Դեկտեմբերի 21-ը Գարեգին Նժդեհի մահվան օրն է։ Այդ օրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «ԵՊՀ երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն Երևանի պետհամալսարանում կազմակերպել էին «Գարեգին Նժդեհի ուսմունքը և հայ երիտասարդությունը» խորագրով ծրագիրը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր խոսքում նշեց, որ Նժդեհին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է տարվա սկզբից, և ամբողջ տարին նվիրված էր մեծ զորավարի 125-ամյակին։ «Նման միջոցառումների նպատակն ուսանողներին ոգեշնչելն է, նրանց շրջանում Նժդեհի ուսմունքը տարածելը, ևս մեկ անգամ մեծ զորավարի և գաղափարախոսի անցած ուղին արժևորելը։ Նժդեհի ուսմունքն ու խոսքերը դասեր են, որոնց պետք է հետևի հայ երիտասարդությունը։ Ժամանակին շատ էին խոսում, թե Հայաստանի հանրապետական կուսակցությունը սեփականաշնորհել է Գարեգին Նժդեհին։ Իրականում Հանրապետական կուսակցության շնորհիվ Նժդեհի ուսմունքին այսօր ծանոթ են ավելի շատ մարդիկ, քան 5 կամ 10 տարի առաջ։ Մենք մեր գործը շարունակելու ենք, և սերունդներին ենք փոխանցելու այն մարդկանց գործը, ովքեր ապրել ու արարել են Հայաստանի ու հայ ժողովրդի համար»,- նշեց Կարեն Ավագյանը։
Ըստ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի, Գարեգին Նժդեհը մեր պատմության այն հզոր անհատականություններից է, ում կյանքը, նպատակներն ու գաղափարները դեռ երկար ուսումնասիրման կարիք ունեն։ «Մեծ զորավարի գաղափարները պետք է ընկալել ողջ էությամբ։ Նժդեհը սովորական մտածող չի եղել, նա սովորական հասարակական-քաղաքական գործիչ կամ զորավար չի չղել։ Նա մեր պատմության այն մեծերից է, ում նկատմամբ ոչ միայն պետք է ունենանք երկյուղածություն, այլև նրա արածին, գաղափարներին պետք է մոտենանք սառը մտածողությամբ և հետազոտողի աչքերով։ Նժդեհը գործել է իր ժամանակի համար, գործել է անվրեպ, հանճարեղ կերպով՝ թողնելով հսկայական մտավոր ժառանգություն, և այդ ժառանգությունն ամեն ձեռք չի, որ պետք է թերթի, ամեն աչք չի, որ պետք է կարդա։ Այդ ժառանգությունը պահանջում է խորիմաստ հայացք և որոշ չափով նաև՝ իմաստություն և շատ գիտելիքներ։ Այդ ժառանգությունն արդիական է, բայց այն արդիականացնողներ են պետք։ Եվ ամեն մարդ չէ, որ դա կարող է անել։ Ոչ խորը, մակերեսային հետազոտություններ մենք ունեցել ենք անցյալում, ունենք այսօր, և ցավոք, կունենանք նաև ապագայում։ Բայց ես կոչ եմ անում մեր երիտասարդությանը՝ մեծերի ժառանգությանը մոտենալ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ։ Այն մարդը, որ կկարողանա ուսումնասիրել ու հասկանալ Նժդեհի ուսմունքը, նա կլինի հարուստ, բազմաբովանդակությամբ լի, հայացքով միտված դեպի ապագան։ Նրա ուսմունքը պետք է ուսումնասիրել և դարձնել գործողության ուղենիշ, որովհետև տեսական ուսումնասիրությունները մնում են միայն տեսություն, իսկ մեր ամենօրյա կյանքում մենք պետք է կարողանանք կենսագործել այն գաղափարները, որ Նժդեհը պատգամել է սերունդներին»,- նշեց Արամ Սիմոնյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն
Կարդացեք նաև