«Եթե դուք ծանոթ եք վերջերս Վիլնյուսում ընդունած բանաձեւին, ապա կնկատեք, որ վերջին պարբերությունում ասված է, որ երկու կողմերը համաձայնել են, որպեսզի առաջիկայում երկու երկրների նախագահները կարող են նորից հանդիպել»,- պատասխանելով Aravot.am-ի հարցին այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած հրաժեշտի մամուլի ասուլիսում ասաց իր առաքելությունն ավարտած Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն եւ Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Ժան Լեոնետի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 6-ին հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը:
Պատվիրակությունների ղեկավարները նաեւ ափսոսանք էին հայտնել, որ հակամարտության կողմերը չեն կարողացել վճռական քայլեր ձեռնարկել Դովիլում նախագահների հայտարարությունից հետո, եւս մեկ անգամ բացառել են Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական կարգավորման հնարավորությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները շնորհակալություն էին հայտնել համանախագահ երկրների ղեկավարներին եւ պատրաստակամություն հայտնել նորից հանդիպել եւ շարունակել բանակցությունները համանախագահների հովանու ներքո:
«Ես չեմ կարող ձեզ ասել թե ե՞րբ կլինի երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպումը, բայց ես վստահ եմ, որ այն «7 սարերի ետեւում չէ»,- Aravot.am-ի ճշտող հարցին արձագանքեց պարոն Ֆասիեն՝ հավելելով, որ, իր կարծիքով դա ամիսների խնդիր է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ