«2012 թվականը մտնում ենք շատ ծանր բեռով: Մեր արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ սպառնալիքի եզրին է՝ 40 տոկոս եւ մի քիչ էլ ավելի».-այսօր «Կոնգրես» հյուրանոցում կայացած հանդիպման ժամանակ, ամփոփելով քաղաքական տարին, ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը: Նա նախատեսված ժամից մոտ մեկ ժամ ուշ ներկայացավ: Պատգամավորն անցնող տարվա համար արձանագրեց կոռուպցիայի, արտագաղթի աճ, ժողովրդավարության նահանջ:
Ըստ պատգամավորի, մեր առաջին մարտահրավերը ժողովրդավարական ընտրություններ ապահովելն է. «Եթե չունենանք քաղաքական խոհեմություն՝ 2012-ին ամփոփելու արդար ընտրություններ, լուրջ վտանգների կբախվենք»: Բայց, ըստ նրա, քաղաքական շատ կուսակցություններ արդեն սկսել են ընտրական կեղծիքները, ինչպես պատգամավորը բնութագրեց. «Հոգեորսության հասնելու չափ ձայներ կորզելու գործընթացն արդեն սկսվել է»: