկու սենյակ է ունեցել պոլիկլինիկայում, ու մեկը հատկացրել է  նրան:

Տաթևիկ Փանոսյանը նաև ասաց, որ Արթուր Հարությունյանը աշխատավարձ է  ստացել պոլիկլինիկայից: «Այստեղ մի նուրբ խնդիր կա, լինելով նրա նախկին  կինը, ես չեմ ուզել նրան ճնշել, իմ տնօրինության տակ պահել: Ինքն ինձ ասաց` ես զահլա չունեմ աշխատավարձ ստանալու, դու ստացիր, տուր, ես էլ այդպես արի, բայց մի անգամ ինքը եկավ ու ստացավ», -ներկայացրեց բժշկուհին:

Իսկ ինչպե՞ս էին յոլա գնում անոթաբանները, որոնք ընտանեկան կոնֆլիկտ ունեին 2009-2010 թվականներին: «Եթե բժիշկ ես, քեզ հարգող մարդ ես, ո՞նց կարող է անձնական խնդիրները ազդել գործի վրա», -ասաց նա: Այնուհետ, ըստ բժշկուհու, զգալով, որ իր նախկին ամուսնու հետ համատեղ աշխատանքը ևս դժվար է ստացվում, ազատվել է  նրանից: Կա  կրճատման դիմում, որը նախկին ամուսինը  գրել է իր ձեռքով:

Բժշկուհին պնդում էր նաև, որ պահակ ձևակերպված Կարապետ Բադալյանը ևս կեղծ աշխատող չէ, նա անգամ  հասցրել է պլաստիկ քարտով աշխատավարձ ստանալ: Մեղադրյալը ամենաշատ վրդովված էր պոլիկլինիկայի տնտեսագետ Մանվել Հակոբյանի պահվածքից:

Ըստ տիկնոջ, վերջինս դատարանում «մկների ճսթճսթոցներից» խոսելու փոխարեն, ճիշտ կաներ առյուծի մռնչոցից խոսեր. «Թող խոսեր այն ժամանակ, երբ  18 մլն. 800 հազար պարտքը իր  վզին էին  փաթաթում»: Ըստ Տաթևիկ Փանոսյանի, տնտեսագետը լուրջ խախտումներ է թույլ տվել, ընտանեկան բժիշկներին ավելի շատ գումար է  հատկացրել, քան դրա իրավունքը ունեին, և սա բացահայտվել է առողջապահական գործակալությունում: Ձերբակալված տնօրենի ասելով, տնտեսագետը իրեն բոլոր տնօրենների օրոք գլխավոր բժիշկ է զգացել, սակայն ինքը թույլ չի Մանվել Հակոբյանին տեր զգալու ու անօրինականություններ կատարելու:

Անդրադարձ եղավ նաև աշխատակիցներից գումարներ հավաքելուն: Տնօրենը հայտարարեց, որ դա ոչ թե իր գաղափարն է  եղել, այլ բժշկուհի Քյոսաբաբյանինը, քանի որ պոլիկլինիկան նախկին տնօրեններից ժառանգած պարտքեր է  ունեցել, այս բժշկուհին առաջարկել է նախորդների պես վարվել. հարցերը  լուծել գումար հավաքելով:

Բժշկուհին աբսուրդ որակելով մեղադրանքերից շատերը՝ հայտարարեց, որ իր ամենամեծ սխալը եղել է  ենթականերին լիարժեք վստահելը: Նա հրաժարվեց պատասխանել դատախազի ու տուժողների հարցերին` պատճառաբանելով, որ վատառողջ է, հոգնել է. 9 ամիս է` նույն բանն է ասում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031